Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1071-03.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 3-րդ մասում «75 տոկոսին» բառերը փոխարինել «75.87 տոկոսին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «85» եւ «75» թվերը համապատասխանաբար փոխարինել «85.40» եւ «75.66» թվերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

1. Անհրաժեշտությունը. Վերը նշված օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն ապահովելու համար ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) եւ դատական իշխանության մարմիններում աշխատողների աշխատանքի վարձատրության` անմիջականորեն օրենքով սահմանվող դրույքաչափերի փոփոխման համար համապատասխան իրավական հիմքեր ստեղծելու, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրարկման ժամանակ իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած որոշ խնդիրներ կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

2.1. 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որի 28-րդ հոդվածի համաձայն` նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է մեկ հարկատեսակի` եկամտային հարկի կիրառում վարձու աշխատողների համար, ներկայումս գործող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցնում է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ աշխատողին հարկումից հետո վճարվող աշխատավարձի գումարի նվազման, ապա  գործատուն իր միջոցների հաշվին կրում է լրացուցիչ պարտավորություն` վարձու աշխատողին այդ տարբերությունը վճարելու համար:

Հաշվարկները ցույց են տալիս, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային ծառայության ոլորտում վարձու աշխատողների աշխատավարձերից գանձվելիք եկամտային հարկի գումարը գերազանցելու է մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողների աշխատավարձից գանձվող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարի հանրագումարը: Ուստի, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն ապահովելու համար խնդիր է  առաջանում բարձրացնելու ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) եւ դատական իշխանության մարմիններում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, որի համար ներկայումս համապատասխան իրավական հիմքերը բացակայում են:

2.2. Ներկայումս քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բնականոն աճի շարունակականությունը կախված է աշխատանքի անընդմեջությունից եւ սահմանափակվում է, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնում քաղաքացիական ծառայողի աշխատանքի ընդմիջումը  գերազանցում է վեց ամիսը: Հաճախ, համապատասխան մարմինների կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կամ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում քաղաքացիական ծառայողները նույն պաշտոնները զբաղեցնում են պայմանագրային հիմունքներով` մինչեւ այդ պաշտոնների համար մրցույթ հայտարարելը: Պայմանագրային հիմունքներով պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը վեց ամիսը գերազանցելու դեպքում, քաղաքացիական ծառայողը զրկվում է բնականոն աճի կիրառմամբ պաշտոնային դրույքաչափի ձեռք բերած բարձր մակարդակի իրավունքից եւ  պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է առաջին մակարդակով:

Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը,  բնականոն աճով պայմանավորված, իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից, բացառությամբ այն քաղաքացիական ծառայողների, ովքեր հունվարի 1-ի դրությամբ ունեն ավելի քան վեց ամսվա ստաժ: Այս առումով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական ծառայողների համար աշխատանքի անհավասար պայմաններ է սահմանված:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող աշխատողների համար լրացուցիչ վարձատրության իրավունք է սահմանված ՀՀ օրենսդրությամբ: Քաղաքացիական ծառայողներին տրվող լրացուցիչ վարձատրության բոլոր տեսակները համակարգված ներկայացնելու նպատակով` «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում անհրաժեշտ է սահմանել նաեւ գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողներին տրվող աշխատավարձի հավելումը:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, ինչպես նաեւ 13-րդ հոդվածներում հստակ տարանջատված չէ հատուկ առաջադրանքների կատարումը աշխատանքի որակյալ կատարումից,  եւ այդ հիմքերով  պարգեւատրումը ենթադրում է երկու պայմանների առկայություն: Օրենքի 13-րդ հոդվածում սահմանված չէ նաեւ, թե որ մարմինն է վճարում  քաղաքացիական ծառայողի պարգեւատրումը, որի իրավունքը քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել տարբեր մարմիններում:

Նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված աշխատավարձի բնականոն աճի կիրառման սահմանափակումը հանել այն դեպքում, երբ քաղաքացիական ծառայողը զբաղեցրել է հանրային ծառայության պաշտոններ:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան հանրային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրարկման ժամանակ իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած վերը նշված խնդիրների կանոնակարգումն է: Կանոնակարգումը նախատեսվում է իրականացնել ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) եւ դատական իշխանության մարմիններում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (կամ դրանց հաշվարկման գործակիցները, տոկոսները) սահմանող «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Վերահսկիչ պալատի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ ՀՀ դատական եւ ՀՀ ընտրական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ կատարելու ճանապարհով:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագծերի փաթեթը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից եւ մշակման գործընթացում այլ ինստիտուտներ եւ անձիք չեն ներգրավվել:

6. Ակնկալվող արդյունքը. Վերը նշված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի

- «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: Մասնավորապես, ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) եւ դատական իշխանության մարմիններում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (կամ դրանց հաշվարկման գործակիցները, տոկոսները) սահմանող վերը նշված օրենքներում կատարվող փոփոխությունների արդյունքում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը կկարգավորվեն այնպես, որ եկամտային հարկով հարկվելուց հետո կպահպանվի աշխատավարձի նախկին մակարդակը, որը տրվում էր մինչեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը,

- լրացուցիչ վարձատրության սահմանման դեպքերի հստակեցում, քաղաքացիական ծառայողների վարձատրության բնականոն աճի շարունակականության ապահովում` հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու դեպքում, աշխատավարձի բնականոն աճի կիրառում աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվանից, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար պարգեւատրումների տարանջատում: