Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Օրենքի առջեւ հավասարության սկզբունքը
Հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 143-րդ հոդվածում`
1) վերնագիրը եւ 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 143. Մարդու եւ քաղաքացու իրավահավասարությունը խախտելը
1. Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու եւ քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին».
2) 2-րդ մասի «երկուսից հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 146-րդ հոդվածում`
1) «Քաղաքացիների» բառը փոխարինել «Անձի» բառով.
2) հանել «ապօրինի» բառը:
Հոդված 5. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասում «երկուսից վեց» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում «, 205-րդ եւ 206-րդ» բառերը փոխարինել «եւ 205-րդ» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 294-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կամ կալանքով` չորuից վեց ամիu ժամկետով» բառերը փոխարինել «կամ կալանքով` երկուսից երեք ամիu ժամկետով» բառերով.
2) 2-րդ մասի «չորս» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասում «առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա» բառերը փոխարինել «առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 314.1-ին հոդվածում «առավելագույնը հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 315.2-րդ հոդվածը «զրկելով» բառերից հետո լրացնել «, առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ» բառերը:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: