Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-580-20.04.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի այսուհետ (օրենքի) 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 6. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը եւ դրույքաչափը

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
1) աշխատավարձը.

2) ձեռնարկատիրական եկամուտը.

3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետեւյալ չափերով.

1) աշխատավարձի 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 25 000 դրամ,

2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝ 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 300 000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.

4) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 25 000 դրամ:

3. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) անձը սոցիալական վճարը կատարում է հետեւյալ չափերով.

1) աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 25 000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.

4. Անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով սոցիալական վճարներ է կատարում՝

1) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու) օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից.

3) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու տարվա ձեռնարկատիրական եկամտից.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվանից:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:

6. Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում եւ փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

Հոդված 2. Օրենքի9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար (օգտին) մինչեւ նրանց կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային հատկացումները կատարվում են հետեւյալ չափով.

1) ամսական համախառն եկամտի 10 տոկոսի չափով (առավելագույնը 25000 դրամ)՝ ամսական համախառն եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարների եւ 10 տոկոսը (առավելագույնը 25000 դրամ) լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 25000 դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսը.

2) ձեռնարկատիրական եկամտի 10 տոկոսի չափով (առավելագույնը 300 000 դրամ) ՝ ձեռնարկատիրական եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարների եւ 10 տոկոսը (առավելագույնը 300 000 դրամ)  լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների (առավելագույնը 300 000 դրամ) հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսը.

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 10000 դրամի չափով.

4) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով չնախատեսված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարների չափով:

Հոդված 3. Օրենքի 81-րդ հոդվածի 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող օրենքով 500 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 000 ՀՀ դրամը, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, որն այս պահին կազմում է1 020 000 ՀՀ դրամ: Արդյունքում, 500 000 ՀՀ դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչեւ 52 000 ՀՀ դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը եւ նաեւ սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները եւ կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում եւ լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է: Միեւնույն ժամանակ, այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչեւ 500 000 ՀՀ դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 000 ՀՀ դրամի համար սահմանված վճարի չափով:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, եւ առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500 000 ՀՀ դրամը:

Ակնկալվող արդյունքը.

Փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 000 քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից եւ հարկերի նվազումից՝ առավել եւս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին:

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

                    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «ՀՀ օրենքը կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

4. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ Եղիշե Սողոմոնյան:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝           ԵՂԻՇԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
                                ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ