ԲԱԺԻՆ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները
1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը եւ մանկությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվում են հասարակության ու պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:
Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:
Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքում նրա բոլոր անդամների փոխադարձ օգնության եւ պատասխանատվության, ընտանեկան գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։
2. Ճանաչվում է միայն սույն օրենսգրքով նախատեսված կարգով գրանցված ամուսնությունը։
3. Կանայք եւ տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:
4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու եւ կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ներընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս եւ անաշխատունակ անդամների իրավունքների եւ շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան։
5. Արգելվում է ամուսնանալիս եւ ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելիության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որեւէ սահմանափակում:
Քաղաքացիների իրավունքներն ամուսնանալիս եւ ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ միայն այնքանով, որքանով այն անհրաժեշտ է բարոյականության, ընտանիքի այլ անդամների եւ այլոց առողջության, ազատության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։
Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները
Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու եւ անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային եւ գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջեւ՝ ամուսինների, ծնողների եւ զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ շրջանակներում՝ մյուս ազգականների եւ այլ անձանց միջեւ, ինչպես նաեւ որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձեւերն ու կարգը։
Հոդված 3. Ընտանեկան հարաբերություններ կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։
Հոդված 4. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության կիրառումը
Ընտանիքի անդամների միջեւ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված եւ ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային եւ անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը։
Հոդված 5. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ ընտանեկան օրենսդրության եւ քաղաքացիական օրենսդրության կիրառումն անալոգիայի կարգով
Այն դեպքում, երբ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունները կարգավորված չեն ընտանեկան օրենսդրությամբ կամ կողմերի համաձայնությամբ եւ բացակայում են նշված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորող քաղաքացիական իրավունքի նորմերը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան եւ (կամ) քաղաքացիական իրավունքի նորմերը (օրենքի անալոգիա)։ Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են՝ ելնելով ընտանեկան կամ քաղաքացիական իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա)։
ԳԼՈՒԽ 2
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Ընտանեկան իրավունքների իրականացումը եւ ընտանեկան պարտականությունների կատարումը
1. Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ իրականացնում են ընտանեկան հարաբերություններից բխող եւ օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներ (ընտանեկան իրավունքներ), այդ թվում նաեւ այդ իրավունքների պաշտպանությունը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
2. Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը եւ իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի այլ անդամների եւ այլոց իրավունքները, ազատությունները եւ օրինական շահերը։
3. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք իրականացվում են իրենց էությանը հակառակ:
Հոդված 7. Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը
Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատարանի կողմից, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով՝ այլ պետական մարմինների կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից:
Հոդված 8. Հայցային վաղեմության կիրառումն ընտանեկան հարաբերություններում
Ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Այդ դեպքերում հայցային վաղեմություն կիրառվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ II.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 3
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 9. Ամուսնության կնքումը
1. Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
Հոդված 10. Ամուսնության կնքման պայմանները
1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ տասնութ եւ տղամարդկանց համար՝ տասնութ տարեկան տարիքի, հասնելը։
2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում։
Հոդված 11. Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները
Արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի) միջեւ.
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ:
Հոդված 12. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը
1. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաեւ բժշկագենետիկական եւ ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացվում է առողջապահական կազմակերպությունների կողմից՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ։
2. Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները՝ հետազոտություն անցած անձի համաձայնությամբ, կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:
3. Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի, հոգեկան հիվանդության եւ թմրամոլության, թունամոլության առկայության փաստը , ապա մյուս ամուսինն իրավունք ունի դիմել դատարան՝ ամուսնությունն անվավեր ճանաչելու համար։
ԳԼՈՒԽ 4
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 13. Ամուսնության դադարման հիմքերը
1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետեւանքով։
2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսիններից մեկի կամ երկուսի դիմումի հիման վրա, ինչպես նաեւ դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։
3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հոդված 14. Ամուսնալուծության կարգը
Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով՝ դատարանում:
Հոդված 15. Ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում
1. Ամուսինների միջեւ ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
2. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
գ) դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
3. Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաեւ երեխաների կապակցությամբ ամուսինների միջեւ ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց` սույն օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 16. Ամուսնալուծությունը դատական կարգով
1. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով՝
ա) երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
բ) երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
գ) երբ ամուսինները ցանկանում են ամուսնությունը լուծել դատական կարգով՝ փոխադարձ համաձայնությամբ:
2. Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավունք ունի գործի քննությունը հետաձգել՝ հաշտվելու համար ամուսիններին տալով երեք ամսյա ժամկետ:
Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե դատարանով հաստատվում է, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը եւ ընտանիքի պահպանումը անհնարին են, ամուսիններին հաշտեցնելու միջոցներն անցնում են ապարդյուն եւ ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:
3. Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը, առանց բացահայտելու ամուսնալուծության դրդապատճառները, ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկ ամսյա ժամկետում:
Հոդված 17. Ամուսնալուծվելիս ամուսինների միջեւ ծագող վեճերի քննարկման կարգը
1. Դատական կարգով ամուսնությունը լուծելիս, ինչպես նաեւ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելիս, ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին եւ (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։
2. Ամուսինների միջեւ համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է կողմերի մեկի պահանջով՝
ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.
բ) որոշել, թե որ ծնողից եւ ինչ չափով պետք է ալիմենտ բռնագանձվի.
գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.
դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
3. Այն դեպքում, երբ գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել՝ որպես առանձին վարույթ։
Հոդված 18. Ամուսնության դադարման պահը ամուսնալուծության դեպքում
1. Ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից:
2. Ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Ամուսնալուծված ամուսինների նոր ամուսնության պետական գրանցում չի կատարվում առանց ամուսնալուծության վկայականի առկայության:
Հոդված 19. Ամուսնության վերականգնումը մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու դեպքում
Դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու եւ դատարանի համապատասխան վճռի վերանայման դեպքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, ամուսնությունը կարող է վերականգնվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ամուսինը սահմանված կարգով նոր ամուսնություն է կնքել:
ԳԼՈՒԽ 5
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. Ամուսնությունն անվավեր ճանաչելը
1. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դատարանի կողմից:
2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-11-րդ հոդվածների եւ 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաեւ այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):
3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում նրա պետական գրանցման պահից։
Հոդված 21. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝
ա) անչափահաս ամուսինը, նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, եթե ամուսնությունը կնքվել է ամուսնական տարիքի չհասած անձի հետ։ Անչափահաս ամուսնու տասնութ տարին լրանալուց հետո ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի միայն այդ ամուսինը.
բ) ամուսինը, որի իրավունքները ամուսնության կնքմամբ խախտվել են, եթե ամուսնությունը կատարվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում՝ հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությունները գիտակցելու եւ դրանք ղեկավարելու անհնարինության արդյունքով.
գ) ամուսինը, որը չի իմացել ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայության մասին, դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, նախորդ չամուսնալուծված ամուսնության մեջ գտնվող ամուսինը, այլ անձինք, որոնց իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումով կատարված ամուսնության կնքմամբ, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը.
դ) ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը, եթե այն կնքվել է առանց ընտանիք կազմելու մտադրության.
ե) ամուսինը, որի իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայության պատճառով։
Հոդված 22. Ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները
1. Դատարանը կարող է ամուսնությունը վավերական ճանաչել, եթե ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննության պահին վերացել են դրա կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները։
2. Կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանը կարող է մերժել ամուսնացող անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը:
3. Դատարանը չի կարող ամուսնությունը ճանաչել կեղծ, եթե նման ամուսնություն գրանցած անձինք մինչեւ դատարանի կողմից գործի քննությունը փաստորեն ընտանիք են կազմել։
4. Ամուսնության դադարումից հետո ամուսնությունը չի կարող անվավեր ճանաչվել, բացառությամբ ամուսինների միջեւ օրենքով արգելված ազգակցական կապի առկայության կամ ամուսնության պետական գրանցման պահին ամուսիններից մեկի կողմից այլ չլուծված ամուսնության մեջ գտնվելու դեպքերի:
Հոդված 23. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետեւանքները
1. Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ եւ պարտականություններ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերի։
2. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։
3. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած ամուսնական պայմանագիրը ճանաչվում է անվավեր:
4. Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո երեք հարյուր օրվա ընթացքում ծնված երեխաների իրավունքների վրա։
5. Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքումով, իսկ մինչեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս՝ իրավունք ունի կիրառել սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը, ինչպես նաեւ լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչել ամուսնական պայմանագիրը։
Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջել հատուցելու իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանել ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։
ԲԱԺԻՆ III.
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 6
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 24. Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում
1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։
2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության եւ կրթության, ինչպես նաեւ ընտանեկան կյանքի այլ հարցերը լուծվում են ամուսինների կողմից համատեղ՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։
3. Ամուսինները պարտավոր են ընտանիքում իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության եւ հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։
Հոդված 25. Ամուսինների կողմից ազգանվան ընտրության իրավունքը
1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը։
Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանուն, որը պարունակում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:
2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։
3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանել ընդհանուր ազգանունը կամ վերականգնել իրենց մինչամուսնական ազգանունը։
ԳԼՈՒԽ 7
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը
Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաեւ ամուսինների միջեւ կնքված ամուսնական պայմանագրով:
Հոդված 27. Ամուսնական պայմանագիրը
Ամուսնական պայմանագիր է համարվում ամուսնացող անձանց համաձայնությունը կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության եւ (կամ) այն լուծվելու ժամանակ:
Հոդված 28. Ամուսնական պայմանագրի կնքումը
1. Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնության պետական գրանցման, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։
Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։
2. Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման:
Հոդված 29. Ամուսնական պայմանագրի բովանդակությունը
1. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն համարվող՝ ամուսինների ողջ գույքի, նրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։
Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին՝ ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ ամուսնական պայմանագրով նախատեսել իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
2. Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը։
3. Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, պարունակել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։
Հոդված 30. Ամուսնական պայմանագրի փոփոխումը եւ լուծումը
1. Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում եւ լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով:
Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։
2. Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման եւ լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։
3. Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։
Հոդված 31. Ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելը
1. Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչվել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության համար քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:
2. Դատարանը կարող է նաեւ ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։ Ամուսնական պայմանագրի սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ կետի այլ պահանջները խախտող պայմաններն առոչինչ են։
ԳԼՈՒԽ 8
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հոդված 32. Ամուսինների գույքի վրա բռնագանձում տարածելը
1. Ամուսիններից մեկի պարտավորություններով բռնագանձում կարող է տարածվել միայն այդ ամուսնու գույքի նկատմամբ։ Այդ գույքն անբավարար լինելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջել ամուսինների ընդհանուր սեփականության մեջ պարտապան ամուսնու հասանելիք բաժնի առանձնացումը՝ դրա նկատմամբ բռնագանձում տարածելու համար:
2. Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր պարտավորություններով։ Եթե դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է ամուսիններից մեկի կողմից հանցավոր ճանապարհով ձեռքբերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր համատեղ գույքի կամ դրա մի մասի վրա:
3. Իրենց երեխաների կողմից պատճառած վնասի համար ամուսինների պատասխանատվությունը որոշվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ դեպքում ամուսինների գույքի նկատմամբ բռնագանձումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան։
Հոդված 33. Ամուսնական պայմանագիր կնքելիս, փոփոխելիս եւ լուծելիս պարտատերերի իրավունքների երաշխիքները
1. Ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, նրա փոփոխման կամ լուծման մասին։ Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով՝ անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից։
2. Պարտապան-ամուսնու պարտատերը (պարտատերերը) իրավունք ունի պահանջել փոփոխելու իրենց միջեւ կնքված պայմանագրի պայմանները կամ լուծելու պայմանագիրը՝ հանգամանքների էական փոփոխությունների կապակցությամբ՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։
ԲԱԺԻՆ IY.
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 9
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 34. Ծնողների եւ երեխաների իրավունքների ու պարտականությունների ծագման հիմքը
Ծնողների եւ երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։
Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը
1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։
2. Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ գտնվող անձանցից, ապա երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը, եթե այլ բան չի ապացուցվել: Երեխայի մոր ամուսնու հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։
Եթե երեխան ծնվել է ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց, կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից հետո երեք հարյուր օրվա ընթացքում, ապա երեխայի հայրությունը որոշվում է մոր դիմումի հիման վրա:
3. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր եւ մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչելու, կամ բնակության վայրի որոշումն անհնարին լինելու կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում՝ երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։
Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ երեխայի ծնվելուց հետո հայրությունը որոշելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին նման դիմում կարող են ներկայացնել մոր հղիության ժամանակ։ Այդ դեպքում երեխայի ծնողների մասին գրառումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո։
4. Տասնութ տարեկան դարձած անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։
Հոդված 36. Հայրությունը դատական կարգով որոշելը
Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա կոնկրետ անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույցը, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է կոնկրետ այդ անձից:
Հոդված 37. Հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը
Իրեն երեխայի հայր ճանաչված, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում, վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։
Հոդված 38. Երեխայի ծնողների գրառումը ծննդի պետական գրանցման գրքում
Ծննդի պետական գրանցման գրքում երեխայի ծնողների գրառումն իրականացվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 39. Հայրության (մայրության) վիճարկումը
1. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով՝ որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ փաստորեն երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի (հոգաբարձուի), ինչպես նաեւ չափահաս դարձած երեխայի պահանջով:
2. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից ծնված երեխայի՝ ծննդի պետական գրանցման գրքում հայր գրառված անձի հայրությունը վիճարկելու մասին պահանջը չի կարող բավարարվել, եթե ապացուցվի, որ որպես երեխայի հայր գրառվելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ ինքը փաստորեն չի համարվում երեխայի հայրը։
3. Ամուսինը, որը օրենքով սահմանված կարգով գրավոր համաձայնություն է տվել կիրառելու արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդները, իրավունք չունի այդ ճանապարհով ծնված երեխայի հայրությունը վիճարկելիս հենվել նշված հանգամանքի վրա։
Ամուսինները, որոնք համաձայնություն են տվել կատարելու սաղմի պատվաստում եւ պտղի հասունացում այլ կնոջ միջոցով, ծննդի պետական գրանցման գրքում որպես ծնողներ գրառվելուց հետո իրավունք չունեն հայրությունը (մայրությունը) վիճարկելիս հենվել այդ հանգամանքների վրա։
Հոդված 40. Ամուսնության մեջ չգտնվող անձանցից ծնված երեխաների իրավունքներն ու պարտականությունները
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով հայրություն որոշվելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։
ԳԼՈՒԽ 10
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 41. Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը
1. Երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը։
2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու, որքան դա հնարավոր է՝ իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին։
Երեխան ունի նաեւ իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաեւ ֆիզիկական, մտավոր, հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։
Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու եւ ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը՝ սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով։
Հոդված 42. Ծնողների եւ այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
1. Երեխան ունի իր երկու ծնողների, պապերի եւ տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաեւ այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։
Ծնողների առանձին, այդ թվում՝ տարբեր պետություններում, ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի։
2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու եւ այլ դեպքերում) երեխան իր ծնողների, ինչպես նաեւ արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողը իր երեխայի հետ շփվելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով։
Հոդված 43. Երեխայի պաշտպանության իրավունքը
1. Երեխան ունի իր իրավունքների եւ շահերի պաշտպանության իրավունք։
Երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանությունն իրականացվում է ծնողների (օրինական ներկայացուցիչների), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից։
Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները, այդ թվում՝ պաշտպանության իրավունքը, եւ պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի։
2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք։
Երեխայի իրավունքների եւ շահերի խախտման դեպքում, այդ թվում՝ ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում, երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմել խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:
3. Պաշտոնատար անձինք եւ այլ քաղաքացիները, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին եւ առողջությանը սպառնալու, նրա իրավունքների եւ շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։
Հոդված 44. Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը
1. Երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինել հարցի քննությանը եւ արտահայտել սեփական կարծիքը՝ ընտանիքում, դատական եւ այլ մարմիններում։
2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է կապված՝ խղճի ազատության, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որեւէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։
Հոդված 45. Երեխայի անուն, հայրանուն եւ ազգանուն ունենալու իրավունքը
1. Երեխան ունի անուն, հայրանուն եւ ազգանուն ունենալու իրավունք։
2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։
3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային տրվում է հոր կամ մոր ազգանունը՝ ծնողների համաձայնությամբ։
4. Ծնողների միջեւ երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետեւանքով առաջացած տարաձայնությունները լուծվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից։
5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, իսկ հայրանուն տրվում է որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանունը՝ մոր ազգանունով։
Հոդված 46. Երեխայի անունը եւ ազգանունը փոխելը
1. Մինչեւ երեխայի տասնվեց տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինների կողմից, փոխվում է երեխայի անունը, ինչպես նաեւ նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով։
2. Եթե ծնողները ապրում են առանձին եւ ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը: Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը, նա զրկված է ծնողական իրավունքներից, դատարանի կողմից ճանաչված է անգործունակ, ինչպես նաեւ, եթե նա առանց հարգելի պատճառների խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:
3. Տասը տարին լրացած երեխայի անվան եւ ազգանվան փոխումը կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ։
Հոդված 47. Երեխայի գույքային իրավունքները
1. Երեխան իր ծնողներից եւ ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով։
2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով, դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին։
3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:
Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամարկալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:
4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել եւ օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։
5. Ծնողների եւ զավակների ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ։
Հոդված 48. Երեխայի այլ իրավունքները
Երեխան ունի օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
ԳԼՈՒԽ 11
ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 49. Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը
1. Ծնողները հավասար իրավունքներ ունեն եւ հավասար պարտականություններ են կրում իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։
2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկան դառնալով, ինչպես նաեւ սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված մինչեւ չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու այլ դեպքերում։
Հոդված 50. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները
1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու եւ նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ։
2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաեւ նրանց մայրությունը եւ (կամ) հայրությունը որոշելիս կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները՝ նրանց ամուսնության տարիքը լրանալուց հետո։
Մինչեւ անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը՝ անչափահաս ծնողների հետ համատեղ: Երեխայի խնամակալի եւ անչափահաս ծնողների միջեւ առաջացած տարաձայնությունները կարգավորվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից:
3. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն իրենց հայրությունը եւ մայրությունը ընդունել կամ վիճարկել ընդհանուր սկզբունքներով:
Հոդված 51. Երեխաներին դաստիարակելու եւ կրթություն տալու ծնողների իրավունքներն ու պարտականությունները
1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին։
Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության ու զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացման մասին։
Ծնողները, բոլոր այլ անձանց հանդեպ, ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
2. Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության եւ երեխաների ուսուցման ձեւի ընտրության իրավունք՝ մինչեւ երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Հոդված 52. Երեխաների իրավունքները եւ շահերը պաշտպանելու ծնողների իրավունքներն ու պարտականությունները
Երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները եւ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց հատուկ լիազորությունների հանդես են գալիս ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում։
Հոդված 53. Ծնողական իրավունքների իրականացումը
1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։
Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի նրա ծնողների հիմնական հոգածության առարկան:
Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառել երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ անտարբեր, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Ծնողական իրավունքները ի վնաս երեխաների իրավունքների եւ շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են իրենց փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կամ դատարան։
3. Ծնողների միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջեւ վեճը լուծվում է դատարանի կողմից՝ ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական եւ այլ անձնական հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի եւ երեխայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը եւ այլն)։
Հոդված 54. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը
1. Երեխայից առանձին ապրող ծնողը երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու իրավունք ունի:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
2. Ծնողները իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։
Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով վեճը լուծում է դատարանը՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի տեղեկատվություն ստանալ իր երեխայի մասին դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով։
Հոդված 55. Խորթ երեխաներին դաստիարակելու եւ խնամելու խորթ ծնողների պարտականությունը
Խորթ ծնողները պարտավոր են պատշաճորեն դաստիարակել եւ խնամել իրենց ամուսնու՝ նախկին ամուսնությունից ծնված եւ իրենց հետ համատեղ ապրող երեխաներին (խորթ երեխաներին):
Հոդված 56. Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի եւ այլ ազգականների երեխայի հետ շփվելու իրավունքը
1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը եւ այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։
2. Մերձավոր ազգականների հետ երեխայի շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին չխանգարել այդ շփմանը։
3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։ Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
Հոդված 57. Ծնողական իրավունքների պաշտպանությունը
1. Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման։ Վեճի առկայության դեպքում, ծնողները իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան։
Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից։
2. Եթե դատական կարգով հաստատվում է, որ ոչ ծնողները, ոչ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովել նրա պատշաճ դաստիարակությունն ու զարգացումը, ապա դատարանը երեխային հանձնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի խնամքին։
Հոդված 58. Երեխային վերցնելը նրա կյանքին եւ առողջությանն անմիջական սպառնալիքի դեպքում
1. Երեխայի կյանքին կամ նրա առողջությանն անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը իրավասու է անմիջապես երեխային վերցնել ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է գտնվում երեխան:
2. Երեխային վերցնելիս խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը եւ յոթ օրվա ժամկետում՝ դիմել դատարան ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով:
Հոդված 59. Ծնողական իրավունքներից զրկելը
Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝
ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց.
բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաեւ դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.
դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությանը.
ե) տառապում են խրոնիկական ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.
զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։
Հոդված 60. Ծնողական իրավունքներից զրկելու կարգը
1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով։
Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի), ինչպես նաեւ այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, որբ երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների եւ այլն) դիմումով, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները։
2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա պարտավոր է տեղեկացնել այդ մասին համապատասխան իրավասու մարմիններին:
4. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին։
Հոդված 61. Ծնողական իրավունքներից զրկելու հետեւանքները
1. Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի ծնողական իրավունքներից նրանք զրկվել են, այդ թվում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքը։
2. Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։
3. Երեխայի եւ ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծում է դատարանը։
4. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները, այդ թվում՝ ժառանգություն ստանալու իրավունքը:
5. Եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են, ապա նա հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի խնամքին։
6. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։
Հոդված 62. Ծնողական իրավունքների վերականգնումը
1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոփոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխան ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։
4. Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է հաշվի առնելով նրա կարծիքը։
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:
Հոդված 63. Ծնողական իրավունքների սահմանափակումը
1. Ելնելով երեխայի շահերից, դատարանը կարող է վճիռ կայացնել առանց ծնողական իրավունքներից զրկելու ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում):
2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ խրոնիկական հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն եւ այլն)։
Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաեւ այն դեպքերում, երբ թեեւ երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետեւանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։ Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս անցնելուց հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչեւ այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից:
3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների պաշտպանման պարտականություններ, նախադպրոցական կրթական, հանրակրթական եւ այլ կազմակերպություններ։
4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին:
Հոդված 64. Ծնողական իրավունքների սահմանափակման հետեւանքները
1. Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը։
2. Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։
3. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները, այդ թվում՝ ժառանգություն ստանալու իրավունքը:
4. Երկու ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների խնամքին։
Հոդված 65. Երեխայի շփումը ծնողական իրավունքները սահմանափակած ծնողների հետ
Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալու երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան։
Հոդված 66. Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը
1. Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու եւ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին։
2. Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին։
Հոդված 67. Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի մասնակցությունը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս
1. Երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը դատարանը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին՝ անկախ նրանցից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց։
2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի եւ այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը եւ դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը։
ԲԱԺԻՆ Y.
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 12
ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 68. Երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունները
1. Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։
Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։
Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ սույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան։
2. Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։
Հոդված 69. Երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը
1. Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջեւ համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետեւյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի եւ (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք եւ ավելի երեխաների համար՝ կեսը։
Սույն կետով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս՝ գործազրկության նպաստի 20 տոկոսից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել, հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի շահերը։
Հոդված 70. Ծնողների վաստակի եւ (կամ) այլ եկամտի տեսակները, որոնցից ալիմենտներ է պահվում երեխաների համար
Ծնողների՝ հայկական դրամով կամ արտարժույթով ձեռքբերված վաստակը եւ (կամ) այլ եկամտի տեսակները, որոնցից սույն օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան ալիմենտ է պահվում ի օգուտ երեխաների, որոշում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 71. Երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով
1. Ծնողների միջեւ երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանել կայուն դրամական գումարով կամ միաժամանակ եւ դրամական կայուն գումարով եւ բաժիններով:
Սույն կետի առաջին մասի նորմերը կիրառվում են նաեւ այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝
ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխող վաստակ եւ (կամ) այլ եկամուտ.
բ) վաստակ եւ (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.
գ) վաստակ եւ (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի.
դ) այդ ծնողների վաստակից եւ (կամ) այլ եկամուտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որեւէ մեկի շահերին:
2. Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը, ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից, հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի շահերը։
3. Եթե ծնողներից յուրաքանչյուրի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանի կողմից որոշվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ամենամսյա բռնագանձման ենթակա կայուն դրամական գումարով։
Հոդված 72. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը եւ օգտագործումը
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան եւ վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին):
2. Առանց ծնողական խնամքի մնացած եւ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվարկվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին։
Նշված կազմակերպությունները կարող են այդ գումարները պահել բանկում։ Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաներին պահելու համար։ Նման կազմակերպությունը երեխայի կողմից թողնելուց հետո նրա անունով ստացված ալիմենտի գումարը եւ նրա շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցվում է երեխայի անվամբ բացված բանկային հաշվին։
Հոդված 73. Անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքը
1. Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին:
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը որոշում է դատարանը կայուն դրամական գումարով, որը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի շահերից։
Հոդված 74. Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին
1. Համաձայնության բացակայության եւ բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդության, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղման, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտության եւ այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին։
Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը եւ այդ ծախսերի չափը որոշում է դատարանը, ելնելով ծնողների եւ զավակների գույքային ու ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի շահերից՝ կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
2. Դատարանը կարող է պարտավորեցնել ծնողներին մասնակցելու ինչպես փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ այն լրացուցիչ ծախսերին, որ անհրաժեշտ է կատարել ապագայում։
Հոդված 75. Ծնողների ապրուստը հոգալու չափահաս զավակների պարտականությունները
1. Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողներին եւ հոգ տանել նրանց մասին։
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։
3. Զավակներից յուրաքանչյուրից բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը, ելնելով ծնողների եւ զավակների գույքային ու ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի շահերից՝ կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
4. Չափահաս զավակներից յուրաքանչյուրի առնչությամբ ալիմենտի չափը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել տվյալ ծնողի բոլոր աշխատունակ չափահաս զավակներին, անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ:
5. Զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանի վճռով կհաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։
Զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։
Հոդված 76. Չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին
1. Անաշխատունակ ծնողների հանդեպ չափահաս աշխատունակ զավակների կողմից հոգատարության բացակայության եւ բացառիկ հանգամանքների (ծնողի ծանր հիվանդության, խեղում ստանալու, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտության եւ այլն) առկայության դեպքում նրանք կարող են դատարանի վճռով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելու գործին։
2. Չափահաս աշխատունակ զավակներից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ ծախսերը կրելու կարգը եւ այդ ծախսերի չափը որոշում է դատարանը, հաշվի առնելով ծնողների եւ զավակների գույքային ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի շահերը՝ պահպանելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-5-րդ կետերի պահանջները։
3. Լրացուցիչ ծախսերը կրելու կարգը եւ այդ ծախսերի չափը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ:
ԳԼՈՒԽ 13
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 77. Ամուսինների՝ միմյանց ապրուստի միջոցները հոգալու պարտականությունները
Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։
Այդպիսի օժանդակությունը մերժվելու եւ ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջեւ համաձայնության բացակայության դեպքում, դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝
ա) անաշխատունակ անապահով ամուսինը.
բ) կինը՝ հղիության ժամանակ, ինչպես նաեւ ընդհանուր երեխային խնամող ամուսինը՝ մինչեւ երեխայի երեք տարին լրանալը.
գ) անապահով ամուսինը, որ խնամում է մինչեւ 16 տարեկան հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային:
Հոդված 78. Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուց ալիմենտ ստանալու իրավունքը
1. Նախկին ամուսնուց, որը դրա համար բավարար միջոցներ ունի՝ դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝
ա) նախկին կինը՝ հղիության ժամանակ, ինչպես նաեւ ընդհանուր երեխային խնամող ամուսինը՝ մինչեւ երեխայի երեք տարին լրանալը.
բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է իրենց 16 տարին չլրացած ընդհանուր հաշմանդամ երեխային կամ մանկուց առաջին խմբի հաշմանդամ ընդհանուր երեխային.
գ) անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել մինչեւ ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո մեկ տարվա ընթացքում.
դ) անապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները քսան եւ ավելի տարի ժամանակ գտնվել են ամուսնության մեջ։
2. Ալիմենտի չափը եւ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն այն տրամադրելու կարգը կարող է որոշվել նախկին ամուսինների համաձայնությամբ։
Հոդված 79. Ամուսիններից եւ նախկին ամուսիններից դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը
Ամուսինների (նախկին ամուսինների) միջեւ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ամուսնուց (նախկին ամուսնուց) դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը, ելնելով ամուսինների (նախկին ամուսինների) գույքային ու ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի շահերից՝ կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
Հոդված 80. Մյուս ամուսնուն պահելու պարտականությունից ազատելը կամ այդ պարտականությունը որոշակի ժամանակով սահմանափակելը
Դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել՝
ա) ոգելից խմիչքի, թմրամիջոցի չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետեւանքով.
բ) ամուսինների՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվելու մեկ տարուց ոչ ավել ժամանակահատվածում.
գ) ալիմենտի վճարում պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ (ամուսնական դավաճանության, մոլախաղերով զբաղելու եւ այլն) ցուցաբերելու հետեւանքով:
ԳԼՈՒԽ 14
ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրներին եւ քույրերին պահելու եղբայրների եւ քույրերի պարտականությունը
Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը, իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում, բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է նաեւ օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց աշխատունակ չափահաս զավակներից, ամուսնուց (նախկին ամուսնուց) կամ ծնողներից։
Հոդված 82. Թոռներին պահելու պապերի եւ տատերի պարտականությունը
Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռները իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։
Հոդված 83. Պապերին եւ տատերին պահելու թոռների պարտականությունը
Օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապերը եւ տատերը իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց) ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց աշխատունակ չափահաս թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։
Հոդված 84. Իրենց փաստացի խնամողներին պահելու երեխաների պարտականությունը
1. Անաշխատունակ անապահով անձինք, ովքեր իրականացրել են երեխաների փաստացի խնամքը, դատական կարգով իրենց չափահաս գործունակ երեխաներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեն, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց)։
2. Դատարանը կարող է երեխաներին ազատել փաստացի խնամողներին ապրուստի միջոց տրամադրելուց, եթե փաստացի խնամողները նրանց խնամել ու դաստիարակել են հինգ տարուց պակաս ժամկետով, ինչպես նաեւ, եթե նրանք այդ երեխաներին խնամել ու դաստիարակել են ոչ պատշաճ ձեւով։
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չեն դրվում խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ խնամատար ընտանիքներում դաստիարակություն ստացած անձանց վրա։
Հոդված 85. Խորթ հորը եւ խորթ մորը պահելու խորթ զավակների պարտականությունը
1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը եւ խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող աշխատունակ չափահաս խորթ զավակներից դատական կարգով պահանջել ապրուստի միջոցներ, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։
2. Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից, եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել կամ խնամել նրանց, ինչպես նաեւ, եթե նրանք պատշաճ ձեւով չեն կատարել խորթ զավակներին պահելու եւ դաստիարակելու իրենց պարտականությունները։
Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը
1. Սույն օրենսգրքի 81-85-րդ հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը եւ վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ։
2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը, յուրաքանչյուր առանձին դեպքում, սահմանում է դատարանը, ելնելով ալիմենտ վճարողի եւ ստացողի գույքային ու ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի շահերից՝ կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
3. Եթե ընտանիքի՝ ալիմենտ պահանջող անդամին խնամել պարտավոր են միաժամանակ մի քանի անձինք, դատարանը, կախված նրանց գույքային ու ընտանեկան դրությունից, որոշում է ալիմենտային պարտականությունների կատարման մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը։ Ալիմենտի չափը որոշելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնել ալիմենտ վճարելու պարտավոր բոլոր անձանց, անկախ նրանից, հայցը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։
ԳԼՈՒԽ 15
ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 87. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կնքումը
Ալիմենտ վճարելու վերաբերյալ (ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին) համաձայնությունը կնքվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի խնամակալի միջեւ իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի եւ (կամ) ալիմենտ ստացողի անգործունակ լինելու դեպքում՝ այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջեւ։ Սահմանափակ գործունակ անձինք ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն են կնքում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։
Հոդված 88. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության ձեւը
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման:
Հոդված 89. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու եւ անվավեր ճանաչելու կարգը
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, լուծելու եւ անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքների կնքման, կատարման, լուծման եւ անվավեր ճանաչման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը։
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծվելու ձեւը պետք է համապատասխանի այն կնքելու ձեւին:
3. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:
4. Կողմերի գույքային եւ ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաեւ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի ուշադրության արժանի ցանկացած շահ:
Հոդված 90. Ալիմենտ վճարելու վերաբերյալ ալիմենտ ստացողի շահերը ոտնահարող համաձայնությունն անվավեր ճանաչելը
Եթե երեխային կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամին ապրուստի միջոց տրամադրելու ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված պայմանները էապես ոտնահարում են նրանց շահերը, մասնավորապես սույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները չպահպանելու դեպքում, նման համաձայնությունը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել երեխայի կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամի օրինական ներկայացուցչի, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պահանջով։
Հոդված 91. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը որոշում են կողմերը:
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ երեխաների համար որոշվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել նրանց համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափից:
Հոդված 92. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու ձեւերն ու կարգը
1. Ալիմենտ վճարելու ձեւերն ու կարգը որոշվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ:
2. Ալիմենտը կարող է վճարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակի եւ (կամ) այլ եկամուտի նկատմամբ բաժնային չափով, պարբերաբար վճարվող կայուն դրամական գումարով, միանվագ վճարվող կայուն դրամական գումարով, գույք տրամադրելու միջոցով, ինչպես նաեւ այլ ձեւերով, որոնց համար համաձայնություն է կայացվել։
3. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության մեջ կարող է նախատեսվել ալիմենտ վճարելու տարբեր ձեւերի համակցում։
Հոդված 93. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափի ինդեքսացիան
Վճարվող ալիմենտի չափի ինդեքսացիա կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությանը համապատասխան։ Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության մեջ նախատեսված չէ ինդեքսացիայի կարգը, ինդեքսացիան կատարվում է սույն օրենսգրքի 105-րդ հոդվածին համապատասխան։
ԳԼՈՒԽ 16
ԱԼԻՄԵՆՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 94. Ալիմենտի բռնագանձումը դատարանի վճռով
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում սույն օրենսգրքի 68-86-րդ հոդվածներում նշված ընտանիքի անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան։
Հոդված 95. Ալիմենտ ստանալու համար դիմելու ժամկետները
1. Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան, անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։
2. Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահից երեք տարվա ժամանակահատվածում, եթե դատարանով հաստատվել է, որ մինչեւ դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից այն վճարելուց խուսափելու հետեւանքով։
Հոդված 96. Ալիմենտի բռնագանձումը մինչեւ դատարանի կողմից վեճի լուծումը
1. Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչեւ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչեւ ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը։
2. Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը, ելնելով կողմերի գույքային եւ ընտանեկան դրությունից։ Երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը որոշվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան։
Հոդված 97. Ալիմենտ պահող կազմակերպության վարչակազմի պարտականությունը
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտ վճարելու պարտավոր անձի աշխատավայրի կազմակերպության վարչակազմը պարտավոր է յուրաքանչյուր ամիս ալիմենտ պահել այդ անձի աշխատավարձից եւ (կամ) այլ եկամտից եւ վճարել կամ դրանք փոխանցել ալիմենտ ստացողին՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձին աշխատավարձ եւ (կամ) այլ եկամտի վճարման պահից ոչ ուշ՝ եռօրյա ժամկետում։
Հոդված 98. Ալիմենտի պահումը ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կարող է կատարվել նաեւ այն դեպքում, եթե նման համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա պահումների ընդհանուր գումարը գերազանցում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակի եւ (կամ) այլ եկամտի հիսուն տոկոսը։
Հոդված 99. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ աշխատանքի վայրը փոխելու մասին հաղորդելու պարտականությունը
1. Դատարանի վճռի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կատարող կազմակերպության վարչակազմը պարտավոր է եռօրյա ժամկետում ալիմենտ բռնագանձելու մասին վճռի կատարման վայրի դատական ակտերի հարկադիր կատարողին եւ ալիմենտ ստացողին հաղորդել ալիմենտ վճարելու պարտավոր անձի աշխատանքից ազատվելու, ինչպես նաեւ նրա աշխատանքի նոր վայրի կամ բնակության վայրի մասին, եթե դրանք իրեն հայտնի են։
2. Ալիմենտ վճարելու պարտավոր անձը պետք է սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում դատական ակտերի հարկադիր կատարողին եւ ալիմենտ ստացողին հաղորդի աշխատանքի վայրի կամ բնակության վայրի փոփոխման մասին, իսկ երեխաներին ալիմենտ վճարելիս՝ նաեւ լրացուցիչ վաստակ եւ (կամ) այլ եկամուտ ունենալու մասին։
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված տեղեկություններն անհարգելի պատճառով չհաղորդելու դեպքում դրանում մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Հոդված 100. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ կամ դատարանի վճռով սահմանված չափով ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաեւ ալիմենտային պարտքի բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից եւ (կամ) այլ եկամտից։ Վաստակի եւ (կամ) այլ եկամտի անբավարարության դեպքում ալիմենտ պահվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում գտնվող դրամական միջոցներից, ինչպես նաեւ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններին պայմանագրերով հանձնված դրամական միջոցներից, բացի այն պայմանագրերից, որոնք առաջացնում են սեփականության իրավունքի փոխանցում։ Այդ միջոցների անբավարարության դեպքում բռնագանձում տարածվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի ցանկացած այն գույքի վրա, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել։
2. Ալիմենտ վճարելու պարտավոր անձի բանկային հաշիվներում գտնվող դրամական միջոցների եւ նրա այլ գույքի վրա բռնագանձում տարածելը կատարվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 101. Ալիմենտային պարտքի որոշումը
1. Անցած ժամանակի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի ընթացքում:
2. Այն դեպքերում, երբ կատարողական թերթի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով, ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ողջ ժամանակահատվածի համար, անկախ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված եռամյա ժամկետից։
3. Ալիմենտային պարտքի չափը որոշվում է դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից՝ ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից։
4. Երեխաների համար սույն օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից եւ (կամ) այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել։ Այն դեպքերում, երբ ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել կամ եթե չներկայացվեն նրա վաստակը եւ (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է, ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից։ Եթե ալիմենտային պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, կողմը, որի շահերը խախտվել են, կարող է դիմել դատարան: Դատարանը, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի շահերից՝ որոշում է ալիմենտային պարտքը կայուն դրամական գումարով:
Հոդված 102. Ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը
1. Կողմերի համաձայնության հիման վրա ալիմենտ վճարելու դեպքում ալիմենտային պարտքը վճարելուց ազատելը կամ այդ պարտքը պակասեցնելը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ երեխաների համար ալիմենտ վճարելու դեպքերի։
2. Դատարանը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտային պարտքը վճարելուց, եթե կհաստատի, որ ալիմենտ չվճարելը եղել է այդ անձի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով եւ նրա գույքային եւ ընտանեկան դրությունը հնարավորություն չի տալիս մարելու կուտակված ալիմենտային պարտքը։
Հոդված 103. Պատասխանատվություն ալիմենտը ժամանակին չվճարելու համար
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով։
2. Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը ալիմենտ ստացողին տուգանք է վճարում ուշացրած յուրաքանչյուր օրվա համար չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով։
Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր եւ ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաեւ ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով։
Հոդված 104. Ալիմենտը հաշվակցելու եւ հետգանձման անթույլատրելիությունը
1. Ալիմենտը չի կարող հաշվարկվել այլ հակընդեմ պահանջներով։
2. Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետեւյալ դեպքերի, երբ՝
ա) վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելու մասին դատարանի վճիռը.
բ) ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել այն ալիմենտ ստացողի կողմից խաբեության, սպառնալիքի կամ բռնության ազդեցության տակ կնքված լինելու հետեւանքով.
գ) դատարանի վճռով հաստատվել է՝ դատարանի վճիռը, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը կեղծելու փաստը, որոնց հիման վրա վճարվել է ալիմենտը։
3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները կատարվել են երեխայի կամ ալիմենտ ստացող չափահաս անգործունակ անձի ներկայացուցչի կողմից, ապա ալիմենտի հետ բռնագանձում չի կատարվում, իսկ վճարված ալիմենտի գումարները բռնագանձվում են մեղավոր ներկայացուցչից՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով։
Հոդված 105. Ալիմենտի ինդեքսավորումը
Ինդեքսավորման նպատակով ալիմենտի չափը դատարանի կողմից սահմանվում է նվազագույն աշխատավարձի չափի որոշակի թվին համապատասխանող կայուն դրամական գումարով։
Հոդված 106. Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելու պարտավոր անձի մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում
1. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, կարող է ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է ապրուստի միջոց տրամադրել, կնքել ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն՝ սույն օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 91-րդ եւ 92-րդ հոդվածներին համապատասխան։
2. Համաձայնություն չկնքվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան ալիմենտի չափը կայուն դրամական գումարով որոշելու եւ ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին։
Հոդված 107. Դատարանի կողմից սահմանված ալիմենտի չափը փոփոխելը եւ ալիմենտ վճարելուց ազատելը
1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային եւ ընտանեկան դրությունը, դատարանը կարող է ցանկացած կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել այն վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ այն վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաեւ կողմերի ուշադրության արժանի շահերը։
2. Դատարանը կարող է չափահաս գործունակ անձի օգտին ալիմենտի բռնագանձումը մերժել, եթե հաստատվի, որ նա ալիմենտ վճարելու պարտավոր անձի նկատմամբ կատարել է դիտավորյալ հանցագործություն կամ չափահաս գործունակ անձն ընտանիքում դրսեւորել է հակաբարոյական վարքագիծ։
Հոդված 108. Ալիմենտային պարտավորությունների դադարումը
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվամբ, այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով։
2. Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝
ա) երեխայի չափահաս դառնալով կամ երեխաների՝ մինչեւ չափահասության հասնելը, լրիվ գործունակություն ձեռք բերելով.
բ) երեխան որդեգրվելիս (դստերագրվելիս), որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը.
գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ օգնության անապահով անապահովության ճանաչումը դադարելիս.
դ) անաշխատունակ օգնության կարիք ունեցող եւ ալիմենտ ստացող նախկին ամուսնու՝ նոր ամուսնություն կնքելիս.
ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ։
ԲԱԺԻՆ YI.
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
ԳԼՈՒԽ 17
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 109. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը
1. Երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողների անգործունակ ճանաչելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում, ինչպես նաեւ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում, երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների վրա։
Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, վարում են նման երեխաների հաշվառումը եւ, ելնելով ծնողական խնամքից զրկվելու կոնկրետ հանգամանքներից, ընտրում են այդ երեխաներին տեղավորելու ձեւերը:
Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններից բացի այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման ու տեղավորման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում։
2. Խնամակալության եւ հոգաբարձության հարցերի անհատական կազմը համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Խնամակալության եւ հոգաբարձության հարցերի հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 110. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտումը եւ հաշվառումը
1. Հիմնարկների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ կազմակերպությունների) պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություններ ունեն սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետում նշված երեխաների մասին, պարտավոր են այդ մասին հաղորդել խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին՝ ըստ երեխաների փաստացի գտնվելու վայրի։
Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն եւ նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը՝ մինչեւ նրա տեղավորման հարցի լուծումը։
2. Դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ կազմակերպությունների ղեկավարները, որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, պարտավոր են սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, յոթնօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության եւ հոգաբարձության մարմնին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։
3. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված տեղեկություններն ստանալու պահից 15 օրվա ընթացքում ապահովում է երեխայի տեղավորումը եւ երեխային դաստիարակության համար ընտանիք հանձնելու անհնարինության դեպքում նման երեխայի մասին տեղեկություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին՝ նման երեխաների հաշվառման եւ ընտանիքներում երեխաների դաստիարակության հետագա կազմակերպման նպատակով՝ մինչեւ նշված ժամկետի ավարտը։
Համապատասխան լիազորված մարմինը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից 15 օրվա ընթացքում կազմակերպում է նման երեխաների տեղավորումը քաղաքացիների ընտանիքներում՝ հետագա դաստիարակության համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին, որը ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը եւ աջակցում է այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նշված կազմակերպությունների ղեկավարները եւ պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու, ակնհայտորեն ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են երեխային դաստիարակության նպատակով ընտանիք հանձնելուց թաքցնելուն՝ պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Հոդված 111. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորումը
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները դաստիարակության համար ենթակա են հանձնման՝ ընտանիքին (որդեգրման (դստերագրման), խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք), իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ որբ երեխաների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բոլոր տիպի կազմակերպություններ (դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ)։
Երեխային տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները։
2. Մինչեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին դաստիարակության համար ընտանիքում կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում տեղավորելը երեխաների խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի վրա։
3. Որբ, երեխաների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման համար նախատեսված կազմակերպությունների ցանկը եւ տեղավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 18
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)
Հոդված 112. Որդեգրման (դստերագրման) ենթակա երեխաները
1. Որդեգրումը, դստերագրումը (այսուհետ՝ որդեգրում) համարվում է այն իրավաբանական ակտը, որի համաձայն որդեգրողները եւ որդեգրվածները ձեռք են բերում ծնողների եւ զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ եւ պարտականություններ:
Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձեւը։
2. Որդեգրում թույլատրվում է միայն երեխաների նկատմամբ եւ ելնելով նրանց շահերից՝ պահպանելով սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի պահանջները, ինչպես նաեւ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։
3. Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխաների շահերից։
4. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին որդեգրման հանձնելու նրանց ազգականների՝ անկախ վերջիններիս բնակության վայրի եւ քաղաքացիության:
Հոդված 113. Երեխային որդեգրելու կարգը
1. Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ։
2. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին, նշելով որդեգրվող երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի մասին տեղեկություններ:
Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի եւ դաստիարության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
3. Որդեգրված երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին՝ ըստ վճիռ կայացնելու վայրի։
Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Հոդված 114. Որդեգրման ենթակա երեխաների եւ երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը
1. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով։
2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը։
Հոդված 115. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեության անթույլատրելիությունը
1. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեությունը, այսինքն, որդեգրել ցանկացող անձանց անունից եւ նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող երեխաների ընտրելու եւ որդեգրման հանձնելուն ուղղված ցանկացած գործունեություն չի թույլատրվում: Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության եւ հոգաբարձության մարմինների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման եւ տեղավորման մարմինների գործունեությունը:
2. Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:
3. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 116. Որդեգրելու իրավունք ունեցող անձինք
1. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝
ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
բ) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
զ) այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։
Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք դաստիարակության համար՝ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
է) այն անձինք, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
ը) այն անձինք, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական եւ տեխնիկական սահմանված պահանջներին.
թ) այն անձինք, որոնք որդեգրման պահին ունեն դատվածություն քաղաքացու կյանքի եւ առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:
2. Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միեւնույն երեխային։
3. Միեւնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին եւ խորթ ծնողներին, այն պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 1-ին կետով, բացառությամբ «է» եւ «ը» ենթակետերի եւ 2-րդ կետով նախատեսված պահանջները եւ որդեգրվող երեխայի շահերը:
Հոդված 117. Որդեգրողի եւ որդեգրվող երեխայի միջեւ տարիքային տարբերությունը
1. Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի տասնութ տարուց ոչ պակաս։
2. Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում:
Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը
1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա ծնողների գրավոր համաձայնությունը։ Անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաեւ նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը։
Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը պետք է արտահայտվի դիմումով, հաստատված նոտարական կարգով կամ այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխան կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից՝ ըստ երեխային որդեգրելու վայրի կամ ծնողների բնակության վայրի, ինչպես նաեւ համաձայնությունը կարող է արտահայտվել անմիջականորեն դատարանում որդեգրման վարույթի ժամանակ։
2. Ծնողներն կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված համաձայնությունը մինչեւ նրան որդեգրելու մասին դատարանի վճիռ կայացնելը։
3. Ծնողները կարող են համաձայնություն տալ երեխային որդեգրելու կոնկրետ անձի կողմից կամ առանց նշելու կոնկրետ անձի։ Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:
Հոդված 119. Երեխայի որդեգրումն առանց ծնողների համաձայնության
Երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, եթե նրանք՝
ա) անհայտ են կամ դատարանի կողմից ճանաչվել են անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչված են անգործունակ.
գ) դատարանի կողմից զրկված են ծնողական իրավունքներից.
դ) դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում եւ խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց։
Հոդված 120. Երեխային որդեգրելու համար խնամակալների (հոգաբարձուների), խնամատար ծնողների համաձայնությունը, որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները
1. Խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ է նրանց խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը։
Խնամատար ընտանիքներում գտնվող երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ է խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը։
2. Դատարանը կարող է, առանց սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց համաձայնության՝ ելնելով երեխայի շահերից, վճիռ կայացնել նրան որդեգրելու մասին։
Հոդված 121. Որդեգրման համար որդեգրվող երեխայի համաձայնությունը
1. Տասը տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը։
2. Եթե մինչեւ որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում եւ նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը, բացառության կարգով, կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունը ստանալու։
Հոդված 122. Երեխայի որդեգրման համար որդեգրողի ամուսնու համաձայնությունը
1. Երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար պահանջվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից։
2. Երեխայի որդեգրման համար մյուս ամուսնու համաձայնությունը չի պահանջվում, եթե ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավել համատեղ չեն ապրում եւ մյուս ամուսնու բնակության վայրը անհայտ է։
Հոդված 123. Որդեգրված երեխայի անունը, հայրանունը, եւ ազգանունը
1. Որդեգրված երեխայի համար կարող է պահպանվել նրա անունը, հայրանունը եւ ազգանունը։
2. Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ երեխան կնոջ կողմից որդեգրվելիս՝ նրա կողմից որպես որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով։
3. Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաեւ նրա կողմից նշած անունը։
4. Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը։
5. Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) ազգանունը, անունը եւ հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով։
6. Տասը տարին լրացած որդեգրված երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացի սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից։
7. Որդեգրված երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան փոփոխման մասին նշվում է նրա որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։
Հոդված 124. Որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակի եւ ծննդյան վայրի փոփոխումը
1. Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, ինչպես նաեւ նրա ծննդյան վայրը։
Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի փոփոխում թույլատրվում է մինչեւ մեկ տարեկան երեխային որդեգրելիս։
2. Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի եւ (կամ) վայրի փոփոխման մասին նշվում է նրան որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
Հոդված 125. Որդեգրողներին որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառելը
1. Որդեգրողների խնդրանքով դատարանը կարող է որոշում կայացնել ծննդի պետական գրանցման գրքում որդեգրողներին որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառելու մասին։
2. Տասը տարին լրացած որդեգրված երեխայի նկատմամբ նման գրառում կատարելու համար անհրաժեշտ է երեխայի համաձայնությունը, բացի սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից։
3. Որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտությունը նշվում է երեխայի որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
Հոդված 126. Երեխային որդեգրելու իրավական հետեւանքները
1. Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները՝ որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին։
2. Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից։
3. Երեխային մեկ անձի կողմից որդեգրելիս անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները կարող են պահպանվել մոր ցանկությամբ՝ եթե որդեգրողը տղամարդ է կամ հոր ցանկությամբ՝ եթե որդեգրողը կին է։
4. Եթե որդեգրվող երեխայի ծնողներից մեկը մահացել է, ապա մահացած ծնողի (երեխայի պապի կամ տատի) խնդրանքով կարող են պահպանվել անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները մահացած ծնողի ազգականների նկատմամբ, եթե այդ են պահանջում երեխայի շահերը։
Մահացած ծնողի ազգականների՝ որդեգրված երեխայի հետ շփման իրավունքն իրականացվում է սույն օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով։
5. Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
6. Երեխայի որդեգրման՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված իրավական հետեւանքները վրա են հասնում անկախ այդ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ որդեգրողին որպես ծնող գրառելուց։
7. Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:
Հոդված 127. Որդեգրված երեխայի կենսաթոշակի եւ նպաստի իրավունքը պահպանելը
Երեխան, որը իրեն որդեգրելու պահին ունեցել է ծնողների մահվան կապակցությամբ կենսաթոշակի, նպաստի իրավունք, պահպանում է այդ իրավունքը նաեւ որդեգրվելիս։
Հոդված 128. Երեխայի որդեգրման գաղտնիքը
1. Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով։
Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը եւ աշխատողները, ինչպես նաեւ որդեգրման մասին տեղյակ այլ անձինք, պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք, որոնք հրապարակել են երեխայի որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Հոդված 129. Երեխայի որդեգրումը վերացնելը
1. Երեխայի որդեգրումը վերացվում է դատական կարգով։
2. Երեխայի որդեգրման վերացման մասին գործը քննվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Որդեգրումը դադարում է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։
Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել որդեգրման պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին։
Հոդված 130. Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը
1. Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, եթե որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են խրոնիկական ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող հիվանդներ, ինչպես նաեւ դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում՝ այդ ծնողների պահանջով:
2. Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրումը նաեւ այլ հիմքերով՝ ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
Հոդված 131. Երեխայի որդեգրումը վերացնելու պահանջի իրավունք ունեցող անձինք
Երեխայի որդեգրումը վերացնելու պահանջի իրավունք ունեն նրա ծնողները, երեխայի որդեգրողները, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, ինչպես նաեւ տասնութ տարին լրացած որդեգրվածը՝ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։
Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետեւանքները
1. Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի եւ որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում եւ վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա է պահանջում երեխայի շահերը։
2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով հանձնվում է ծնողներին։ Ծնողների բացակայության դեպքում, ինչպես նաեւ, եթե երեխան ծնողներին հանձնելը հակասում է նրա շահերին, երեխան հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի խնամքին։
3. Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաեւ որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը եւ ազգանունը, ինչպես նաեւ փոփոխված ծննդյան ժամանակը եւ վայրը պահպանելու հարցը։
Տասը տարին լրացած երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ։
Հոդված 133. Որդեգրված երեխայի չափահաս դառնալու դեպքում որդեգրումը վերացնելու անթույլատրելիությունը
Երեխայի որդեգրման վերացում չի թույլատրվում, եթե որդեգրումը վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին որդեգրված երեխան դարձել է չափահաս, բացի այն դեպքերից, երբ նման վերացման համար առկա են որդեգրողի եւ որդեգրված երեխայի, ինչպես նաեւ որդեգրված երեխայի ծնողների փոխադարձ համաձայնությունը, եթե ծնողները ողջ են, զրկված չեն ծնողական իրավունքներից կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված չեն։
ԳԼՈՒԽ 19
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 134. Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն
1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի՝ նրանց պահելու, դաստիարակելու եւ կրթություն տալու, ինչպես նաեւ նրանց իրավունքների եւ շահերը պաշտպանելու նպատակներով։
2. Երեխաների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն նշանակվում եւ դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 135. Երեխաների խնամակալները (հոգաբարձուները)
1. Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ:
2. Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական եւ այլ անձնական հատկանիշները, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) եւ երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաեւ, եթե դա հնարավոր է, երեխայի ցանկությունը։
3. Խնամակալ (հոգաբարձու) չեն նշանակվում խրոնիկական ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ հիվանդ անձինք, խնամակալների (հոգաբարձուների) պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքներից զրկված անձինք, ծնողական իրավունքները սահմանափակված անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր առողջական վիճակով չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը։
Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ
1. Դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ կազմակերպությունների վրա։
Խնամակալների (հոգաբարձուների) կողմից երեխաներին սույն հոդվածում նշված կազմակերպություններում ժամանակավորապես տեղավորելը չի դադարեցնում այդ երեխաների նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներն ու պարտականությունները։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կազմակեր3. Խնամակալը (հոգաբարձուն) իրավունք չունի խոչընդոտել ծնողների եւ այլ մերձավոր ազգականների հետ երեխայի շփվելուն, բացի այն դեպքերից, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի շահերին։
3. Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են քաղաքացիական օրենսգրքով:
4. Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության եւ հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց։
ԳԼՈՒԽ 20
ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ Հոդված 137. Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը
1. Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում՝ երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագրի հիման վրա։
Երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների (ամուսինների կամ առանձին քաղաքացիների, որվքեր ցանկանում են երեխաներին վերցնել իրենց ընտանիք՝ դաստիարակության համար) միջեւ:
2. Խնամատար ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Խնամատար ընտանիքում դաստիարակվելու համար երեխան (երեխաները) տրվում է մինչեւ նրա չափահաս դառնալը՝ պայմանագրով նախատեսված ժամկետով։
4. Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագրով պետք է նախատեսվեն երեխայի (երեխաների) ապրուստի, դաստիարակության եւ կրթության պայմանները, խնամատարների իրավունքներն ու պարտականությունները, խնամատար ընտանիքի նկատմամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտականությունները, ինչպես նաեւ այդ պայմանագրի դադարման հիմքերն ու հետեւանքները։
Խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության չափը եւ խնամատար ընտանիքին տրամադրվող արտոնությունները, կախված դաստիարակության ընդունված երեխաների քանակից, սահմանվում են խնամատար ընտանիքի մասին կանոնադրությամբ։
5. Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել խնամատար ծնողների նախաձեռնությամբ, հարգելի պատճառնրի (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, երեխայի (երեխաների) հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների միջեւ բախումների եւ այլն) առկայության դեպքում, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխային (երեխաներին) պահելու, դաստիարակելու եւ կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային (երեխաներին) ծնողներին վերադարձնելու, կամ երեխային (երեխաներին) որդեգրելու դեպքերում։
Հոդված 138. Խնամատար ծնողները
1. Խնամատար ծնողներ կարող են լինել չափահաս երկու սեռի անձինք, բացառությամբ՝
ա) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
բ) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
զ) այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ.
է) այն անձինք, որոնք այդ պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի երեխայի նվազագույն կենսապայմանները.
ը) այն անձիք, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական եւ տեխնիկական սահմանված պահանջներին.
թ) այն անձինք, որոնք այդ պահին ունեն դատվածություն քաղաքացու կյանքի եւ առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:
2. Խնամատար ծնողների ընտրությունն իրականացվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջների պահպանումով։
3. Խնամատար ծնողները դաստիարակության ընդունած երեխայի (երեխաների) նկատմամբ ձեռք են բերում խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներ ու պարտականություններ։
Հոդված 139. Խնամատար ընտանիքում դաստիարակության հանձնված երեխան (երեխաները)
1. Խնամատար ընտանիքին դաստիարակության համար հանձնվում է առանց ծնողական խնամքի մնացած, այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխան (երեխաները)։
Խնամատար ընտանիքին դաստիրակության չեն կարող հանձնվել սուր կամ խրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխաները՝ եթե խնամատար ընտանիքը հակառակը չի պնդում:
2. Խնամատար ընտանիքին հանձնելու համար երեխայի (երեխաների) նախնական ընտրությունն իրականացվում է երեխային (երեխաներին) դաստիարակության համար ընտանիք ընդունել ցանկացող անձանց կողմից՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համաձայնությամբ։
Արգելվում է եղբայրներին ու քույրերին առանձին խնամատար ընտանիքներին հանձնելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա բխում է նրանց շահերից։
3. Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիք հանձնելն իրականացվում է՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։
4. Խնամատար ընտանիք հանձնված երեխան (երեխաները) պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, նպաստի եւ սոցիալական այլ վճարումների նկատմամբ իրավունքը, ինչպես նաեւ բնակելի տարածության սեփականության, օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածություն ստանալու իրավունքը։
Խնամատար ընտանիք հանձնված երեխան (երեխաները) ձեռք է բերում նաեւ սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները։
5. Խնամատար ընտանիքին դաստիարակության հանձնված երեխայի որդեգրումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Դաստիարակության համար երեխային ընտանինք հանձնելու մասին պայմանագիրը դադարում է որդեգրման պահից:
Հոդված 140. Խնամատար ընտանիք հանձնված երեխային (երեխաներին) պահելը
1. Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին յուրաքանչյուր ամիս վճարվում են դրամական միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով։
2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է խնամատար ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, նպաստել երեխայի (երեխաների) կյանքի ու դաստիարակության համար նորմալ պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ վերահսկուղություն իրականացնել խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
ԲԱԺԻՆ YII.
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 141. Ամուսնության կնքումը Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 142. Ամուսնության կնքումը հյուպատոսական հիմնարկներում
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։
2. Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներում կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով։
Հոդված 143. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների ճանաչումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
2. Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել են այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Հոդված 144. Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների անվավերությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների անվավերությունը որոշվում է այն օրենսդրությամբ, որը կիրառվել է ամուսնությունը կնքելիս։
Հոդված 145. Ամուսնության լուծումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների միջեւ ամուսնության լուծումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
3. Օտարերկրյա քաղաքացիների միջեւ ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Հոդված 146. Ամուսինների անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները
1. Ամուսինների անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր, իսկ համատեղ բնակության վայրը չլինելու դեպքում՝ այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են վերջին համատեղ բնակության վայր։ Համատեղ բնակության վայր չունեցող ամուսինների անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
2. Ընդհանուր քաղաքացիություն կամ համատեղ բնակության վայր չունեցող ամուսինները ամուսնական պայմանագիր կամ մեկը մյուսին ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելիս կարող են ընտրել ամուսնական պայմանագրով կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները որոշելու համար կիրառման ենթակա օրենսդրությունը։ Եթե ամուսինները չեն ընտրել կիրառման ենթակա օրենսդրությունը, ապա ամուսնական պայմանագրի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի նորմերը։
Հոդված 147. Հայրության (մայրության) որոշումը եւ վիճարկումը
Հայաստանի Հանրապետության տարածքում հայրության (մայրության) որոշումը եւ վիճարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հայրության (մայրության) որոշումը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող ծնողները, որոնցից թեկուզ մեկը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող են հայրությունը (մայրությունը) որոշելու մասին հայտարարությամբ դիմել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ։
Հոդված 148. Ծնողների եւ զավակների իրավունքներն ու պարտականությունները
Ծնողների եւ զավակների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը, որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների եւ զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան։ Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների եւ ծնողների ու զավակների միջեւ այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան։
Հոդված 149. Չափահաս զավակների եւ ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները
Չափահաս զավակների ալիմենտային պարտավորությունները ծնողների օգտին, ինչպես նաեւ ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները, որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում նման պարտավորությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացի է համարվում ալիմենտ ստանալուն հավակնող անձը։
Հոդված 150. Որդեգրումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից, ինչպես նաեւ որդեգրումը վերացնելը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախնական համաձայնությունը ստանալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս անհրաժեշտ է ստանալ երեխայի օրինական ներկայացուցչի եւ այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաեւ, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությանը համապատասխան, նաեւ որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը։
2. Այն դեպքում, եթե որդեգրման հետեւանքով կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված երեխայի իրավունքները, որդեգրում չի կարող կատարվել անկախ որդեգրողի քաղաքացիությունից, իսկ կատարված որդեգրումը ենթակա է վերացման դատական կարգով։
3. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որդեգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, իրականացվում է միջազգային իրավունքի նորմերով թույլատրելի սահմաններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից, որտեղ նշված երեխաները մինչեւ նրանց չափահաս դառնալը գտնվում են հաշվառման մեջ:
Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որ կատարվել է օտարերկրյա այն պետության իրավասու մարմնի կողմից, որի քաղաքացին է համարվում որդեգրողը, Հայաստանի Հանրապետությունում վավեր է որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախնական համաձայնությունը ստանալու դեպքում։
Հոդված 151. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը
1. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները եւ այլ մարմինները այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանությանը եւ կիրառման պրակտիկային համապատասխան։
Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները եւ այլ մարմինները կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա իրավասու մարմիններին՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար կամ ներգրավել փորձագետների։
Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել այն օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող փաստաթղթերը, որոնց վրա նրանք հենվում են իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար եւ այլ կերպ աջակցել դատարանին եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններին եւ այլ մարմիններին օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար։
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցներով, ողջամիտ ժամկետներում, չի պարզվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմի բովանդակությունը, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
Հոդված 152. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի կիրառման սահմանափակումը
Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերը չեն կիրառվում այն դեպքում, եթե նման կիրառումը հակասում է Հայաստանի Հանրապետության իրավակարգին (հանրային կարգին)։ Այդ դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
ԲԱԺԻՆ YIII.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 153. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո ,
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Ամուսնության եւ ընտանիքի օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ,