ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակներն են ուսումնական վարկերի պետական օժանդակության համակարգի ստեղծմամբ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը եւ որակյալ կրթություն մատչելիության լրացուցիչ հնարավորությունների ապահովումը:
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի (այսուհետ` ուսումնական վարկ) տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է ուսումնական վարկերի տրամադրման կարգը, ուսումնական վարկերի տրամադրման բնագավառում պետական կառավարման մարմինների, բանկերի եւ վարկային այլ կազմակերպությունների իրավասությունը, վարկառուների իրավունքները եւ պարտականությունները:
Հոդված 2. Ուսումնական վարկերի մասին օրենսդրությունը
1. Ուսումնական վարկերի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությունից, uույն oրենքից եւ այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը`
1) Վարկառու ` բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (այսուհետ` ուսումնական հաստատություն) սովորող եւ բանկի կամ վարկային այլ կազմակերպության (այսուհետ` բանկի) հետ սույն օրենքով սահմանված կարգով ուսումնական վարկի պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ուսանողական նպաստ կամ ուսման վարձի այլ փոխհատուցում չի ստանում.
2) ուսումնառության պայմանագիր ` ուսումնական հաստատության եւ վարկառուի միջեւ կնքված պայմանագիր, որտեղ ամրագրված են վարկառուի սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ ուսումնական հաստատությունում կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների.
3) ուսումնական վարկ ` ուսման ծախսերի հատուցման նպատակով բանկի կողմից հիմնական կամ հարակից ուսումնական վարկի պայմանագրի հիման վրա վարկառուին տրամադրվող դրամական միջոցներ.
4) հիմնական ուսումնական վարկի պայմանագիր ` ուսումնական վարկի պայմանագիր, որով բանկը ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով սովորող վարկառուին դրամական միջոցներ է տրամադրում ուսումնառության պայմանագով սահմանված ուսման վարձի հատուցման նպատակով.
5) հարակից ուսումնական վարկի պայմանագիր ` ուսումնական վարկի պայմանագիր, որով բանկը ուսումնական հաստատությունում վճարովի կամ անվճար հիմունքներով սովորող վարկառուին դրամական միջոցներ է տրամադրում ուսումնառության հետ կապված հարակից` սնվելու, բնակվելու, տրանսպորտի, հագուստի, ուսումնական նյութերի ձեռք բերման եւ այլ ծախսերի հատուցման նպատակով:
ԳԼՈՒԽ 2
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Ուսումնական վարկերի պետական օժանդակության ձեւերը
1. Ուսումնական վարկերի պետական օժանդակությունն իրականացվում է`
1) ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքների կարգավորմամբ.
2) ուսումնական վարկերի պետական երաշխավորության տրամադրմամբ:
2. Հիմնական եւ հարակից ոււսումնական վարկերի պայմանագրերով սանմանվող տոկոսադրույքները չեն կարող գերազանցել այդ պայմանագրերի կնքման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն տոկոսադրույքը:
3. Հիմնական եւ հարակից ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքից հանած երկու տոկոս դրույքաչափը:
4. Բանկը կարող է ուսումնական վարկեր տրամադրել սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված առավելագույն տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներով:
5. ?ւսումնական վարկի պայմանագրով վարկառուի ստանձնած` ուսումնական վարկի պայմանագրով վճարման ենթակա գումարներն ամբողջությամբ մարելու պարտավորությունը գրավով ապահովվելու անհնարինության դեպքում այդ պարտավորությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն ապահովվել պետական երաշխավորությամբ:
6. Պետական երաշխավորությամբ ուսումնական վարկի պայմանագրով նախավճար չի կարող նախատեսվել:
Հոդված 5. Ոսումանական վարկերի առավելագույն չափերը
1. Հիմնական ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկի չափը չի կարող գերազանցել մեկ վարկառուի հաշվով մեկ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված առավելագույն չափը (այսուհետ` հիմնական ուսումնական վարկի առավելագույն չափ):
2. Հարակից ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկի չափը չի կարող գերազանցել մեկ վարկառուի հաշվով մեկ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված առավելագույն չափը (այսուհետ` հարակից ուսումնական վարկի առավելագույն չափ):
Կողմերի համաձայնությամբ հարակից ուսումնական վարկի պայմանագրով կարող են նախատեսվել վարկի չափի փոփոխման (ինեքսավորման) կարգ, ժամկետներ եւ (կամ) այլ պայմաններ:
3. Հիմնական կամ հարակից ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկի առավելագույն չափը գերազանցող ծախսերի հատուցման նպատակով վարկառուն կարող է վարկ ստանալ ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 6. Ուսումնական վարկերի պետական օժանդակության տրամադրման պայմանները
1. Ուսումանական վարկերի պետական օժանդակությունը տրամադրվում է ուսումնական տարվա քննությունների եւ ստուգարքների (ատեստավորման) արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մրցութային կարգով:
2. Ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքների կարգավորմամբ պետական օժանդակությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողներին` ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկառուի պարտավորությունները գրավով ապահովված լինելու դեպքում:
3. Ուսումնական վարկի պետական երաշխավորությունը տրվում է ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքների կարգավորմամբ պետական օժանդակության հետ փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
4. Առաջին կուրսում ուսումնական վարկերի պետական օժանդակությունը տրամադրվում է ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:
5. Հաջորդ կուրսերում ուսումնական վարկերի պետական օժանդակությունը տրվում է նախորդ ուսումնական տարվա քննությունների եւ ստուգարքների (ատեստավորման) արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` մրցութային կարգով:
ԳԼՈՒԽ 3
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 7. Ուսումնական վարկ ստանալու հայտը
1. Ուսումնական վարկ ստանալու համար ուսումնական հաստատությունում սովորողը բանկ է ներկայացնում բանկի կողմից սահմանված ձեւի հայտ, որին կցվում են հետեւյալ փաստաթղթերը`
1) անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը եւ պատճենը.
2) ուսումնառության պայմանագրի բնօրինակը եւ պատճենը` հիմնական ուսումնական վարկի պայմանագրի դեպքում.
3) դիմողի սովորելու (ուսումնական հաստատություն ընդուվելու) փաստը հաստատող տեղեկանք` հարակից ուսումնական վարկի պայմանագրի դեպքում.
4) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ատեստավորում անցնելու մասին ուսումնական հաստատության տեղեկանքը.
5) տեղեկանք բնակության վայրից.
6) աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ պատճենը (առկայության դեպքում).
7) տեղեկանք աշխատավայրից (աշխատելու դեպքում).
8) գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքն հաստատող փաստաթուղթը (ուսումնական վարկը գրավով ապահովվելու դեպքում).
9) բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
2. Հայտը բանկի կողմից քննարկվում է ստանալու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում: Հայտը հիմնավոր ճանաչելու դեպքում բանկը Լիազոր մարմնին է ներկայացնում հայտատուին պետական օժանակությամբ ուսումնական վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին առաջարկություն, ինչպես նաեւ հայտատուի կողմից բանկին ներկայացված փաստաթղթերի եւ բանկային իր գործունեության լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները:
3. Ուսումնական վարկ տրամադրելու վերաբերյալ բանկի առաջարկությունը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում Լիազոր մարմինը մերժում է պետական օժանդակություն տրամադրելուց, եթե`
1) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին.
2) բանկի տրամադրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին:
4. Եթե բանկի առաջարկությունը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում Լիազոր մարմինը տալիս է իր համաձայնությունը ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքների կարգավորմամբ կամ դրա հետ փոխկապակցված` ուսումնական վարկերի պետական երաշխավորության տրամադրմամբ հիմնական եւ (կամ) հարակից ուսումնական վարկ տրամադրելու վերաբերյալ, ապա Լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում բանկը կազմում եւ կնքման համար ներկայացնում է`
1) Լիազոր մարմնին` ուսումնական վարկի տրամադրման պետական օժանդակության պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը.
2) հայտատուին` ուսումնական վարկի տրամադրման պայմանների եւ գրավի (պետական երաշխավորության բացակայության դեպքում) վերաբերյալ պայմանագրի նախագծերը:
Հիմնական եւ հարակից ուսումնական վարկերի, ինչպես նաեւ ուսումնական վարկի տրամադրման պետական օժանդակության պայմանների վերաբերյալ պայմանագրերի օրինակելի ձեւերը սահմանում է Լիազոր մարմինը:
5. Հայտը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում բանկն այն գրությամբ վերադարձնում է հայտատուին` նշելով հայտը մերժելու պատճառները:
6. Հայտը մերժվում է, եթե`
1) դա չի համապատասխանում սահմանված ձեւին.
2) դրանում կամ դրան կից ներկայացված փաստաթղթրում առկա են ոչ հավաստի տվյալներ.
3) վարկի ապահովման միջոցի իրացվելիությունը ցածր է (պետական երաշխավորության բացակայության դեպքում).
4) Լիազոր մարմինը չի տվել պետական օժանդակություն տրամադրելու մասին իր համաձայնությունը.
5) վարկառուի կողմից նախկինում ստացված վարկերի գծով առկա են ժամկետանց պարտքեր (ներառյալ տույժերը):
Հոդված 8. Ուսումնական վարկի պայմանագիրը կնքելու առանձնահատկությունները
1. Հիմնական կամ հարակից ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում վարկառուն իրավունք չունի կնքելու համապատասխանաբար հիմնական կամ հարակից ուսումնական վարկի այլ պայմանագիր:
2. Հիմնական ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում վարկառուն կարող է կնքել նաեւ հարակից ուսումնական վարկի պայմանագիր:
3. Ակադեմիական արձակուրդում կամ ժամկետային զինվորական ծառայությունում գտնվող ուսանողներն իրավունք չունեն կնքելու ուսումնական վարկի պայմանագիր:
Հոդված 9. Ուսումնական վարկերի տրամադրումը
1. Հիմնական եւ հարակից ուսումնական վարկերի պայմանագրերով նախատեսված վարկերը հայտատուին են տրամադրվում բանկի եւ Լիազոր մարմնի միջեւ ուսումնական վարկի տրամադրման պետական օժանդակության պայմանների վերաբերյալ պայմանագիրը կնքելուց, հայտատուի եւ բանկի միջեւ ուսումնական վարկի տրամադրման պայմանների եւ գրավի պայմանագիրը (պետական երաշխավորության բացակայության դեպքում) կնքելուց, նոտարական կարգով վավերացվելուց եւ իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաեւ ուսումնական վարկը գրավով ապահովվելու դեպքում` գրավադրված գույքը սահմանված կարգով ապահովագրելուց հետո:
2. Եթե ուսումնական վարկն ապահովվում է գրավով, ապա գրավի պայմանագրի սահմանված կարգով վավերացման եւ պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հայտատուի հաշվին: Գրավի առարկա կարող է լինել այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել:
3. Հիմնական ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով` պայմանագրով սահմանված ժամկետներում եւ չափերով ուսումնական հաստատության բանկային հաշվին փոխանցելու միջոցով (այսուհետ` հիմնական ուսումնական վարկի գծով վճարներ):
Վարկառուի ուումնական հաստատության բանկային հաշվին միանվագ փոխանցվող գումարը չի կարող գերազանցել ուսումնառության պայմանագրով մեկ ուսումնական տարվա համար նախատեսված ուսման վարձի չափը:
Վարկի տրամադրման օր է համարվում վարկառուի ուսումնական հաստատության հաշվին վարկի միջոցների մուտքագրման օրը:
4. Հարակից ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկը բանկի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով, վարկառուին տրվող ամսական կանխիկ վճարների տեսքով (այսուհետ` հարակից ուսումնական վարկի գծով վճարներ)` պայմանագրով սահմանված ժամկետներում եւ չափերով:
5. Հիմնական ուսումնական վարկի գծով հերթական վճարները բանկի կողմից ուսումնական հաստատության հաշվին փոխանցվում են միայն վարկառուի կողմից համապատասխան ուսումնառության ժամանակահատվածում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ատեստավորում անցնելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքի ներկայացման դեպքում: Ատեստավորումն անցնելու մասին ուսումնական հաստատության տեղեկանքի ձեւը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը, որը կցվում է հիմնական ուսումնական վարկի գծով հերթական վճարը փոխանցելու նպատակով վարկառուի կողմից բանկին ներկայացվող դիմումին:
6. Վարկառուից անկախ պատճառներով բանկի կողմից ուսումնական հաստատության բանկային հաշվին հիմնական ուսումնական վարկի գծով հերթական վճարի չփոխանցելը ուսումնական հաստատության համար չի կարող հիմք հանդիսանալ վարկառուի հետ ուսումնառության պայմանագիրը միակողմանի լուծելու համար:
ԳԼՈՒԽ 4
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 10. Ուսումնական վարկը վերադարձնելը
1. Վարկառուն պարտավոր է բանկին վերադարձնել ստացված ուսումնական վարկի գումարը, դրա տոկոսները եւ վճարել ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները:
2. Ուսումնական վարկի մարման գծով յուրաքանչյուր վճարման ենթակա գումարի մեծությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով ուսումնական վարկի չմարված գումարը, իսկ վճարումը կատարվում է ուսումնական վարկի պայմանագրի անբաժանելի մասը կազմող ժամկետացանկին համապատասխան:
Վարկային պայմանագրով վճարման ենթակա տոկոսների եւ տույժերի գումարները հաշվարկվում են` ելնելով վարկի չմարված գումարի չափից:
3. Ուսումնական վարկի գումարը վերադարձնելը կարող է հետաձգվել ուսումնական վարկի պայմանագրով սահմանված կարգով` ուսումնառության պայմանագրի գործողության ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
4. Ուսումնառության պայմանագրի գործողության ժամկետում ժամկետային զինվորական ծառայության անցած վարկառուի, ինչպես նաեւ բանկի` ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը կասեցվում է եւ վերսկսվում է վարկառուի զորացրվելուց հետո` ուսումը շարունակելու օրվան հաջորդող ամսվանից:
5. Եթե ուսումնական վարկի պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա վարկառուն ուսումնական վարկի գումարի դիմաց տոկոսները վճարում է ուսումնական վարկի գծով առաջին վճարի ամսվան հաջորդող ամսվանից:
6. Վարկառուն իրավունք ունի ուսումնական վարկի պայմանագրով սահմանված ժամկետից շուտ մարելու ուսումնական վարկի ամբողջ գումարը կամ դրա մի մասը:
Հոդված 11. Ուսումնական վարկ տրամադրած բանկի պարտականությունները
1. Ուսումնական վարկ տրամադրած բանկը պարտավոր է`
1) ուսումնական վարկի պայմանագրով սահմանված յուրաքանչյուր վճարի կատարումից հետո ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում Լիազոր մարմնին ներկայացնել համապատասխան վճարը կատարելու փաստը հաստատող փաստաթղթեր.
2) ուսումնական վարկի պայմանագրում փոփոխությունների եւ (կամ) լրացումների կատարումից հետո ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում Լիազոր մարմնին ներկայացնել համապատասխան փոփոխությունների եւ (կամ) լրացումների կատարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները.
3) ուսումնական վարկի պայմանագրի գործողությունը դադարեցվելու օրվանից ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել Լիազոր մարմնին:
2. Վարկառուից անկախ պատճառներով հիմնական ուսումնական վարկի գծով հերթական վճարը սույն օրենքով եւ հիմնական ուսումնական վարկի պայմանագրով սահմանված ժամկետներում բանկի կողմից ուսումնական հասատության բանկային հաշվին չփոխանցելու դեպքում բանկը ուսումնական հաստատությանը վճարում է տուգանք` հիմնական ուսումնական վարկի պայմանագրով սահմանված չափով, բայց ոչ պակաս, քան ուսումնառության պայմանագրով ուսման վարձի վճարումը ուշացնելու դեպքում նախատեսված տուգանքի չափը:
3. Վարկառուից անկախ պատճառներով հարակից ուսումնական վարկի գծով հերթական վճարը սույն օրենքով եւ հարակից ուսումնական վարկի պայմանագրով սահմանված ժամկետներում բանկի կողմից վարկառուին չտրամադրելու դեպքում բանկը վարկառուին վճարում է տուգանք` հարակից ուսումնական վարկի պայմանագրով սահմանված չափով, բայց ոչ պակաս, քան ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարակից ուսումնական վարկի գծով հերթական վճարի մեկ տոկոսի չափով:
Հոդված 12. Ուսումնական վարկի պայմանագրով Լիազոր մարմնի ստանձնած պարտավորությունների կատարումը
1. Լիազոր մարմինը, բանկի կողմից ուսումնական վարկի պայմանագրի պատճեն եւ ուսումնական վարկի գծով առաջին վճարը կատարելու փաստը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից, ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում յուրաքանչյուր եռամսյակի համար բանկին է փոխանցում փոխհատուցման տոկոսավճարներ (այսուհետ` փոխհատուցման տոկոսավճարներ): Եռամսյակի համար փոխհատուցման տոկոսավճարները Լիազոր մարմնի կողմից բանկին փոխանցվում է մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:
2. Լիազոր մարմնի կողմից վճարվող փոխհատուցման տոկոսավճարների տոկոսադրույքը որոշվում է ՓՏ = ԱՏկվ - (ՎՏ+2%) բանաձեւի միջոցով, որտեղ ՓՏ-ն` փոխհատուցման տոկոսավճարների տոկոսադրույքն է, ԱՏկվ-ն` ուսումնական վարկի պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող ուսումնական վարկի առավելագույն տոկոսադրույքն է, իսկ ՎՏ-ն` ուսումնական վարկի պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքն է:
3. Սույն հոդվածի 1-ն եւ 2-րդ մասերին համապատասխան փոխհատուցման տոկոսավճարների գումարը բանկին փոխանցելուց հետո Լիազոր մարմինը 7-օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում բանկին` նշելով ուսումնական վարկի այն պայմանագիրը, որի հիման վրա կատարվել է փոխհատուցման տոկոսավճարների փոխանցումը:
4. Վարկառուի կողմից պետական երաշխավորությամբ ուսումնական վարկի պայամանգրով ստանձնած` վարկի գումարը մարելու եւ դրա դիմաց հաշվարկված տոկոսները վճարելու իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Լիազոր մարմինը վարկառուի ստանձնած պարտավորությունների համար բանկի առջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով եւ ուսումնական պայմանագրով սահմանված կարգով կրում է սուբսիդիար պատասխանատվություն:
5. Լիազոր մարմնի կողմից սուբսիդիար պատասխանատվության շրջանակներում վարկառուի պարտավորությունների դիմաց կատարված վճարները դատական կարգով վարկառուից գանձվելու դեպքում վարկառուն վճարում է նաեւ տուգանք` գանձված գումարի մեկ տոկոսի չափով:
Հոդված 13. Ուսումնական վարկի գծով պետական աջակցության ծախսերի ֆինանսավորումը եւ վերահսկողությունը
1. Սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում Լիազոր մարմնի կողմից փոխհատուցման տոկոսավճարների վճարման եւ սուբսիդիար պատասխանատվության շրջանակներում վարկառուի պարտավորությունների դիմաց կատարված վճարները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հաշվետվություն պետական բյուջեից փոխհատուցման տոկոսավճարների վճարման եւ սուբսիդիար պատասխանատվության շրջանակներում վարկառուի պարտավորությունների դիմաց կատարված վճարների կատարման նպատակով հատկացված միջոցների ծախսման վերաբերյալ:
Հոդված 14. Վարկառուի կողմից ուսումնական վարկի պայմանագրի պայմանների խախտման հետեւանքները
1. Ուսումնական վարկի պայմանագրի ժամկետացանկին համապատասխան վճարումները չկատարելու դեպքում վարկառուն կամ Լիազոր մարմինը` պայմանագրով նախատեսված դեպքերում բանկին վճարում է տուգանք` ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված չափով, որը չի կարող գերազանցել տվյալ ժամկետում վճարման ենթակա գումարի մեկ տոկոսը:
2. Մեկ օրացուցային տարվա ընթացքում կամ իրար հաջորդող երկու անգամ ուսումնական վարկի պայմանագրի ժամկետացանկին համապատասխան վճարումները չկատարելու դեպքում բանկն իրավունք ունի դադարեցնել ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված իր վճարումները եւ միակողմանի կասեցնել կամ լուծել ուսումնական վարկի պայմանագիրը` այդ մասին, մինչեւ պայմանագրի գործողության կասեցման կամ լուծման օրը, 7-օրյա ժամկետում գրավոր տեղյակ պահելով վարկառուին, Լիազոր մարմնին եւ այն ուսումնական հաստատությանը, որի հետ վարկառուն կնքել ուսումնառության պայմանագիր:
Հոդված 15. Ուսումնական վարկի պայմանագրի գործողության դադարեցումը
1. Վարկառուն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն լուծել ուսումնական վարկի պայմանագիրը` այդ մասին առնվազն մեկ ամիս առաջ բանկին եւ Լիազոր մարմնին գրավոր դիմում ներկայացնելու դեպքում:
Ուսումնական վարկի պայմանագիրը միակողմանիորեն լուծելու նախաձեռնության դեպքում վարկառուն պարտավոր է մինչեւ պայմանագրի լուծման օրը բանկ վերադարձնել փաստացի ստացած եւ չվերադարձված ուսւոմնական վարկի գումարը, ինչպես նաեւ դրա դիմաց հաշվարկված եւ չվճարված տոկոսավճարները, եթե ուսումնական վարկի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Բանկի կողմից ուսումնական վարկի պայմանագիրը միակողմանիորեն լուծելու դեպքում բանկն իրավունք ունի վարկառուից պահանջելու վերադարձնել փաստացի ստացած եւ չվերադարձված հարակից ուսումնական վարկի գումարը, ինչպես նաեւ պայմանագրի լուծման օրվա դրությամբ դրա դիմաց հաշվարկված եւ չվճարված տոկոսավճարները, իսկ ուսումնական հաստատությունից` պահանջելու վերադարձնել փաստացի ստացած եւ չվերադարձված հիմնական ուսումնական վարկի գումարը, եթե ուսումնական վարկի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 16. Ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում ուսումնական այլ հասատություն վարկառուի տեղափոխման հետեւանքները
1. Ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում ուսումնական այլ հաստատություն վարկառուի տեղափոխման դեպքում ուսումնական հաստատությունը եւ վարկառուն պարտավոր են տեղափոխման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 7-օրյա ժամկետում գրավոր տեղյակ պահել բանկին:
2. Ուսումնական այլ հաստատություն վարկառուի տեղափոխման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում վարկառուն պարտավոր է բանկին տրամադրել ուսումնական նոր հաստատության հետ կնքված ուսումնառության պայմանագրի մեկ օրինակը եւ բանկի կողմից սահմանված գրավոր դիմում` նշելով ուսումնական նոր հաստատության մասին տվյալները:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի ստացման պահից բանկը պարտավոր է կատարել վարկառուի հետ կնքված ուսումնական վարկի պայմանագրով սահմանված իր պարտավորությունները:
3. Ուսումնական այլ հաստատություն վարկառուի տեղափոխման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում այդ իրավական ակտն ընդունած ուսումնական հաստատությունը պարտավոր է բանկին վերադարձնել փաստացի ստացված հիմնական ուսումնական վարկի գումարի այն մասը, որը նախատեսված է եղել ուսումնական այլ հաստատություն վարկառուի տեղափոխման օրվանից հետո ընկած ժամանակահատվածում վարկառուի ուսման համար:
4. Ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունը կետանցելու դեպքում ուսումնական հաստատությունը բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վերադարձման ենթակա գումարի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 60-օրյա ժամկետի համար:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը գերազանցելու եւ ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում վերադարձման ենթակա ուսումնական վարկի գումարը եւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տույժը կարող է գանձվել դատական կարգով: Այս դեպքում ուսումնական հաստատությունը վճարում է նաեւ տուգանք` վերադարձման ենթակա ուսումնական վարկի գումարի չափով:
6. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված գումարները բանկը պարտավոր է օգտագործել վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսավճարների մարման, իսկ այդպիսին չլինելու դեպքում` ուսումնական վարկի մարման նպատակով:
Հոդված 17. Ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում ուսումնական հասատությունից վարկառուի հեռացման հետեւանքները
1. Ուսումնական վարկի պայմանագրի գործողության ժամանակահատվածում ուսումնական հաստատությունից վարկառուի հեռացման դեպքում ուսումնական հաստատությունը եւ վարկառուն պարտավոր են հեռացման մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 7-օրյա ժամկետում գրավոր տեղյակ պահել բանկին եւ Լիազոր մարմնին:
2. Ուսումնական հաստատությունից վարկառուի հեռացումը հիմք է բանկի կողմից ուսումնական վարկի պայմանագրիրը միակողմանիորեն լուծելու, ուսումնական վարկի տրամադրումը դադարեցնելու եւ փաստացի տրամադրված հիմնական եւ (կամ) հարակից ուսումնական վարկի գումարը, ինչպես նաեւ ուսումնական վարկի վերադարձման օրվա դրությամբ հաշվարկված եւ չվճարված տոկոսավճարները ժամկետից շուտ վերադարձնելու պահանջ ներկայացնելու համար:
3. Ուսումնական հաստատությունից վարկառուի հեռացման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում այդ իրավական ակտն ընդունած ուսումնական հաստատությունը պարտավոր է բանկին վերադարձնել փաստացի ստացված հիմնական ուսումնական վարկի գումարի այն մասը, որը նախատեսված է եղել ուսումնական հաստատությունից վարկառուի հեռացման օրվանից հետո ընկած ժամանակահատվածում վարկառուի ուսման համար:
4. Ուսումնական հաստատությունից վարկառուի հեռացման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 7-օրյա ժամկետում վարկառուն պարտավոր է բանկին վերադարձնել փաստացի ստացված հարակից ուսումնական վարկի գումարի այն մասը, որը նախատեսված է եղել ուսումնական հաստատությունից վարկառուի հեռացման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար` միջին օրական ծախսերի հաշվարկով:
5. Ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունը կետանցելու դեպքում ուսումնական հաստատությունը բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վերադարձման ենթակա գումարի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 60-օրյա ժամկետի համար: Այդ ժամկետը գերազանցելու եւ ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում վերադարձման ենթակա ուսումնական վարկի գումարը եւ սույն մասով նախատեսված տույժը կարող է գանձվել դատական կարգով, իսկ ուսումնական հաստատությունը վճարում է նաեւ տուգանք` վերադարձման ենթակա ուսումնական վարկի գումարի չափով:
Սույն մասով նախատեսված գումարները բանկը պարտավոր է օգտագործել վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսավճարների մարման, իսկ այդպիսին չլինելու դեպքում` ուսումնական վարկի մարման նպատակով:
6. Վարկառուի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունը կետանցելու դեպքում վարկառուն բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վերադարձման ենթակա գումարի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 60-օրյա ժամկետի համար: Այդ ժամկետը գերազանցելու եւ վարկառուի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում վերադարձման ենթակա հարակից ուսումնական վարկի գումարը եւ սույն մասով նախատեսված տույժը կարող է գանձվել դատական կարգով, եթե հարակից ուսումնական վարկի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ԳԼՈՒԽ 5
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. Ուսումնական վարկավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Ուսումնական վարկավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) կարգավորում է ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքները.
2) սահմանում է հիմնական եւ հարակից ուսումնական վարկերի պայմանագրով նախատեսվող վարկերի առավելագույն չափերը.
3) սահմանում է ուսումնական տարվա քննությունների եւ ստուգարքների (ատեստավորման) արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ուսումնական վարկեր տրամադրելու մրցույթի անցկացման կարգը:
Հոդված 19. Ուսումնական վարկավորման բնագավառում Լիազոր մարմնի իրավասությունը
Ուսումնական վարկավորման բնագավառում Լիազոր մարմինը`
1) իրականացնում է վերահսկողություն ուսումնական վարկեր տալու գործընթացի նկատմամբ
2) սահմանում է հիմնական եւ հարակից ուսումնական պայմանագրերի օրինակելի ձեւերը.
3) սահմանում է ուսումնական վարկի տրամադրման պետական օժանդակության պայմանների վերաբերյալ պայմանագրի օրինակելի ձեւը.
4) պետական բյուջեի միջոցների հաշվին կատարում է փոխհատուցման տոկոսավճարների վճարումը.
5) սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով կրում է սուբսիդիար պատասխանատվություն ուսումնական վարկերի պայմանագրերի համար.
6) ուսումնական վարկի պայմանագրով սահմանված իր պարտավորության կատարման նպատակով բանկերից կարող է պահանջել տեղեկատվություն վարկառուներին տրամադրված ուսումնական վարկերի վերաբերյալ.
7) յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տեղեկատվություն տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: