Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 22-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 22. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 146. Դատական նիստի արձանագրման ձեւը
1. Առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական եւ վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաեւ դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման եւ համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման եւ համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:
1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.
2) դատական նիստը սկսելու եւ ավարտելու ժամը.
3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը եւ դատական նիստի քարտուղարի անունը.
4) գործի անվանումը.
5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.
6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները եւ պարտականությունները պարզաբանելու մասին.
7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները եւ նախագահող դատավորի կարգադրությունները.
8) գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները եւ բացատրությունները.
9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.
10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման եւ հետազոտման վերաբերյալ.
11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի եւ խախտողի անձի, ինչպես նաեւ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.
12) առանձին դատական ակտի տեսքով ձեւակերպվող որոշումների բովանդակությունը.
13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարը արձանագրում է բառացիորեն:
Հոդված 148. Արձանագրություն վարելը
1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:
2. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի եւ քարտուղարի ստորագրությամբ:
3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումըկատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:
Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Հոդված 149. Դիտողությունները պարզ գրավոր ձեւով վարվող արձանագրության վերաբերյալ
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը եւ մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում էարձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից։