Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 75.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 75.2. Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում դատավորների թեկնածուներին տրամադրվող կրթաթոշակը
1. Դատավորների թեկնածուներն արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում uտանում են «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կրթաթոշակ։
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածը լրացնել 1.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Դատավորը հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ունակություններին ուսուցանելու նպատակով իր համաձայնությամբ անցնում է հատուկ ուսուցում: Յուրաքանչյուր տարի հատուկ ուսուցում կարող է անցնել դատավորների ընդհանուր թվի մեկ երրորդը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`
1) 1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը եւ դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների թվաքանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով:»:
2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ, 1.2-րդ, 1.3-րդ եւ 1.4-րդ մասեր.
« 1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող թվաքանակի հաշվարկով:
1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների:
1.3. Եթե մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը, ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց թվաքանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվաքանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց թվաքանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապտասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում:
1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:»
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 30-ը սահմանում եւ հրապարակում է գրավոր քննությունների տեսակը, քննական հարցատոմսերի կառուցվածքի եւ բովանդակության ուղենիշները, քննությունների կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաuտաթղթերից կամ տեխնիկական միջոցներից oգտվելու, քննական աշխատանքների ստուգման եւ միավորների հաշվարկման կարգը:»
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ եւ 3.2-րդ մասեր.
«3.1 Քննական հարցատոմսերի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետներ, որոնք պատասխանատվություն են կրում մինչեւ որակավորման ստուգման անցկացումը հարցատոմսերի գաղտնիության պահպանման համար:
3.2 Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:».
5) 4-րդ մասի «uույն oրենuգրքի 185-րդ հոդվածի հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:
6) 5-րդ մասում «Դատական դպրոցի տնօրենին» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով,
7) 8-րդ մասում «Դատական դպրոցի կառավարման խորհրդի» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի» բառերով,
8) 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ մասերում «Դատական դպրոցի տնօրեն» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով։
Հոդված 5. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով, իսկ 2-րդ նախադասության «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը` «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով։
Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ եւ 16-րդ գլուխներում «Դատական դպրոց» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով։
Հոդված 7. Օրենսգրքի 120-րդ հոդված շարադրել հետեւյալ խմբարգրությամբ.՝
«Հոդված 120. Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը
1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝
1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.
6) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.
7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով եւ չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.
13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից.
15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դաuավանդվող առարկայական կուրuի արդյունքում ստացած քննական միավորը պակաu է կուրuը հանձնված համարելու համար Խորհրդի կողմից uահմանված նվազագույն միավորից կամ չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդին:
3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:
4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածությունների ցուցակից:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:»:
Հոդված 8. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ.
«4) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ.
«4) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «,ինչպես նաեւ Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը ավարտած դատախազները, փաստաբանները եւ քննիչները» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 145-րդ հոդվածում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով» բառերը փոխարինել «167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու եւ փորձաշրջանի ղեկավարի» բառերով։
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել նոր 166.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 166.1 Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը
1. Էթիկայի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս, կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:
2. Եթե քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն եւ չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:
3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:
5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:
Հոդված 14. Օրենսգրքի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 15. Օրենսգրքի 209-րդ հոդվածի`
1. 1-ին մասի 2-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած:
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգը եւ ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 16.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
1. Անհրաժեշտությունը
Իրավական պետության կառուցման եւ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ երաշխավորելու Սահմանադրորեն ամրագրված դրույթները լուրջ մարտահրավեր են արդարադատության եւ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործառնության համար: Վերջիններիս հեղինակությունը եւ գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է դրանցում ներգրավված կադրերի հատուկ մասնագիտական պատրաստվածությամբ եւ շարունակական վերապատրաստմամբ: Պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը պահանջում է պետության կողմից համապատասխան պայմանների ապահովում՝ դատական եւ դատախազական համակարգի կադրերի կրթումը եւ վերապատրաստումը իրատեսական դարձնելու համար:
Դատական եւ դատախազական համակարգերը մասնագիտացված կադրերով սնուցելու գործառույթը 2007թ. ընդունված Դատական օրենսգրքով եւ «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսված առ այսօր վերապահված է երկու առանձին կազմակերպությունների՝ «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություններին: Դատաիրավական նշանակալի բարեփոխումների եւ դրանց ադապտացման անցումային այս շրջանի համար նշված կառույցների ստեղծումը եւ գործունությունը զգալի առաջընթաց էր կադրերի մասնագիտական պատրաստման առումով: Այդուհանդերձ, ժամանակի մարտահրավերները պահանջում են կրթական ընթացակարգերի էլ ավելի կատարելագործում, կրթական կառույցների կառավարման եւ կրթական գործընթացի կազմակերպման օպտիմալացում, առավել քիչ միջոցների օգտագործմամբ, սակայն առավել արդյունավետ կերպով նույն նպատակների հասնելու հնարավորություն:
Դատական եւ դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին եւ դրա արդյունավետությունը սատարվում է տարբեր միջազգային փաստաթղթերում:1 Համատեղ ուսուցման կազմակերպման գաղափարը իրացվում է Ֆինլանդիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Ալբանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Մոնտենեգրոյում, Մակեդոնիայում, Չեխիայում եւ այլ երկրներում2 :
Գերմանիայում, Ավստրիայում համատեղ վերապատրաստումն իրականացվում է դատավորների եւ դատախազների վերապատրաստման ժամանակ:
Եվրոպայի դատավորների խորհրդի խորհրդակցական խորհուրդը (CCJE) իր 2003թ.-ի կարծիքում խրախուսել է համատեղ մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման գաղափարը, նշելով, որ «անգամ այն երկրներում, որտեղ դատախազները իրականացնում են դատավորի գործառույթներից առանձնացված գործառույթներ», համատեղ ուսուցումը խթանում է դատավորների եւ այլ մասնագիտությունների միջեւ փոխըմբռնումը, գիտելիքների մակարդակը:3
Դատավորների եւ դատախազների մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման համար փոխգործակցությունը խթանելու համար ստեղծված ԵԽ Լիսաբոնի գործընկերության փաստաթղթում եւս ընդգծվում է, որ համատեղ ուսուցումը նախընտրելի եվրոպական մոտեցումն է:4
Հայաստանի Հանրապետությունում դատավորների եւ դատախազների համատեղ կրթության կազմակերպման նախադրյալները բխում են նաեւ «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումերի ցանկը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2009թ. մայիսի 6-ի ՆԿ 68-Ա Կարգադրության 30-րդ կետի պահանջներից, «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու, ինչպես նաեւ աշխատանքային խումբ ստեղծելու մասին» Հանրապետության Նախագահի 2009 թ. ապրիլի 21 ՆԿ-59-Ն Կարգադրության 7-րդ մասի 11)-րդ կետի եւ Հավելված 2-ի 3.11 կետի պահանջներից5 :
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» նախագծի ընդունմամբ ակնկալվող առաջընթացը ընդգծվում է մասնավորապես, ստորեւ ներկայացվող մի շարք տեսանկյուններից.
1. Ռեսուրսների օպտիմալ կառավարում: Մեկ կառույցում ուսումնառության կազմակերպումը հնարավորություն է տալիս դատական եւ դատախազական համակարգի կադրերի համար ընդհանուր թեմաներով համատեղ առարկայական կուրսերի դասավանդումը, ինչը արդարացված է եւ՛ դասավանդող մասնագետների ներգրավման, եւ՛ դասընթացի կազմակերպման համար հատկացվող ռեսուսրների օպտիմալ տնտեսման տեսանկյունից:
Կրթական գործընթացի կազմակերպումը օպտիմալացնելու արդյունքում ազատ ֆինանսական միջոցները հնարավոր է դառնում ուղղորդել ինովացիոն տեխնոլոգիաների, ուսուցման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը (օրինակ` հեռավար կամ էքստեռն կամ էլեկտրոնային ուսուցման կազմակերպումը), որոնք էլ իրենց հերթին կառաջացնեն նոր խնայողություններ (օրինակ` որոշակի դեպքերում կարելի է ձեռնպահ մնալ գործուղման, հյուրանոցային եւ սննդի ապահովման ծախսերից) եւ կուղղվեն մյուս հիմնախնդիրների պատշաճ կատարմանը։
2. Դատախազական եւ դատական համակարգերի մասնագիտական մերձեցում: Հաջորդ կարեւորագույն ասպեկտներից է բարոյահոգեբանական գործոնը, կադրերի սոցիալիզացիան: Դատավորների եւ դատախազների որոշ տեսական եւ գործնական ծրագրերով համատեղ ուսուցումն ու վերապատրաստումը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն ուսուցման գործընթացում փորձի փոխանակման, այլ նրանց հետագա միասնական աշխատանքի վրա։
3. Կրթական մեթոդոլոգիայի կատարելագործում: Արդարադատության ակադեմիայի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներ տանել ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ: Միասնական դպրոցի ստեղծումը թույլ կտա նաեւ կուտակված փորձը եւ դասավանդող մասնագետների հետ հաստատված կապերը հավասարապես արդյունավետ ուղղել եւ՛ դատական, եւ՛ դատախազական համակարգի կադրերի պատրաստման վրա:
Հարկ է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստավարժ կադրերի պատրաստման, նրանց վերապատրաստման եւ մասնագիտական պատրասման գործընթացները դեռեւս հեռու են բավարար լինելուց, քանի որ նշյալ ոլորտում համակարգված վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ, ըստ էության, չեն տարվում։ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ուսումնական գործընթացների գնահատման եւ դրանք ըստ արժեքային համակարգի դասակարգման արդյունքում, կարելի է տարանջատել որոշ հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է խթան հանդիսանալ ուսումնական գործընթացների որակական փոփոխության եւ նպատակայնության ապահովման համար։ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների շրջանակը պահանջում է յուրահատուկ մոտեցում կրթական գործընթացի կազմակերպմանը: Համապատասխան գիտելիքի մատուցումը միայն դասախոսության միջոցով խնդիրներ է ստեղծում դրա ընկալման առումով, քանի որ կարճ ժամանակահատվածում փորձ է արվում բավականին մեծ տեղեկատվություն հաղորդել ունկնդրին։ Նշվածը որոշակի դեպքերում կարող է մտավոր արգելակում առաջացնել ունկնդրի մոտ, կասկածի տակ առնել ուսուցման արդյունավետությունը։ Նշվածից ելնելով եւ հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները, Արդարադատության ակադեմիայի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներ տանել ուսուցանման գործընթացում ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ: Դա միեւնույն ժամանակ ապագայում համապատասխան բազա կստեղծի հեռավար ուսուցում կազմակերպելու համար, որի պարագայում կօգտագործվեն համակարգչային տեխնոլոգիաների հնարավորությունները` վիրտուալ իրականություններ ստեղծելու, մատուցվող նյութին տիրապետելու համար ունկնդիրներին առավել շատ ժամանակ ընձեռելու եւ այլ հմտություններ ձեւավորելու ու կատարելագործելու հարցում: Նախագծով նախատեսվել է ուսուցումը անցկացնել դաuախոuությունների, uեմինարների, ուuումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի եւ դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինքնակրթությունը խրախուuող դիդակտիկ նյութերի, տեuաժապավենների, ձայնագրված դաuախոuությունների oգտագործմամբ եւ կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով: Այս առումով, միասնական դպրոցի ստեցծումը թույլ կտա նաեւ կուտակված փորձը եւ դասավանդող մասնագետների հետ հաստատված կապերը հավասարապես արդյունավետ ուղղել եւ՛ դատական, եւ՛ դատախազական համակարգի կադրերի պատրաստման վրա:
4. Դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման բնագավառում միասնական գաղափարախոսության ձեւավորում: Ակադեմիայի շրջանակներում աստիճանական կերպով զարգանալու է դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը ներկայացվող պահանջների բնագավառում միասնական պետական գաղափարախոսությունը: Ակադեմիայում կուտակված փորձը եւ դրա շարունակական վերլուծությունը կնպաստի կրթական գործընթացի կայուն զարգացմանն ու կատարելագործմանը: Այս առումով, հարկ է շեշտադրել նաեւ այն հանգամանքը, որ Ակադեմիայի կառավարման եւ ղեկավարման մարմինների կառուցվածքը եւս նախատեսված է այն հաշվով, որ հնարավոր լինի ապահովել կրթական գործընթացում շահառու պետական մարմինների, մասնավորապես՝ դատարաններ, դատախազություն, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահների խորհուրդ, գործադիր իշխանություն, ներկայացվածությունը եւ մասնակցությունը: Ընդ որում, ինչպես Ակադեմիայի կառավարման, այնպես էլ կրթական գործընթացին առնչվող որոշումների ընդունմանը շահառու պետական մարմինների մասնակցությունը իր հիմքում ունի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, ինչը օրինաչափ պահանջ է պրոֆեսիոնալ արդարադատության մարմինների համակարգ ունենալուն ձգտող պետության կարիքների համար:
5. Ուսուցման գործընթացի հստակ կանոնակարգում: «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը թույլ է տալիս մեկ ակտով համակարգված օրենսդրական կանոնակարգման ենթարկել կրթական գործընթացի ողջ ընթացքը՝ կրթական ծրագրերի բովանդակության ուղենիշների ձեւավորումից սկսած մինչեւ ակադեմիայում քննական գործընթացները, հանձնաժողովների կազմերը, արդյունքների ստուգման կարգը:
6. Լրացուցիչ ֆինանսական եւ խորհրդատվական ռեսուրսների ուղղորդում եւ՛ դատախազների, եւ՛ դատավորների կրթության կազմակերպմանը համար: Դատավորների եւ դատախազների կրթական գործընթացի համատեղ կազմակերպման օգտին է վկայում մեկ այլ փաստարկ եւս: «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» (Եվրոպական հանձնաժողով/Եվրոպայի խորհուրդ) ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերվում է դատական դպրոցին աջակցություն ցույց տալուն, որով նախատեսվում է 250 հազ եվրոյի չափով տեխնիկական աջակցություն: Համատեղ կրթական հաստատության առկայության պարագայում, ստացվող խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությունը ուղղվում է եւ՛ դատախազների եւ՛ դատավորների կրթական համակարգերի բարելավմանը: Մինչդեռ, առանձին դատախազության համար որեւէ աջակցություն չի նախատեսվում գործող ծրագրերի շրջանակներում:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընկած է նաեւ 2009թ սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության եւ Եվրոպական Հանձնաժողովի միջեւ կնքված ?Աջակցություն Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին’ ծրագրի արդյունքների ստուգող առաքելության կողմից հաշվետվության հիմքում: Ծրագրով 2010թ երրորդ եռամսյակում նախատեսված առաջին մասնաբաժնի (4 միլիոն ԵՎՐՈ) հատկացման ժամանակ ընդհանուր բյուջեի 5%-ը (մոտ 200.000 եվրո) տրամադրելիս հիմք է ընդունվել «Ակադեմիայի մասին օրենքը», որը ստուգող առաքելության ժամանակ ներկայացված է եղել ԱԺ:
2007 թվականի մարտի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագրով (Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր) նախատեսված բարեփոխումների ծրագրի 6 բաղադրիչներից մեկը դատավորների եւ դատախազների համատեղ ուսուցման կազմակերպման նպատակով մեկ հաստատության կառուցումն է, որը Բանկի կողմից եւս դիտարկվել է ծախսերի խնայողության, ինչպես նաեւ կրթության արդյունավետության տեսանկյունից արդարացված: Արդյունքում, Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում կազմված շենքային համալիրի կառուցման տեխնիկական առաջադրանքը նախատեսվել է որպես ՀՀ արդարադատության դպրոցի շենքային համալիրի կառուցում՝ եւ՛ դատավորների եւ՛ դատախազների համար: Վերը նշված նպատակներից ելնելով, Երեւանի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 27-ի թիվ 3097-Ա որոշմամբ հատկացվել է Երեւան քաղաքի Փիրումյան փողոցին հարող տարածքում գտնվող 2500.0 քմ մակերեսով հողամաս: Շենքի կառուցման արժեքը կազմել է 844,681,213 ՀՀ դրամ: Շենքի կառուցման աշխատանքները արդեն վերջերս ավարտվել են եւ առաջիկայում ստորագրվելու է հանձնման-ընդունման ակտը: Բացի այդ գնվել են մոտ 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի գույք, կահավորանք, սարքավորումներ:
Դատական կամ դատախազական համակարգերի կրթական ծրագրերի հաստատման, ակադեմիայում ունկնդիր դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում գտվող անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ապահովված է Դատավորների կարգավիճակի մասին Եվրոպական Խարտիայի պահանջը եւ նշված հարցերով որոշումները ընդունվում են համապատասխանաբար Խորհրդի դատավոր կամ դատախազ անդամների եւ Արդարադատության նախարարի կողմից նշանակված անդամի մասնակցությամբ՝ առնվազն 3 ձայնով: Ավելին, ունկնդրին Ակադեմիայից հեռացնելու եւ դրա արդյունքում դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ վերջնական որոշման իրավունքը Ակադեմիայի խորհրդի միջնորդության հիման վրա վերապահված է Արդարադատության խորհրդին, իսկ դատախազների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց մասով՝ ՀՀ գլխավոր դատախազին:
Ակադեմիայի կառավարմանը եւ կրթական գործընթացի կազմակերպմանը վերաբերող մյուս բոլոր հարցերով Խորհուրդը որոշումներն ընդունում է ամբողջ կազմով, այսինքն` եւ դատավոր, եւ՛ դատախազ եւ՛ գործադիրի ներկայացուցիչ անդամների մասնակցությամբ՝ նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Դրանով իսկ միասնականացվում է Ակադեմիայի դերը՝ որպես կրթական գործընթացի կազմակերպման պատասխանատու:
Ակադեմիայի կառավարման հարցում ներդրվել է Ակադեմիայի կառավարման Խորհրդի եւ ղեկավար մարմնի Ռեկտորի միջեւ ստուգումների ու հակակշիռների յուրօրինակ մեխանիզմ: Ռեկտորի գործողությունները գտնվում է Ակադեմիայի խորհրդի վերահսկողության ներքո եւ Խորհուրդը իրավունք ունի միջնորդել ՀՀ վարչապետին Ռեկտորի լիազարութոյւնները դադարեցնելու վերաբերյալ: Ավելին, Նախագծով Խորհրդին վերապահված է Ռեկտորի կողմից ներկայացված կրթական ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով ընդունելու հնարավորություն: Դա նշանակում է, որ անգամ կրթական ծրագրերի կազմակերպման հարցում ապահովված են անկախության երաշխիքներ, եթե կոլեգիալ կառավարման մարմինը գործում է կազմակերպված եւ փոխհամաձայնեցված:
Արդարադատոթւյան նախարարության ներկայացուցչի մասնակցությունը Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնում, հանարավորթյուն է տալիս ՀՀ կառավարությանը առավել արդյունավետ իրականացնելու ոլորտում պետական քաղաքականության մաշկման իր առաքելությունը, այդ հարցում դասեր հարցում գարծնակնում ի հայտ եկող խնդիրներից, հակակշռի դերակատարում ունենալու դատական իշխանության բնագավառում կորպորատիվիզմի ձեւավորմանը, խորհելու Ակադեմիայի գործառնությանը աջակցելու հարցում արտաքին նյութական եւ տեխանիկական աջակցության ներգրավման ուղիների վերաբերյալ:
Ավելին, գործադիր իշխանության ներկայացուցչի մասնակցության շնորհիվ, այն ստեղծում է Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի կայացման եւ գործունակության լուրջ խթան, ինչը նպաստելու է կրթական գործընթացի կազմակերպման եւ իրականացման հարցերում դատախազության ու դատական մարմինների փոխհամաձայնեցված, արդյունավետ քաղաքականության գործունեությանը: Հակառակ պարագայում բացառված չեն երկու համարգերի միջեւ լուրջ անհամաձայնությունները, որոնք ի վերջո Ակադեմիայի կառավարումը կարող են հանգեցնելու փակուղու եւ հարցականի տակ դնելու համատեղ ուսուցման արդյունավետությունը:
3. Ակնկալվող արդյունքը
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա ընդունմամբ պայմանավորած մի շարք այլ իրավական ակտերում՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք, «Դատախազության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Զինապարտության մասին», «Դատական ծառայության մասին» օրենքներում, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումներ նախատեսող օրենքների ընդունմամբ, հնարավոր է դառնում ուսուցման ոլորտում առկա, Ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունների ողջ ծավալի համալիր, համակարգված կարգավորումը, դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը:
--------------------------------------------------------------------------------
1
Raffaele Sabato, European Network For The Exchange Of Information Between Persons And Entities Responsible For The Training Of Judges And Public Prosecutors, RL (2006) 61; Opinion No. 4 (2003) of the Consultative Council of European Judges (CCJE) for the attention of the Committee of Ministers of the Council of Europe on Appropriate Initial and In-Service Training of Judges at National and European Level, paragraph 29; Explanatory Memorandum to «18 of Recommendation Rec (2000) 19 on the Role of Public Prosecution in the Criminal Justice System.
2
Communication form the Commission to the European Parliament and the Council on judicial training in the European Union (Com/2006/0356 final)
3
Opinion No. 4 (2003) of the Consultative Council of European Judges (CCJE) for the attention of the Committee of Ministers of the Council of Europe on Appropriate Initial and In-Service Training of Judges at National and European Level, paragraph 29
4
European Network For The Exchange Of Information Between Persons And Entities Responsible For The Training Of Judges And Public Prosecutors, RL (2006) 61; պարագրաֆ 2:
5
Կարգադրության 7-րդ մասի 11)-րդ կետում սահմանված է «Ներկայումս գործում են երկու առանձին կառույցներ, որոնցից մեկը զբաղվում է դատավորների եւ դատավորների թեկնածուների ուսուցմամբ, իսկ մյուսը` դատախազների վերապատրաստմամբ եւ դատախազների թեկնածուների ուսուցմամբ: Պետության ծախսերը կրճատելու, ինչպես նաեւ օրենսդրության միատեսակ մեկնաբանության եւ կիրառման համար նպատակահարմար է ստեղծել դատավորների եւ դատախազների ուսուցման եւ վերապատրաստման միասնական մեկ համակարգ.»