Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1101-03.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում, 2-րդ եւ 3-րդ մասերում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ամսական դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) վերնագրում «Ամսական դրամական» բառերը փոխարինել «Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար դրամական» բառերով,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման գումարի եւ դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ս.թ. հունվարի 12-ին կայացած` մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի նիստի թիվ 101589 արձանագրության 4-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման կապակցությամբ: Նախագծի նպատակը 2013 թվականի հունվարի 1-ից զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների զինվորական կենսաթոշակների մեծության հաշվարկման կանոններում որոշակի վերանայումներ կատարելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Նախագծին կից ներկայացվող` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները ներառել եկամտային հարկի դաշտում (ներկայումս գործող օրենսդրության համաձայն, նշյալ եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ, եւ հետեւաբար, եկամտային հարկով չեն հարկվում): Միաժամանակ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված եւ վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման (աշխատավարձի վերահաշվարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի թիվ 692-Ն որոշմամբ): Հետեւաբար, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների աշխատավարձերի վերահաշվարկման (բարձրացման) անհրաժեշտություն կառաջացնի:

Միաժամանակ, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկվում են նրանց վճարվող ամսական դրամական բավարարման (որն իր մեջ ներառում է պաշտոնային դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման դրույքաչափը եւ ստաժի հավելումը) եւ սննդի փոխհատուցման գումարների հիման վրա:

Խնդիրը կայանում է նրանում, որ զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողներին վճարվող վերոնշյալ գումարների բարձրացումը ուղղակիորեն հանգեցնելու է նրանց ապագա կենսաթոշակի ավելացման, որը, սակայն, որպես օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող կենսաթոշակ, եկամտային հարկով հարկման ենթակա չի լինելու: Հետեւաբար, զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ կենսաթոշակների վճարումը, այլ հավասար պայմաններում, հանգեցնելու է պետական բյուջեի ծախսերի ավելացման, որը նախնական գնահատականներով տարեկան կտրվածքով կազմելու է 3.5 մլրդ. ՀՀ դրամ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման գումարի եւ դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան զինվորական կենսաթոշակի հաշվարկման կանոններն են:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահուն ձեւով ապահովել զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտների ներառումը եկամտային հարկի համակարգում: