Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը
Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:
Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:
Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:»՝
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: