Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետը «տեղաբաշխման մասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետում ներկայացված տեղեկությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե)» կետով.
«ե) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները:»
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի, պետական նյութական պահուստների փաստացի չափերի եւ դրանց տեղաբաշխման մասին, ինչպես նաեւ նույն հոդվածի զ) ենթակետի համաձայն ՀՀ պետական պահուստների եւ պաշարների, նրանց ֆինանսների եւ բյուջետային քաղաքականության մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին:
Գաղտնիության ռեժիմի պահպանումը, անհրաժեշտ լինելով զորահավաքային կարիքների ապահովման համար նախատեսված պաշարների դեպքում, չի կարող արդարացված համարվել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերելու համար նախատեսված պաշարին վերաբերվող տեղեկությունների նկատմամբ: Ավելին, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ա) ենթակետի համաձայն, քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերիմ աղետների, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետեւանքների մասին տեղեկությունները չեն կարող դասվել պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին: Ելնելով նշվածից, տրամաբանական կլինի, որպեսզի գաղտնիության ռեժիմը չտարածվի նաեւ արտակարգ իրավիճակների ժամանակ օգտագործման համար նախատեսված արագ արձագանքման պաշարին վերաբերվող տեղեկությունների վրա:
Միեւնույն ժամանակ, պետական նյութական պահուստի հետ իրականացվող գործառնությունների վրա տարածվող գաղտնիության ռեժիմի պահպանումը նպաստավոր պայմաններ չի ստեղծում պետական նյութական պահուստի արագ արձագանքման պաշարի ձեւավորման նպատակով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների ներգրավման հարցում:
Իրավական ակտը մշակվել է, ելնելով արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված նյութական արժեքների (արագ արձագանքման պաշարի) ձեւավորումը ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլ նաեւ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին իրականացնելու հնարավորությունը ապահովելու անհրաժեշտությունից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի նախագծի նպատակն է` ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերելու համար նախատեսված պաշարի (արագ արձագանքման պաշարի) ֆինանսավորումը այլընտրանքային աղբյուրներից, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ձեւավորելու հնարավորությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք եւ նրանց դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ:
4. Ակնկալվող արդյունքը
Արագ արձագանքման պաշարի ձեւավորման նպատակով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների ներգրավման հնարավորություն: