Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-093-28.09.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների  նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-188, 11 հունիսի 2001թ.) 1-ին հոդվածի 1-ին մասում  «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» բառերից հետո ավելացնել «Կավաշեն» բառը:

Հոդված 2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների  նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (ՀՕ-188, 11 հունիսի 2001թ.) առաջարկվում է կատարել լրացում` ավելացնելով «Կավաշեն» ՍՊԸ-ն այն ձեռնարկությունների ցանկում, որոնց վճարած բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում համապատասխան համայնքներին: «Կավաշեն» ՍՊԸ-ն իրականացնում է ասբոիրերի արդադրություն եւ միայն 2011 թվականի ընթացքում ունեցել է շրջակա միջավայրում վնասակար ապրանքների արտադրության համար հաշվարկված եւ վճարված 3.490.000 (երեք միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ գումար, իսկ 2009 եւ 2010 թվականների ընթացքում համապատասխանաբար 5.988.000 եւ 5.886.600 ՀՀ դրամ,  որից համայնքին պետության կողմից մասհանում կատարելը բավականին ծանրակշիռ դեր կարող էր ունենալ համայնքի զարգացմանն ուղված հասցեական գործունեության արդյունքում:

Հարկ է նշել, որ տվյալ տարածքում գործող «Արարատցեմենք» ՓԲԸ-ի եւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից համապատասխան բնապահպանական վճարներից համայնքին տրվող մասհանումների արդյունքում լուծվել են մի շարք կարեւոր հարցեր Արարատ քաղաքում (ձեռք է բերվել մեկ հատ բազմաֆունկցիոնալ ջրցան, փողոցներ ավլող, ձյուն մաքրող, աղաավազային շաղախ շաղ տվող մեքենա, խոտհնձիչ մեքենա, 110 հատ աղբարկղ, բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենա, բարեկարգվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մերձակա տարածքը, ՈԿՖ-ի բանավանում կառուցվել է հանգստի պուրակ, Արարատ քաղաքի հիվանդանոցին նվիրաբերվել է 1.7մլն. արժողությամբ երկու բժշկական սարքավորում, բարեկարգվել են ճանապարհներ, ավելացվել են քաղաքի կանաչ տարածքները):

 Սույն օրենքում «Կավաշեն» ՍՊԸ-ի ընդգրկվելու դեպքում հնարավոր կլինի լուծել համայնքի համար մի շարք այլ կարեւոր հարցեր եւս` մասնավորապես հնարավոր կլինի լուծել քաղաքի համար հատկապես հույժ կարեւոր ոռոգման ջրի հարցը:

Անարդար կլինի վերը նշված գործարանի կողմից համայնքում արտադրվող վնասակար ապրանքների արտադրության համար վճարվող բնապահպանական վճարից մասհանում չանելը` որպես փոխհատուցում համայնքին եւ միաժամանակ դա կնպաստի համայնքի կայուն զարգացման ծրագրին: