Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (28 նույեմբերի 2007 թվականի ՀՕ-269-Ն) 33-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասում «ակնհայտ կեղծ ցուցմունք» բառերը փոխարինել «սուտ ցուցմունք» բառերով.
2) 6-րդ մասում «ակնհայտ կեղծ ցուցմունք» բառերը փոխարինել «սուտ ցուցմունք» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քրեական օրեսգրքի 338-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալու, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու, քրեական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:
Փաստորեն այս հանցակազմի օբյեկտիվ կողմն են կազմում տուժողի կամ վկայի կողմից ակնհայտ սուտ ցուցմունքներ տալը, փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը եւ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը:
Նշված գործողությունները գործող քրեական օրենսգրքի համաձայն կարող են կատարվել ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործի քննության ընթացքում: Մինչդեռ վարչական դատավարության ընթացքում վկայի կամ կողմերի ցուցմունքները, որոնց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարգադրել ցուցմունք տալ վիճելի փաստի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար սահմանված կանոններով, եւս կարող են կարեւոր նշանակություն ունենալ: Ինչպես քրեական եւ քաղաքացիական, այնպես էլ վարչական գործի լուծման համար կարեւորվում են նաեւ փորձագետի եզրակացությունը եւ թարգմանչի կողմից կատարած ճիշտ թարգմանությունը:
Բացի այդ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանը նախազգուշացնում է վկային ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
Իսկ նույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դատարանը փորձագետ նշանակելիս պետք է փորձագետին նախազգուշացնի ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ կազմվում է փորձագետի կողմից ստորագրված գրավոր արձանագրություն:
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ առաջարկում ենք լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ 338-րդ հոդվածում քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական եւ քաղաքացիական, այլ նաեւ վարչական գործով ակնհայտ սուտ ցուցմունք, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:
Նույն նկատառումով առաջարկվում է քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական եւ քաղաքացիական, այլ նաեւ վարչական գործով ապացույցները կեղծելու համար:
Ինչ վերաբերվում է քրեական դատավարության, վարչական դատավարության եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ապա դրանք պայմանավորված են միասնական հասկացության օգտագործման միտումով: Բանն այն է, որ նույն խնդրի շուրջ վերոհիշյալ օրենսգրքերը օգտագործում են տարբեր հասկացություններ, ինչպիսինն են «ակնհայտ սուտ ցուցմունք» եւ «ակնհայտ կեղծ ցուցմունք» հասկացությունները: Վերոհիշյալ բազմազանությունը վերացնելու նպատակով առաջարկվում է միասնականորեն օգտագործել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված «սուտ ցուցմունք» բառակապակցությունը: