Armenian ARMSCII Armenian
Կ-131-24.10.2012-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-116-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«արագ արձագանքման պաշար` պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օպերատիվ օգնության համար եւ ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների եւ այլ ապրանքների պաշարներ.»:

Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բաց թողնելը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը եւ արժեքը:

6. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձեւավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: