Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0813-11.09.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516) 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով`

«5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առեւտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվանման մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում վենչուրային հիմնադրամների ստեղծման, կառավարման, դրանց գործունեության կանոնակարգման, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն է: Օրենքի նախագիծը սահմանում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, ՀՀ եւ համայնքների կողմից վենչուրային հիմնադրամների ստեղծման, գործունեության, վենչուրային հիմնադրամներում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից առեւտրային կազմակերպություններում իրականացվող ներդրումների հետ կապված իրավական կարգավորման հարցերը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: