Armenian ARMSCII Armenian
Կ-595-19.05.2005-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն)327-րդ հոդվածի`

1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերը.

2) 1-ին մասի սանկցիայից հանել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը, «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով։

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

«Այլընտրանքային ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի եւ հասարակության առջեւ քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է։ Նույն հոդվածի համաձայն այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը փոխարինող ծառայությունը, որը բաղկացած է այլընտրանքային զինվորական ծառայությունից եւայլընտրանքային աշխատանքային ծառայությունից, իսկ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում սահմանված է, որ ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայությունից։

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, քանի որ այլընտրանքային ծառայությունից խուսափող անձինք մնում են անպատիժ, ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափող անձանց։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով, քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է։Ինչպես վերը նշվեց, ժամկետային զինվորական ծառայությունը որոշակիորեն տարբերվում է այլընտրանքային ծառայությունից, իսկ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված միայն ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար։

Վերջին տարիներին մեծ թիվ են կազմում ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձինք, եւ այդ հանցագործության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար նպատակահարմար է նաեւ խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով սահմանված պատիժը։