Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

2. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական կառավարչական հիմնարկների, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վրա սույն օրենքը տարածվում է մինչեւ նշված կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման առանձին օրենքի ընդունումը:

3. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման (այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների կազմման, ներկայացման), ինչպես նաեւ հաշվապահի որակավորման հետ կապված հարաբերությունների վրա:

4. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի oպերատորի, ինչպեu նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների եւ գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջեւ իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները uահմանվում են համապատաuխանաբար «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» եւ «Արժեթղթերի շուկայի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքներով:

Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

1. Խոշոր կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (այսուհետ` ամբողջական ՖՀՄՍ-ներ) եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հիմունքները: Ամբողջական ՖՀՄՍ-ները ներառում են.

ա. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRS).

բ. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (IAS).

գ. Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտեի (IFRIC) կամ նախկին Մեկնաբանությունների մշտական կոմիտեի (SIC) մեկնաբանությունները.

3) ամբողջական ՖՀՄՍ-ների հիման վրա մշակված խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

4) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

2. Փոքր եւ միջին կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (այսուհետ` ՓՄԿ-ների ՖՀՄՍ).

3) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հիման վրա մշակված փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

4) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

3. Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար փոքր եւ միջին կազմակերպությունները իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի առաջին մասում նշված իրավական ակտերը:

Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար խոշոր կազմակերպությունները չեն կարող կիրառել սույն հոդվածի երկրորդ մասում նշված իրավական ակտերը:

4. Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություններ են համարվում`

1) հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները: Կազմակերպությունն ունի հանրային հաշվետվողականություն, եթե`

ա. նրա պարտքային կամ բաժնային գործիքները (արժեթղթերը) շրջանառվում են բաց շուկայում (տեղական կամ օտարերկրյա ֆոնդային բորսա, ներառյալ տեղական եւ տարածաշրջանային շուկաները), կամ այն գտնվում է բաց շուկայում շրջանառելու համար այդպիսի գործիքներ թողարկելու գործընթացում, կամ

բ. հանդիսանում է բանկ, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ:

2) 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ընկերությունները, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների կարգավորման ոլորտում գործող կազմակերպությունները, որոնք բավարարում են հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսին.

ա. անմիջապես նախորդող երեք տարիներից յուրաքանչյուր տարվա շահութահարկի հաշվարկման նպատակով սահմանված համախառն եկամուտը գերազանցել է մեկ միլիարդ դրամը.

բ. անմիջապես նախորդող երեք տարիներից յուրաքանչյուր տարվա տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցել է մեկ միլիարդ դրամը.

գ. անմիջապես նախորդող երեք տարիներից յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը գերազանցել է հարյուրը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն խոշոր չհամարվող կազմակերպությունը սույն օրենքի իմաստով համարվում է փոքր եւ միջին կազմակերպություն:

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կիրառումն ապահովող մարմինը

1. Հաշվապահական հաշվառման իրավահարաբերությունները կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի կիրառման ապահովումն իրականացնում է կառավարության լիազորած մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, արժեթղթավորման հիմնադրամների համար` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած մարմնի հետ համատեղ (այսուհետ` լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով եւ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, երբ լիազոր մարմին հասկացությունը վերաբերում է միայն կառավարության լիազորած մարմնին):

2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`

1) խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը.

2) խոշոր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

3) փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը.

4) փոքր եւ միջին կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

5) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

3. Լիազոր մարմինն իրականացնում է ամբողջական ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հիմունքների` ներառյալ դրանցում կատարված փոփոխությունների եւ լրացումների թարգմանումը հայերեն` նշված խորհրդի սահմանած ընթացակարգերին համապատասխան եւ ապահովում է դրանց գործողության մեջ դնելու իրավական ակտի նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից կատարված փոփոխությունների կամ լրացումների հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետում:

ԳԼՈՒԽ  2

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման եւ ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր եւ անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

2. Կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

3. Լիազոր մարմինն օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, ինչպես նաեւ անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվող կազմակերպությունների համար կարող է սահմանել հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ:

Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները

Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի եւ ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացումն են:

ԳԼՈՒԽ  3

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7. Կազմակերպության ղեկավարության իրավունքները եւ պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

1. Կազմակերպության ղեկավարությունը պարտավորություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու, հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու ու ներկայացնելու համար:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպության ղեկավարություն է համարվում գործադիր մարմնի ղեկավարը, լուծարվող կազմակերպության անվճարունակության կառավարիչը, արտաքին կառավարիչը, անհատ լուծարողը, լուծարային հանձնաժողովի նախագահը (այսուհետ` կազմակերպության ղեկավար), ինչպես նաեւ այլ մարմիններ եւ (կամ) անձինք, եթե այդ մասին նախատեսված են իրավական այլ ակտերով եւ (կամ) կազմակերպության կանոնադրությամբ եւ (կամ) ներքին իրավական ակտերով:

3. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով.

2) կազմակերպության աշխատողը համարվող հաշվապահի միջոցով.

3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով.

4)  կազմակերպության ղեկավարի կողմից` անձամբ:

4. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը uահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ կառավարման այլ մարմնին:

Հոդված 8. Գլխավոր հաշվապահի իրավունքները եւ պարտականությունները

1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը եւ ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու եւ ներկայացնելու համար:

3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի միջեւ տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), եւ նման գործառնությունների իրականացման հետեւանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

Հոդված 9. Հաշվապահի որակավորում

1. Հաշվապահի որակավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար լիազոր մարմնին կամ մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Քննությունների ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են լիազոր մարմնի եւ (կամ) մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:

Որակավորված հաշվապահների ցանկը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ մինչեւ տվյալ ամսվա 5-ը հրապարակվում է կառավարության լիազորած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահների որակավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

3. Սույն օրենքի իմաստով մասնագիտացված կառույց է համարվում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց անդամության հիման վրա օրենքով սահմանված կարգով ստեղծված կամ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված ինքնակարգավորվող ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպությունը:

4. Խոշոր կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվապահի որակավորում ունեցող անձը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող անձը: Այն դեպքում, երբ խոշոր կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը եւս պետք է ունենա հաշվապահի կամ աուդիտորի որակավորում:

5. Եթե կազմակերպությունը սույն օրենքի համաձայն համարվում է խոշոր, ապա այդ կազմակերպությունում աշխատող, սակայն հաշվապահի կամ աուդիտորի որակավորում չունեցող գլխավոր հաշվապահը`

1) սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին կետում նշված դեպքերում կարող է կազմակերպության խոշոր համարվելու օրվանից մեկ տարվա ընթացքում շարունակել կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները.

2) սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետում նշված դեպքերում կարող է մինչեւ կազմակերպության խոշոր համարվելու տարվա ավարտը շարունակել կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները:

Հոդված 10. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

 1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

2) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչեւ նրա գործունեության դադարեցման գրանցման համար ռեգիստրին դիմում ներկայացնելու օրը:

2. Իրավահաջորդությամբ գործունեության դադարեցման դեպքում վերակազմակերպվող կազմակերպության իրավահաջորդը (իրավահաջորդները) շարունակում է (նոր ստեղծվողները` սկսում են) իր հաշվապահական հաշվառման վարումը` որպես անցման ելակետ ընդունելով բաժանիչ հաշվեկշռի կամ  փոխանցման ակտի տվյալները եւ մինչեւ վերակազմակերպման գրանցման օրվան նախորդող օրը վերակազմակերպվող կազմակերպության կատարած գործառնությունները եւ նրան վերաբերող տեղի ունեցած դեպքերը:

3. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման եւ սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

Հոդված 11. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի եւ իրադարձությունների տեղի ունենալը:

2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետեւյալ պարտադիր վավերապայմանները.

1) փաստաթղթի անվանումը.

2) հերթական համարը.

3) կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

4) գործառնության մասնակիցների անվանումը (անունները, ազգանունները).

5) տնտեսական գործառնության բովանդակությունը.

6) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական եւ (կամ) բնաիրային արտահայտությամբ.

7) պատասխանատու անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը:

3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից եւ տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմաններ կարող են սահմանել լիազոր մարմինը եւ (կամ) կազմակերպությունը:

4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:

Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին եւ ամբողջական ձեւակերպելու, սահմանված կարգով եւ ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող եւ ստորագրող անձինք:

5. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ եւ հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը եւ ամսաթիվը: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր կազմակերպություն իր ներքին իրավական ակտերով կարող է սահմանել սխալի ուղղման ընթացակարգը:

6. Լիազոր մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձեւեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձեւերը, կամ` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:

7. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձեւեր:

Հոդված 12. Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում եւ համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):

2. Գործառնությունները, այլ դեպքերը եւ իրադարձությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:

3. Լիազոր մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձեւեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձեւը, կամ, ելնելով սույն օրենքից եւ հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձեւերը:

4. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձեւեր եւ դրանց լրացման հրահանգներ:

Հոդված 13. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարությունը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից եւ դրամական արժեքի մեծությունից:

Հոդված 14. Ակտիվների եւ պարտավորությունների գույքագրումը

1. Տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելուց առաջ կազմակերպությունը պարտադիր անցկացնում է ակտիվների եւ պարտավորությունների գույքագրում: Պարտադիր գույքագրման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքից, գույքագրման օբյեկտների կազմը եւ գույքագրման անցկացման կարգը որոշում է կազմակերպության ղեկավարը:

3. Գույքագրմամբ հայտնաբերված` պատկանելությունը չպարզված գույքի ճակատագիրը որոշվում է տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման քաղաքացիաիրավական կանոններով:

Հոդված 15. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում եւ ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առեւտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ օրենքով կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով, ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվությանը ծանոթացած անձինք եւ կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման կամ որեւէ այլ կերպ բացահայտման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Առեւտրային գաղտնիքի հրապարակում կամ բացահայտում չի համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում դրա տրամադրումը:

3. Ֆինանսական հաշվետվությւններում արտացոլված տեղեկատվությունը առեւտրային գաղտնիք չի համարվում:

Հոդված 16. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարի:

2. Լիազոր մարմինը հաշվապահական հաշվառման վարման համակարգչային ծրագրերի նկատմամբ կարող է սահմանել տեխնիկական պահանջներ:

3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակել եւ պահել իր մոտ:

4. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պարտականությունը կրում է կազմակերպության ղեկավարը` կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 17. Ֆինանսական հաշվետվությունների կազմը

1. Խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ամբողջական ՖՀՄՍ-ներով:

2. Փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ով:

3. Եթե ֆինանuական հաշվետվություններն oրենքով սահմանված դեպքերում ենթակա են աուդիտի (պարտադիր աուդիտ), ապա ներկայացվող ֆինանuական հաշվետվություններին կից պետք է ներկայացվի աուդիտորական եզրակացություն:

Հոդված 18. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ եւ uինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել ֆինանuական հաշվետվություններ:

2. Ֆինանuական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները uահմանվում են`

1) խոշոր կազմակերպությունների համար` ամբողջական ՖՀՄՍ-ներում.

2)  փոքր եւ միջին կազմակերպությունների համար` ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում:

3. Ֆինանuական հաշվետվություններն uտորագրում են կազմակերպության ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ֆինանuական հաշվետվությունները կարող է uտորագրել միայն կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության վերակազմակերպման դեպքում կազմվող բաժանիչ հաշվեկշիռը կամ փոխանցման ակտը կազմվում են ֆինանսական հաշվետվությունների կազմման համար սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով լիազոր մարմնի սահմանած առանձնահատկությունները:

5. Լուծարման գործընթացում գտնվող կազմակերպության հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների կազմման առանձնահատկությունները սահմանում է լիազոր մարմինը` ելնելով կազմակերպության գործունեության անընդհատության սկզբունքի բացակայությունից:

Հոդված 19. Հաշվետու ժամանակաշրջանը

1. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարին եւ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը:

2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանն է: Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացույցային տարվա ընթացքում գործունեությունը առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ գործունեության դադարեցման նպատակով համապատասխան դիմումը ռեգիստր մուտք լինելու օրը ընկած ժամանակահատվածը:

3. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու տարուց փոքր ժամանակաշրջան է: Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կամ կազմակերպությունների հայեցողությամբ:

Հոդված 20. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

1. Կազմակերպությունները ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`

1) մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին)` օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ներքին կանոնակարգերի համաձայն.

2) պետական ու տեղական ինքնակառավարման  մարմիններին եւ օրենքով սահմանված դեպքերում այլ անձանց` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում.

3) վարկատուներին, փոխատուներին, կազմակերպության մասնակցությամբ տնտեսական գործունեության մյուս կողմերին` կամավորության հիմունքներով մինչեւ գործարքի կնքումը կամ կնքված գործարքի շրջանակներում:

2. Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր է համարվում փոuտային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը եւ գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը:

Հոդված 21. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

1. Խոշոր կազմակերպությունները, ֆինանսական հաշվետվությունները օրենքով հրապարակելու պահանջ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները, ինչպես նաեւ ստորեւ նշված ցուցանիշներից առնվազն մեկին բավարարող փոքր եւ միջին կազմակերպությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել, եթե`

1) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանuական  հաշվետվությունները) շահութահարկի հաշվարկման նպատակով սահմանված համախառն եկամուտը գերազանցում է մեկ միլիարդ  դրամը.

2) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանuական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը  գերազանցում է մեկ միլիարդ դրամը.

3) այլ օրենքով սահմանված է ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները չեն տարածվում հասարարակական կազմակերպությունների ու հիմնադրամների վրա:

3. Կազմակերպությունները, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

4. Բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները, ներդրումային ֆոնդերը, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, արժեթղթավորման հիմնադրամներն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են համապատասխանաբար «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներում:

5. Ֆինանuական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, բացառությամբ սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների: Առանց աուդիտորական եզրակացության հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ԳԼՈՒԽ  5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար

Կազմակերպության ղեկավարը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 23. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետի «գ» ենթակետով սահմանված ցուցանիշի կիրառման համար եռամյա ժամանակահատվածի հաշվարկը սկսվում է 2011 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հիմունքները ենթակա են պարտադիր կիրառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

4. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի  Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքը:

5. «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի  Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ, այնքանով` որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտություն

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի պահանջներից, որով սահմանվել են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման պահանջներ: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին (ամբողջական ՖՀՄՍ-ներ) եւ փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին (ՓՄԿ-ների ՖՀՄՍ) համապատասխան: «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության պահանջներից, որի համաձայն` եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս գործող «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որից հետո օրենքում զգալի փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել: 2010 թվականին ՀՀ կառավարության որոշումներով հրապարակվել եւ ՀՀ տարածքում գործողության մեջ են դրվել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներն ու փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որոնք 2011 թվականի հունվարի    1-ից տարածվում են ՀՀ-ում գործող կազմակերպությունների վրա: Նշված հանգամանքներով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջանում փոփոխել օրենքի մի շարք դրույթներ` կապված նոր ստանդարտների կիրառման հետ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով հստակեցվել են օրենքի գործողության ոլորտում ընդգրկված կազմակերպությունների շրջանակները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրմանն ու հետագա կիրառությանն առնչվող այլ հարցեր: Օրենքով առանձին սահմանվում են նաեւ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր եւ միջին կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը:

Նոր օրենքի ընդունումը պայմանավորված է նաեւ «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն» գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նշված ցանկի 171-րդ կետով սահմանված է` մինչեւ 2010 թվականի ավարտը ֆինանսական հաշվետվողականության բոլոր ստանդարտների թարգմանության ապահովման եւ ոլորտը կարգավորող օրենսդրությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու պահանջ: Ընդ որում հարկ ենք համարում նշել, որ ամբողջական ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հայերեն թարգմանված տարբերակները հրապարակվել են համապատասխանաբար ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները եւ միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» թիվ 235-Ն եւ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը հրապարակելու մասին» թիվ 1209-Ն որոշումներով:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ կտարանջատվեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին եւ փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվության միջազգայն ստանդարտին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող առեւտրային կազմակերպությունների շրջանակները, որը կազմակերպություններին հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնել եւ առավել արդյունավետ կազմակերպել հաշվապահական հաշվառման աշխատանքները:  Արդյունքում կբարձրանա նաեւ առեւտրային կազմակերպությունների կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվողականության թափանցիկության եւ արժանահավատության աստիճանը, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումների ներգրավման, կապիտալի եւ արժեթղթերի շուկաների զարգացման, կազմակերպությունների գործունեության օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով առավել արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպությունների ակտիվների եւ պարտավորությունների կառավարումը եւ բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը: