Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0851-17.09.2012-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 16912 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «չհրապարակելը» բառից հետո լրացնել «կամ դրանք ոչ ամբողջական ծավալով հրապարակելը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 16913 -րդ հոդվածի 1-ին մասում «պետական մարմնի սահմանած» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի 1-ին մասում` «16912 -րդ » եւ «16913 -րդ» թվերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 24412 -րդ եւ 24416 -րդ հոդվածներով  սահմանված դեպքերի)» բառերը:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 24416 -րդ հոդվածով՝

«Հոդված 24416 . Պետական լիազոր մարմինները

Օրենքով սահմանված դեպքերում ֆինանսական հաշվետվությունները համապատասխան պետական լիազոր մարմիններ ներկայացնելու պահանջի առկայության դեպքում այդ մարմինները քննում են սույն օրենսգրքի 16912 -րդ, 16913 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական լիազոր մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն համապատասխան պետական մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է պետական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտություն

Մշտապես գործող ֆինանսատնտեսական կոմիտեի 2012 թվականի օգոստոսի 9-ի նիստում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում մշակվել եւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթում ներառվել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.12-րդ եւ 169.13-րդ հոդվածներով նախատեսված է, որ օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելը, ինչպես նաեւ հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելը հաշվապահի կողմից, որը որակավորված չէ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով, կամ անստորագիր ներկայացնելը առաջացնում է վարչական պատասխանատվություն:  Վերը նշված իրավախախտումների նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառողը հարկային մարմիններն են (օրենսգրքի 244.2-րդ հոդված):

Հարկային օրենսդրության համաձայն ներկայումս տարեկան ֆինանսական հաշվետվություններ եւ աուդիտորական եզրակացություններ հարկային մարմիններ չեն ներկայացվում: Այլ օրենքներով տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնողները (մասնավորապես` ֆինանսական շուկայի մասնակիցները) տարբեր լիազոր մարմիններ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ: Քանի որ, օրենքով կամ այլ իրավական ակտով ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելու վերաբերյալ այլ պետական մարմինների կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու ժամկետներ եւ կարգ սահմանված չէ, հարկային մարմինը չի տիրապետում նման իրավախախտման վերաբերյալ որեւէ փաստի եւ անհնարին է դառնում հարկային մարմնի կողմից տվյալ իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցումը: Ավելին, ՊԵԿ-ի դիրքորոշման համաձայն այլ պետական մարմինների կողմից հարկային մարմիններին նման տեղեկատվության տրամադրման կարգ սահմանված լինելու պարագայում եւս հարկային մարմինները իրավասու չեն նման տեղեկատվության հիման վրա վարչական վարույթ սկսելու:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը չի տիրապետում հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները այլ պետական մարմիններ անստորագիր ներկայացված լինելու տեղեկատվությանը, անհրաժեշտություն է առաջացել “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի նախագծի փաթեթում ներառելու վերը նշված նախագիծը, որի համաձայն օրենքով սահմանված դեպքերում ֆինանսական հաշվետվությունները պետական, ինչպես նաեւ օրենքով ստեղծված այլ մարմիններ չներկայացնելու, ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու կամ ոչ ամբողջական ծավալով հրապարակելու, ինչպես նաեւ հրապարակման ենթակա հաշվետվությունները որակավորված հաշվապահի կողմից չստորագրելու իրավախախտումների համար վարչական տուգանքի նշանակման իրավասությունը կտրվի համապատասխան պետական մարմիններին:

Ակնկալվող արդյունքը

Արդյունքում առավել հստակեցվում է ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելու, չհրապարակելու կամ ոչ ամբողջական ծավալով հրապարակելու, ինչպես նաեւ որակավորված հաշվապահի կողմից չստորագրելու դեպքերում վարչական իրավախախտում թույլ տված կազմակերպությունների նկատմամբ վարչական տույժեր կիրառելու ընթացակարգը, որը էապես կնպաստի նմանատիպ իրավախախտումների կանխարգելմանը, վարչարարության հստակեցմանը, ինչպես նաեւ նշված մարմինների դերի եւ պատասխանատվության բարձրացմանը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաեւ խոշոր կազմակերպությունների կողմից վերը նշված վարչական իրավախախտումմների կանխարգելմանը, հարկային մարմինների կողմից վարչարարոության իրականացման համար անհրաժեշտ պայմանների կատարելագործմանը: