Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-080-11.09.2012-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ` մասնագիտական պատասխանատվության ապահովագրում- աուդիտորի մասնագիտական գործունեության արդյունքում երրորդ անձանց պատճառված վնասների համար նյութական պատասխանատվության ապահովագրում:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 181 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ`

Հոդված 181 Աուդիտ իրականացնող անձանց մասնագիտական պատասխանատվության ապահովագրումը

1. Աուդիտ իրականացնող անձն իրավունք ունի, իսկ պարտադիր աուդիտ իրականացնելու դեպքում պարտավոր է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ապահովագրել աուդիտորական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրի խախտումից եւ (կամ) աուդիտորական գործունեության իրականացման արդյունքում երրորդ անձանց գույքային վնաս պատճառելուց առաջացած իր պատասխանատվությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում աուդիտ իրականացնող անձը կրում է նյութական պատասխանատվություն: Աուդիտորական կազմակերպության աուդիտորի կողմից աուդիտ իրականացնելու դեպքում աուդիտն իրականացրած աուդիտորը եւ այն աուդիտորական կազմակերպությունը, որին վերջինս ներկայացնում է, կրում են համապարտ նյութական պատասխանատվություն:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայումս հատուկ կարեւորություն է ստանում պարտադիր աուդիտը, որը տնտեսավարող սուբյեկտների իրական ֆինանսական վիճակի վերաբերյալ շահագրգիռ անձանց հավաստի տեղեկատվություն տրամադրելուն ուղղված հիմնական միջոցներից է: Վերջինիս կապակցությամբ պարտադիր աուդիտը ձեռք է բերում հանրային-իրավական նշանակություն, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնելու, որ այն անձանց, որոնք իրականացնում են պարտադիր աուդիտ, պետք է ներկայացվեն հատուկ պահանջներ: Օրենքով սահմանված դեպքերում տնտեսավարող սուբյեկներին անցկացնում են պարտադիր աուդիտ: Վերջիններս ելնում են աուդիտ իրականացնող անձանց արհեստավարժության եւ նրանց տրամադրած աուդիտորական եզրակացության հավաստիության եւ ճշգրտության կանխավարկածից, սակայն նման պայմաններում տնտեսավարող սուբյեկտը ապահովագրված չէ աուդիտ իրականացնող անձանց կողմից թերանալու հետեւանքով վնասներ կրելու կամ ոչ ճիշտ տեղեկատվության տիրապետելու ռիսկից: Մատնանշված ռիսկը կանխելու կամ դրա բացասական հետեւանքները վերացնելու քաղաքակիրթ եղանակներից ենք համարում, մասնավորապես, պարտադիր աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվության պարտադիր ապահովագրումը: Ապահովագրության պայմանագիրն այս դեպքում հանդիսանում է աուդիտ իրականացնող անձի պատասխանատության ֆինանսական ապահովման ձեւ:

Աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվության ապահովագրումը տարածված է բազմաթիվ երկրներում եւ հաճախ պարտադիր պայման է հանդիսանում: Օրինակ, աուդիտորական գործուենության ապահովագրմանը մեծ ուշադրություն է հատկացվում Շվեդիայում: Աուդիտորներն ու աուդիտորական կազմակերպությունները պետք է կնքեն ապահովագրական պայմանագրեր եւ Աուդիտորական գործունեության հարցերով հանձնաժողովին գրավ վճարելն ի ապահովումն աուդիտորական գործունեության ընթացքում կրած վնասների հատուցման պարտավորության կատարմանը:

Իսպանիայի օրենսդրությամբ աուդիտ իրականացնող անձինք անձնական եւ համապարտ պատասխանատվություն են կրում աուդիտի ենթարկվող անձանց առջեւ աուդիտորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու հետեւանքով պատճառած վնասի համար: Եթե վնասը պատճառվել է աուդիտորական կազմակերպությունում աշխատող աուդիտորի կողմից, ապա պատասխանատվություն է կրում ինչպես աուդիտորը, այնպես էլ աուդիտորական կազմակերպությունը: Այն հիմնադիր աուդիտորները, որոնք չեն ստորագրել աուդիտորական եզրակացությունը, պատճառված վնասի համար կրում են միայն սուբսիդիար պատասխանատվություն:

Այսպիսով, ապահովագրության առկայությունը թույլ է տալիս վնասների հատուցման բեռը դնել ապահովագրական կազմակերպությունների վրա, ինչը գործարար ոլորտում լայն տարածում ստացած երեւույթ է, քանի որ սխալների եւ բացթողումների արդյունքում պատճառված վնասը կարող է լինել շատ էական, իսկ վնաս պատճառողը հաճախ չունի սեփական միջոցների բավարար քանակ այդ վնասը հատուցելու համար: Հետեւաբար, ահրաժեշտ է ներգրավել այլ ֆինանսական միջոցներ: Իսկ դա հնարավոր է միայն ապահովագրության ինստիտուտի շրջանակներում, քանի որ ապահովագրական ընկերությունները ապահովագրման եւ վերաապոհովագրման միջոցով ի վիճակի է կրելու բավական խոշոր ռիսկերի պատասխանատվություն: Ապահովագրության միջոցով լուծվում է միաժամանակ երկու խնդիր. մի կողմից, աուդիտ իրականացնող անձն ապահովագրում է իրեն տնտեսավարող սուբյեկտին կամ երրորդ անձանց պատճառած վնասի հատուցմամբ պայմանավորված նյութական կորուստներից, մյուս կողմից, ապահովում է տուժողներին հասանելիք հատուցման ստացումը:

Աուդիտորական գործունեության արդյունքում վնաս կարող է պատճառվել ինչպես աուդիտի ենթարկվող տնտեսվարող սուբյեկտին, այնպես էլ երրորդ անձանց, եւ ապահովագրության պայմանագրով պետք է հաշվի առնել նաեւ այդ հանգամանքը: