Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-109-03.10.2012-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված162. Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը

Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Հոդված 2.  Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 Առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի  իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.  Անհրաժեշտությունը

Ոչ սահմանված տեղերում առեւտուր  անելու եւ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար պատասխանատվությունը նախատեսվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով եւ 169.16-րդ հոդվածի չորրորդ մասով։ Նկատի ունենալով, որ վարչական պատասխանատվության մեղմ պատժամիջոցները լիարժեք  եւ արդյունավետ չեն  նշված իրավախախտումների դեմ պայքարելիս, ուստի հարցը կարող է կարգավորվել միայն նշյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով։

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով եւ 169.16-րդ հոդվածի չորրորդ մասով  պատասխանատվություն է նախատեսվում համապատասխանաբար՝ ոչ սահմանված տեղերում առեւտուր  անելու եւ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ նշված հոդվածներով նախատեսված տուգանքների ցածր չափերը եւ ոչ սահմանված տեղերում առեւտուր  անելու համար նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում ավելի խիստ պատիժ նշանակելու հնարավորության բացակայությունը` չեն ապահովում իրավախախտողներին վարչական պատասխանատվության ենթարկելիս հնարավոր ակնկալվող դրական արդյունքը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն իրավական ակտի ընդունման նպատակը  իրավախախտողներին վարչական պատասխանատվության ենթարկելիս հնարավոր ակնկալվող դրական արդյունքի հասնելն է:

Վերջինիս իրականացման համար հարկավոր է վարչական պատասխանատվության նվազ չափը փոխարինել տվյալ իրավախախտման տեսակին  առավել համապատասխան չափով, դրանով իսկ ապահովելով իրավախախտումների կատարման  դեպքերի հանրավորինս նվազումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 Նախագծի մշակման գործում այլ ինստիտուտներ  կամ անձինք չեն ներգրավվել։

5.  Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածով եւ 169.16-րդ հոդվածի չորրորդ մասով  նախատեսվող համապատասխանաբար՝ ոչ սահմանված տեղերում առեւտուր  անելու եւ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու վերաբերյալ իրավախախտումների կատարման  դեպքերի հանրավորինս նվազումը եւ հետագայում ի սպառ վերացումը:

6.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Առկա չեն: