Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-131-24.10.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-116 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«արագ արձագանքման պաշար` պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական  ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օպերատիվ օգնության համար եւ իր մեջ է ներառում արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների,  անհատական պաշտպանության միջոցների եւ այլ ապրանքների պաշարներ.»:

Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաեւ օրենքով  չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների բաց թողումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի  համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի  ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը եւ արժեքը:

6. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձեւավորման, պահպանման, բաց թողման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» :

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերման նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի  ղեկավարի հրամանով`  Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքները արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով  սահմանված են պետական նյութական պահուստի օգտագործման նպատակները, որոնց թվում է`

բ) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը;

դ ) ցուցաբերել մարդասիրական օգնություն:

Նշված խնդիրների լուծման համար պետական պահուստում անհրաժեշտ է կուտակել համապատասխան ապրանքներ: Սակայն այդ ապրանքները մինչ օրս ներառված չեն պետական նյութական պահուստի կազմում, սահմանված չեն դրանց անվանացանկը եւ կուտակման նորմերը: Մյուս կողմից, ներկայումս գործող պետական նյութական պահուստի կառավարման համակարգը չի ապահովում  արտակարգ իրավիճակների դեպքում պահանջվող որոշումների ընդունման եւ իրագործման օպերատիվությունը, քանի  որ ցանկացած դեպքում նյութական արժեքների օգտագործման համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության  կառավարության համապատասխան որոշում, որի ընդունումը զգալի ժամանակ է պահանջում: Մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությունը, մասնավորապես պետական նյութական պահուստի հետ իրականացվող գործառնությունների վրա տարածվող գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջը, նպաստավոր պայմաններ չի ստեղծում պահուստի ձեւավորման նպատակով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների ներգրավման հարցում: Մինչդեռ գաղտնիության ռեժիմի պահպանումը, անհրաժեշտ լինելով զորահավաքային կարիքների ապահովման համար նախատեսված պաշարների դեպքում, չի կարող արդարացված համարվել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերելու համար նախատեսված պաշարին վերաբերվող տեղեկությունների նկատմամբ:

Իրավական ակտի ընդունելու անհրաժեշտությունը առաջացել է, ելնելով.
 

  • արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերելու համար նախատեսված պաշարի ստեղծման անհրաժեշտությունից.
     
  • արտակարգ իրավիճակներում կատարվող աշխատանքների նյութական ապահովման նպատակով, ինչպես նաեւ մարդասիրական օգնության ցուցաբերելու դեպքում` պահանջվող ապրանքները պետական պահուստից բաց թողնման օպերատիվությունը ապահովելու  անհրաժեշտությունից.
     
  • վերը նշված նյութական արժեքների ձեւավորումը ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլ նաեւ այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ֆինանսավորելու հնարավորությունը ապահովելու անհրաժեշտությունից: 

    2. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Օրենքի նախագծի նպատակն է ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված պաշարի ստեղծման իրավական հիմքերը, դրա կառավարման օպերատիվությունը եւ դրա ձեւավորման ֆինանսավորումը այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ապահովելու հնարավորությունը:Նախագծով նախատեսված «Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձեւավորման, պահպանման, բաց թողման կարգը»ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել ՀՀ օրենքի ընդունվելուց հետո 6-ամսյա ժամկետում:

    3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք եւ նրանց դիրքորոշումը

    Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ:

    4. Ակնկալվող արդյունքը  

  • Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերելու համար նախատեսված պաշարի (արագ արձագանքման պաշարի) ստեղծման ձեւավորումը.
     
  • Արագ արձագանքման պաշարի կառավարման` արտակարգ իրավիճակներում կատարվող աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով պահանջվող ապրանքների պետական պահուստից բաց թողնման օպերատիվության ապահովումը.
     
  • Արագ արձագանքման պաշարի ձեւավորումը ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլ նաեւ այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ֆինանսավորելու հնարավորության ապահովումը: