Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «ժգ» կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ`
«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն:»:
Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
Առկա իրավիճակը
Շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշներից: Հաշվի առնելով այն, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ եւ հերթականությամբ ձեւավորել հաշվառման համարանիշը, անհրաժեշտ ենք համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարումը, որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: Իրավասու լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակում կարող է ներդնել նման հաշվառման համարանիշների տրամադրման կարգ:
Առաջարկվող լուծումը
Օրենսդրական փոփոխության իրականացում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որն իրավական հենք կձեւավորի լիազոր մարմնի համար ընդունել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի եւ/կամ թվանշանների համակցությամբ համարանիշ գնելու առաջարկ կատարելու, այնուհետեւ համապատասխան ընթացակարգերով այն տրամադրելու կամ մերժելու կարգ:
Ակնկալվող արդյունքը
Ենթադրվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետեւաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը եւ հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«27» ապրիլ, 2020թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:
Գրությանը կից ներկայացվում են`
1. Նախագիծը (հիմնական զեկուցող` Ալեն Սիմոնյան)
2. Նախագծի ընդունման հիմնավորումը,
3. Գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքներիի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ