Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «առնվազն երեսնօրյա պարբերականությամբ» բառերը փոխարինել «իր կողմից կամ ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ավանդատուին տրամադրվում են գրավոր եղանակով` էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ ավանդատուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվել է հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` հաշվի քաղվածքները փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում` ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա: Ավանդատուն իրավունք ունի նաեւ սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ստանալ բանկի տարածքում` առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում` ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցներով ստանալու իր իրավունքից:».
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ավանդատուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում` ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա: Ավանդատուն իրավունք ունի նաեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը ստանալ բանկի տարածքում` առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում` ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել նոր բովանդակությամբ 5.1-ին մաս.
«5.1. Սույն հոդվածով եւ 6-րդ հոդվածով սահմանված հաղորդակցման կարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ (ռազմական) դրության դեպքում: Արտակարգ (ռազմական) դրության դեպքում բանկն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում (առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր ավանդատուների կամ ավանդատուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին ավանդատուի հետ հաղորդակցումն իրականացվում է բանկի սահմանված միջոցներով եւ ժամկետներում:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) բանկը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, եւ
2) սպառողի իրավունքի խախտման հետեւանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»:
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթները
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված ավանդատուների կողմից այդ հոդվածներով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ եւ դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա:
4. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած այն հարաբերությունների նկատմամբ, որոնց կարգավորումների խախտումները տեղի են ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով`
- համանման հարաբերությունների կարգավորման համար միատեսակ մոտեցումներ ներդնելու անհրաժեշտությամբ. ոլորտային օրենքները նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ ունեն տարբեր կարգավորումներ, որոնք կիրառման առումով խնդիրներ են առաջացնում հաճախորդների ու ֆինանսական կազմակերպությունների համար.
- թղթային հաղորդակցումից Էլեկտրոնային հաղորդակցմանն անցում կատարելու անհրաժեշտությամբ. էլեկտրոնային ձեւով հաղորդակցման անցումը ժամանակի պահանջն է` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, ընդ որում` այդ փոփոխությունն արդեն կատարվել են որոշ ոլորտային օրենքներում եւ այդ փոփոխությունն արդեն իսկ գործող կարգավորումների տրամաբանական շարունակությունն են /օրինակ` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք/.
- Միակողմանի հաղորդակցման ձեւի փոփոխման սահմանափակումների իրականացմամբ. իրավունքի անսահման ազատությունը իր բացասական ազդեցությունն է ունենում ողջ համակարգի վրա` ստիպելով ֆինանսական կառույցներին կատարել չհիմնավորված աշխատանքներ եւ իրականացնել օրենքի պահանջների խախտումներ.
- Արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումների փոփոխմամբ:
Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ առաջարկվող կարգավորման բնույթը
- Սպառողի հետ հաղորդակցումը հանդիսանում է սպառողի եւ ֆինանսական կազմակերպության միջեւ հարաբերությունների անկյունաքարերից մեկը: Դրանք նպատակ ունեն ապահովելու մշտական հասանելիություն ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունից բխող տեղեկատվությանը: Հետեւաբար, սպառողի հետ հաղորդակցման կարգը պետք է հնարավորինս ճկուն լինի ու համապատասխանի հաղորդակցման արդի մոտեցումներին: Նախագծի փաթեթով առաջարկվում է թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին եւ սպառողի ու ֆինանսական կազմակերպության հաղորդակցման կարգը համապատասխանեցնել 2018 թվականին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդակցման կարգին` ապահովելով համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը: Մասնավորապես, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքում եւս առաջարկվում է սահմանել, որ սպառողի եւ կրեդիտավորողի միջեւ հաղորդակցումն իրականացվի էլեկտրոնային եղանակով, եթե հաճախորդը չի պահանջում, որպեսզի այն իրականացվի այլ եղանակով, օրինակ` փոստային կապի միջոցով:
Ուստի, Նախագծով առաջարկվում է հաղորդակցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ինչը սակայն չի բացառում հաճախորդի կողմից հաղորդակցման այլ եղանակի ընտրություն:
- Կարգավորման ճկունության համատեքստում որոշ դեպքերում ոլորտում առկա են իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական ուղջ համակարգի վրա: Էլեկտրոնային հաղորդակցության սկզբունքների ներդրման պարագայում եւս օրենքով չի բացառվում նաեւ այլ` ոչ էլեկտրոնային, ավանդական եղանակներով հաղորդակցության իրականացումը, ինչը ստիպում է ֆինանսական կառույցներին հարմարեցնել իրենց գործունեությունը հաղորդակցման այդ եղանակով պայմանավորված սկզբունքներին: Եթե անձը միակողմանի պարբերաբար փոփոխում է իր կողմից նախապես ընտրված հաղորդակցումը, ապա պայմանագրի մյուս կողմը չի հասցնում ադապտացվել հաճախակի փոփոխվող իրավիճակին, քանի որ դրանք առաջացնում են մի շարք ծրագրային եւ այլ ընթացակարգերի փոփոխությունններ: Արդյունքում նման դեպքերում ֆինանսական կառույցները ստիպված խախտում են կարգավորումները եւ կրում ֆինանսական վնասներ:
Ուստի, առաջարկվում է միակողմանի ձեւով հաղորդակցման եղանակի փոփոխություն թույլատրել տարին մեկ անգամ, ինչը հավասարակշտված մոտեցում է հաճախորդի եւ ֆինանսական կազմակերպության համար: Նշվածը չի նշանակում, որ ֆինանսական կազմակերպությունը եւ հաճախորդը չեն կարող համատեղ փոփոխություն իրականացնել իրենց հաղորդակցման կարգում:
- Հաջորդ փոփոխությունը օրենսդրության պահանջների խախտման համար սպառողի առջեւ ֆինանսական կազմակերպությունների պատասխանատվության պայմանների փոփոխումն է: Խնդիրը կայանում է նրանում, որ նույն հարցի վերաբերյալ տարբեր օրենքներ տարբեր կարգավորումներ են նախատեսում: Ինչը տարբերվում է ոլորտային մասնավորապես, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ ներդրվել եւ գործում են ֆինանսական կազմակերպությանը սպառողի առջեւ պատասխանությունից ազատելու պայմանները` հիմքում դնելով ֆինանսական կազմակերպության կողմից խախտումը վերացնելու բավարար ջանքի ներդրման եւ սպառողի կողմից փաստացի վնաս չկրելու գաղափարը: Սակայն այդ մոտեցումը բացակայում է ավանդների ներգրավման եւ ապահովագրության ոլորտների կարգավորումներում:
Առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական կազմակերպության ծառայություններից օգտվող անձի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը պետք է վճարի երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ` ֆինանսական կազմակերպությունը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, եւ սպառողի իրավունքի խախտման հետեւանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:
- Արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումների փոփոխություններ:
Ներկա կարգավորումներով ցանկացած տեղեկատվությունը, որն ազդում է պայմանագրի վրա, անկախ բարենպաստ է այդ փոփոխությունը, թե` ոչ, պետք է ծանուցվի հաճախորդի ընտրած տարբերակով: Իսկ արտակարգ իրավիճակներում, երբ համատարած ձեւով անհրաժեշտություն է առաջանում ծառայության հետ կապված փոփոխություններ իրականացնել, հնարավորություն չեն ունենում ֆինանսական կառույցներն ապահովել օրենքների գործող կարգավորումները:
Ուստի առաջարկվում է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ (ռազմական) դրություն դեպքում, հաղորդակցման գործող կարգը չի գործում: Արտակարգ (ռազմական) դրության դեպքում բանկն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում, իսկ դրա անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր հաճախորդների կամ որոշակի խմբի հաճախորդների մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին ավանդատուի հետ հաղորդակցումն իրականացվում է բանկի ներքին ակտերով սահմանված ժամկետներում, որոնք պետք է հրապարակվեն սույն մասով նշված հայտարարության հետ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նշված բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բանկային, վարկային եւ ապահովագրության ոլորտներում համանման իրավիճակների համար միատեսակ կարգավորումներ ապահովելուն, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակով պայմանավորված կարգավորումներ նախատեսելուն:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի`
- համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը.
- հաղորդակցման սկզբունքները կհավասարակշռություն.
- արտակարգ դրությամբ պայմանավորված կարգավորումների ճկունությունը:
Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
1. օրենքների նախագծերը,
2. օրենքրենքների նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:
Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ