Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1342-31.10.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության» բառերը։

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի`

1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը Արդարադատության ակադեմիայում անցնում է ուuումնառության ծրագիր։ Դատախազների թեկնածուներն արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում uտանում են «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կրթաթոշակ։».

2) 10-րդ մասում «ազատվում է» բառից հետո լրացնել «Արդարադատության ակադեմիայում» բառերը.

3) 11-րդ մասի «Դատախազության դպրոցում» բառը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «դատախազության դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1 հոդվածով.

«Հոդված 35.1. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է ցուցակից, եթե.

1)  նա նշանակվել է դատախազի պաշտոնում,

2)  նա դիմում է այդ մասին,

3)  լրացել է նրա 65 տարին.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

6) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

7) oրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

8) ի հայտ է եկել դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն,

9) Արդարադատության ակադեմիայում դաuավանդվող առարկայական կուրuի արդյունքում ստացած քննական միավորը պակաu է կուրuը հանձնված համարելու համար Խորհրդի կողմից uահմանված նվազագույն միավորից կամ չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.

10) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

11) Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50  տոկոսից:»:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում «, ավարտելով ուuումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ uույն oրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մաuի հիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուuումնառությունից» բառերը փոխարինել «ավարտել են համապատասխան ուսումնառությունը Արդարադատության ակադեմիայում կամ uույն oրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մաuի հիման վրա ազատված են եղել Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից» բառերով։

Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «կարգով» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը.

2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Դատախազները հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ունակություններին ուսուցանելու նպատակով անցնում են հատուկ ուսուցում: Յուրաքանչյուր տարի հատուկ ուսուցում անցնում են դատախազների ընդհանուր թվի մեկ երրորդը:»:

Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 8. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1. Անհրաժեշտությունը

Իրավական պետության կառուցման եւ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ երաշխավորելու Սահմանադրորեն ամրագրված դրույթները լուրջ մարտահրավեր են արդարադատության եւ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործառնության համար: Վերջիններիս հեղինակությունը եւ գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է դրանցում ներգրավված կադրերի հատուկ մասնագիտական պատրաստվածությամբ եւ շարունակական վերապատրաստմամբ: Պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը պահանջում է պետության կողմից համապատասխան պայմանների ապահովում՝ դատական եւ դատախազական համակարգի կադրերի կրթումը եւ վերապատրաստումը իրատեսական դարձնելու համար:

Դատական եւ դատախազական համակարգերը մասնագիտացված կադրերով սնուցելու գործառույթը 2007թ. ընդունված Դատական օրենսգրքով եւ «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսված առ այսօր վերապահված է երկու առանձին կազմակերպությունների՝ «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություններին: Դատաիրավական նշանակալի բարեփոխումների եւ դրանց ադապտացման անցումային այս շրջանի համար նշված կառույցների ստեղծումը եւ գործունությունը զգալի առաջընթաց էր կադրերի մասնագիտական պատրաստման առումով: Այդուհանդերձ, ժամանակի մարտահրավերները պահանջում են կրթական ընթացակարգերի էլ ավելի կատարելագործում, կրթական կառույցների կառավարման եւ կրթական գործընթացի կազմակերպման օպտիմալացում, առավել քիչ միջոցների օգտագործմամբ, սակայն առավել արդյունավետ կերպով  նույն նպատակների հասնելու հնարավորություն:

Դատական եւ դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին եւ դրա արդյունավետությունը սատարվում է տարբեր միջազգային փաստաթղթերում:1 Համատեղ ուսուցման կազմակերպման գաղափարը իրացվում է Ֆինլանդիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Ալբանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Մոնտենեգրոյում,   Մակեդոնիայում, Չեխիայում եւ այլ երկրներում2 :

Գերմանիայում, Ավստրիայում համատեղ վերապատրաստումն իրականացվում է դատավորների եւ դատախազների վերապատրաստման ժամանակ:

Եվրոպայի դատավորների խորհրդի խորհրդակցական խորհուրդը (CCJE) իր 2003թ.-ի կարծիքում խրախուսել է համատեղ մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման գաղափարը, նշելով, որ «անգամ այն երկրներում, որտեղ դատախազները իրականացնում են դատավորի գործառույթներից առանձնացված  գործառույթներ», համատեղ ուսուցումը խթանում է դատավորների եւ այլ մասնագիտությունների միջեւ փոխըմբռնումը, գիտելիքների մակարդակը:3

Դատավորների եւ դատախազների մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման համար փոխգործակցությունը խթանելու համար ստեղծված ԵԽ Լիսաբոնի գործընկերության փաստաթղթում եւս ընդգծվում է, որ համատեղ ուսուցումը նախընտրելի եվրոպական մոտեցումն է:4

Հայաստանի Հանրապետությունում դատավորների եւ դատախազների համատեղ կրթության կազմակերպման նախադրյալները բխում են նաեւ «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ.  միջոցառումերի ցանկը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2009թ. մայիսի 6-ի ՆԿ 68-Ա Կարգադրության 30-րդ կետի պահանջներից, «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու, ինչպես նաեւ աշխատանքային խումբ ստեղծելու մասին» Հանրապետության Նախագահի 2009 թ. ապրիլի 21 ՆԿ-59-Ն Կարգադրության 7-րդ մասի 11)-րդ կետի եւ Հավելված 2-ի 3.11 կետի պահանջներից5 :

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» նախագծի ընդունմամբ ակնկալվող առաջընթացը ընդգծվում է մասնավորապես, ստորեւ ներկայացվող մի շարք տեսանկյուններից.

1.  Ռեսուրսների օպտիմալ կառավարում: Մեկ կառույցում ուսումնառության կազմակերպումը  հնարավորություն է տալիս դատական եւ դատախազական համակարգի կադրերի համար ընդհանուր թեմաներով համատեղ առարկայական կուրսերի դասավանդումը, ինչը արդարացված է եւ՛ դասավանդող մասնագետների ներգրավման, եւ՛ դասընթացի կազմակերպման համար հատկացվող ռեսուսրների օպտիմալ տնտեսման տեսանկյունից:

Կրթական գործընթացի կազմակերպումը օպտիմալացնելու արդյունքում ազատ ֆինանսական միջոցները հնարավոր է դառնում ուղղորդել ինովացիոն տեխնոլոգիաների, ուսուցման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը (օրինակ` հեռավար կամ էքստեռն կամ էլեկտրոնային ուսուցման կազմակերպումը), որոնք էլ իրենց հերթին  կառաջացնեն նոր խնայողություններ (օրինակ` որոշակի դեպքերում կարելի է ձեռնպահ մնալ գործուղման, հյուրանոցային եւ սննդի ապահովման ծախսերից) եւ կուղղվեն մյուս հիմնախնդիրների պատշաճ կատարմանը։

2. Դատախազական եւ դատական համակարգերի մասնագիտական մերձեցում: Հաջորդ կարեւորագույն ասպեկտներից է բարոյահոգեբանական գործոնը, կադրերի սոցիալիզացիան: Դատավորների եւ դատախազների որոշ տեսական եւ գործնական ծրագրերով համատեղ ուսուցումն ու վերապատրաստումը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն ուսուցման գործընթացում փորձի փոխանակման, այլ նրանց հետագա միասնական աշխատանքի վրա։

3. Կրթական մեթոդոլոգիայի կատարելագործում: Արդարադատության ակադեմիայի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներ տանել ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ: Միասնական դպրոցի ստեղծումը թույլ կտա նաեւ կուտակված փորձը եւ դասավանդող մասնագետների հետ հաստատված  կապերը հավասարապես արդյունավետ ուղղել եւ՛ դատական, եւ՛ դատախազական համակարգի կադրերի պատրաստման վրա:

Հարկ է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստավարժ կադրերի պատրաստման, նրանց վերապատրաստման եւ մասնագիտական պատրասման գործընթացները դեռեւս հեռու են բավարար լինելուց, քանի որ նշյալ ոլորտում համակարգված վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ, ըստ էության, չեն տարվում։ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ուսումնական գործընթացների գնահատման եւ դրանք ըստ արժեքային համակարգի դասակարգման արդյունքում, կարելի է տարանջատել որոշ հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է խթան հանդիսանալ ուսումնական գործընթացների որակական փոփոխության եւ նպատակայնության ապահովման համար։ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների շրջանակը պահանջում է յուրահատուկ մոտեցում կրթական գործընթացի կազմակերպմանը: Համապատասխան գիտելիքի մատուցումը միայն դասախոսության միջոցով խնդիրներ է ստեղծում դրա ընկալման առումով, քանի որ կարճ ժամանակահատվածում փորձ է արվում բավականին մեծ տեղեկատվություն հաղորդել ունկնդրին։ Նշվածը որոշակի դեպքերում կարող է մտավոր արգելակում առաջացնել ունկնդրի մոտ, կասկածի տակ առնել ուսուցման արդյունավետությունը։ Նշվածից ելնելով եւ հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները, Արդարադատության ակադեմիայի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներ տանել ուսուցանման գործընթացում ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ: Դա միեւնույն ժամանակ ապագայում համապատասխան բազա կստեղծի հեռավար ուսուցում կազմակերպելու համար, որի պարագայում կօգտագործվեն համակարգչային տեխնոլոգիաների հնարավորությունները` վիրտուալ իրականություններ ստեղծելու, մատուցվող նյութին տիրապետելու համար ունկնդիրներին առավել շատ ժամանակ ընձեռելու եւ այլ հմտություններ ձեւավորելու ու կատարելագործելու հարցում: Նախագծով նախատեսվել է ուսուցումը անցկացնել դաuախոuությունների, uեմինարների, ուuումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի եւ դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինքնակրթությունը խրախուuող դիդակտիկ նյութերի, տեuաժապավենների, ձայնագրված դաuախոuությունների oգտագործմամբ եւ կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով: Այս առումով, միասնական դպրոցի ստեցծումը թույլ կտա նաեւ կուտակված փորձը եւ դասավանդող մասնագետների հետ հաստատված  կապերը հավասարապես արդյունավետ ուղղել եւ՛ դատական, եւ՛ դատախազական համակարգի կադրերի պատրաստման վրա:

4. Դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման բնագավառում միասնական գաղափարախոսության ձեւավորում: Ակադեմիայի շրջանակներում աստիճանական կերպով զարգանալու է դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը  ներկայացվող պահանջների բնագավառում միասնական պետական գաղափարախոսությունը: Ակադեմիայում կուտակված փորձը եւ դրա շարունակական վերլուծությունը կնպաստի կրթական գործընթացի կայուն զարգացմանն ու կատարելագործմանը: Այս առումով, հարկ է շեշտադրել նաեւ այն հանգամանքը, որ Ակադեմիայի կառավարման եւ ղեկավարման մարմինների կառուցվածքը եւս նախատեսված է այն հաշվով, որ հնարավոր լինի ապահովել կրթական գործընթացում շահառու պետական մարմինների, մասնավորապես՝ դատարաններ, դատախազություն, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահների խորհուրդ, գործադիր իշխանություն, ներկայացվածությունը եւ մասնակցությունը: Ընդ որում, ինչպես Ակադեմիայի կառավարման, այնպես էլ կրթական գործընթացին առնչվող որոշումների ընդունմանը շահառու պետական մարմինների մասնակցությունը իր հիմքում ունի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, ինչը օրինաչափ պահանջ է պրոֆեսիոնալ արդարադատության մարմինների համակարգ ունենալուն ձգտող պետության կարիքների համար:

5. Ուսուցման գործընթացի հստակ կանոնակարգում: «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը թույլ է տալիս մեկ ակտով համակարգված օրենսդրական կանոնակարգման ենթարկել կրթական գործընթացի ողջ ընթացքը՝ կրթական ծրագրերի բովանդակության ուղենիշների ձեւավորումից սկսած մինչեւ ակադեմիայում քննական գործընթացները, հանձնաժողովների կազմերը, արդյունքների ստուգման կարգը:

6. Լրացուցիչ ֆինանսական եւ խորհրդատվական ռեսուրսների ուղղորդում   եւ՛ դատախազների, եւ՛ դատավորների կրթության կազմակերպմանը համար: Դատավորների եւ դատախազների կրթական գործընթացի համատեղ կազմակերպման օգտին է վկայում մեկ այլ փաստարկ եւս: «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» (Եվրոպական հանձնաժողով/Եվրոպայի խորհուրդ) ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերվում է դատական դպրոցին աջակցություն ցույց տալուն, որով նախատեսվում է 250 հազ եվրոյի չափով տեխնիկական աջակցություն: Համատեղ կրթական հաստատության առկայության պարագայում, ստացվող խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությունը ուղղվում է եւ՛ դատախազների եւ՛ դատավորների կրթական համակարգերի բարելավմանը: Մինչդեռ, առանձին դատախազության համար որեւէ աջակցություն չի նախատեսվում գործող ծրագրերի շրջանակներում:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընկած է նաեւ 2009թ սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության եւ Եվրոպական Հանձնաժողովի միջեւ կնքված ?Աջակցություն Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին’ ծրագրի  արդյունքների ստուգող առաքելության կողմից  հաշվետվության հիմքում:  Ծրագրով 2010թ երրորդ եռամսյակում նախատեսված առաջին մասնաբաժնի  (4 միլիոն ԵՎՐՈ) հատկացման ժամանակ ընդհանուր բյուջեի 5%-ը (մոտ 200.000 եվրո) տրամադրելիս հիմք է ընդունվել «Ակադեմիայի մասին օրենքը», որը ստուգող առաքելության ժամանակ ներկայացված է եղել ԱԺ:

2007 թվականի մարտի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագրով (Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր) նախատեսված բարեփոխումների ծրագրի 6 բաղադրիչներից մեկը  դատավորների եւ դատախազների համատեղ ուսուցման կազմակերպման նպատակով մեկ հաստատության կառուցումն է, որը Բանկի կողմից եւս դիտարկվել է ծախսերի խնայողության, ինչպես նաեւ կրթության արդյունավետության տեսանկյունից արդարացված: Արդյունքում, Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում կազմված շենքային համալիրի կառուցման տեխնիկական առաջադրանքը նախատեսվել է որպես ՀՀ արդարադատության դպրոցի շենքային համալիրի կառուցում՝ եւ՛ դատավորների եւ՛ դատախազների համար: Վերը նշված նպատակներից ելնելով, Երեւանի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 27-ի թիվ 3097-Ա որոշմամբ հատկացվել է Երեւան քաղաքի Փիրումյան փողոցին հարող տարածքում գտնվող 2500.0 քմ մակերեսով հողամաս: Շենքի կառուցման արժեքը կազմել է  844,681,213 ՀՀ դրամ: Շենքի կառուցման աշխատանքները արդեն վերջերս ավարտվել են եւ առաջիկայում ստորագրվելու է հանձնման-ընդունման ակտը: Բացի այդ գնվել են մոտ 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի գույք, կահավորանք, սարքավորումներ:

Դատական կամ դատախազական համակարգերի կրթական ծրագրերի հաստատման, ակադեմիայում ունկնդիր դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում գտվող անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ապահովված է Դատավորների կարգավիճակի մասին Եվրոպական Խարտիայի պահանջը եւ նշված հարցերով որոշումները ընդունվում են համապատասխանաբար Խորհրդի դատավոր կամ դատախազ անդամների եւ Արդարադատության նախարարի կողմից նշանակված անդամի մասնակցությամբ՝ առնվազն 3 ձայնով: Ավելին, ունկնդրին Ակադեմիայից հեռացնելու եւ դրա արդյունքում դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ վերջնական որոշման իրավունքը Ակադեմիայի խորհրդի միջնորդության հիման վրա վերապահված է Արդարադատության խորհրդին, իսկ դատախազների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց մասով՝ ՀՀ գլխավոր դատախազին:

Ակադեմիայի կառավարմանը եւ կրթական գործընթացի կազմակերպմանը վերաբերող մյուս բոլոր հարցերով Խորհուրդը որոշումներն ընդունում է ամբողջ կազմով, այսինքն` եւ դատավոր, եւ՛ դատախազ եւ՛ գործադիրի ներկայացուցիչ անդամների մասնակցությամբ՝ նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Դրանով իսկ միասնականացվում է Ակադեմիայի  դերը՝ որպես կրթական գործընթացի կազմակերպման պատասխանատու:

Ակադեմիայի կառավարման հարցում ներդրվել է Ակադեմիայի կառավարման Խորհրդի եւ ղեկավար մարմնի Ռեկտորի միջեւ ստուգումների ու հակակշիռների յուրօրինակ մեխանիզմ: Ռեկտորի գործողությունները գտնվում է Ակադեմիայի խորհրդի վերահսկողության ներքո եւ Խորհուրդը իրավունք ունի միջնորդել ՀՀ վարչապետին Ռեկտորի լիազարութոյւնները դադարեցնելու վերաբերյալ: Ավելին, Նախագծով Խորհրդին վերապահված է Ռեկտորի կողմից ներկայացված կրթական ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով ընդունելու հնարավորություն: Դա նշանակում է, որ անգամ կրթական ծրագրերի կազմակերպման հարցում ապահովված են անկախության երաշխիքներ, եթե կոլեգիալ կառավարման մարմինը գործում է կազմակերպված եւ փոխհամաձայնեցված:

Արդարադատոթւյան նախարարության ներկայացուցչի մասնակցությունը Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնում, հանարավորթյուն է տալիս ՀՀ կառավարությանը առավել արդյունավետ իրականացնելու ոլորտում պետական քաղաքականության մաշկման իր առաքելությունը, այդ հարցում դասեր հարցում գարծնակնում ի հայտ եկող խնդիրներից, հակակշռի դերակատարում ունենալու դատական իշխանության բնագավառում կորպորատիվիզմի ձեւավորմանը, խորհելու Ակադեմիայի գործառնությանը աջակցելու հարցում արտաքին նյութական եւ տեխանիկական աջակցության ներգրավման ուղիների վերաբերյալ:

Ավելին, գործադիր իշխանության ներկայացուցչի մասնակցության շնորհիվ, այն ստեղծում է Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի կայացման եւ  գործունակության լուրջ խթան, ինչը նպաստելու է կրթական գործընթացի կազմակերպման եւ իրականացման հարցերում դատախազության ու դատական մարմինների փոխհամաձայնեցված, արդյունավետ քաղաքականության գործունեությանը: Հակառակ պարագայում բացառված չեն երկու համարգերի միջեւ լուրջ անհամաձայնությունները, որոնք ի վերջո Ակադեմիայի կառավարումը կարող են  հանգեցնելու փակուղու եւ հարցականի տակ դնելու համատեղ ուսուցման արդյունավետությունը:

3. Ակնկալվող արդյունքը

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի եւ դրա ընդունմամբ պայմանավորած մի շարք այլ իրավական ակտերում՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք, «Դատախազության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Զինապարտության մասին», «Դատական ծառայության մասին» օրենքներում, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում, քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումներ նախատեսող օրենքների ընդունմամբ, հնարավոր է դառնում ուսուցման ոլորտում առկա, Ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունների ողջ ծավալի համալիր, համակարգված կարգավորումը, դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը:

--------------------------------------------------------------------------------

1   Raffaele Sabato, European Network For The Exchange Of Information Between Persons And Entities Responsible For The Training Of Judges And Public Prosecutors, RL (2006) 61; Opinion No. 4 (2003) of the Consultative Council of European Judges (CCJE) for the attention of the Committee of Ministers of the Council of Europe on Appropriate Initial and In-Service Training of Judges at National and European Level, paragraph 29;  Explanatory Memorandum to «18 of Recommendation Rec (2000) 19 on the Role of Public Prosecution in the Criminal Justice System.
2 Communication form the Commission to the European Parliament and the Council on judicial training in the European Union (Com/2006/0356 final)
3 Opinion No. 4 (2003) of the Consultative Council of European Judges (CCJE) for the attention of the Committee of Ministers of the Council of Europe on Appropriate Initial and In-Service Training of Judges at National and European Level, paragraph 29
4 European Network For The Exchange Of Information Between Persons And Entities Responsible For The Training Of Judges And Public Prosecutors, RL (2006) 61; պարագրաֆ 2:
5 Կարգադրության 7-րդ մասի 11)-րդ կետում սահմանված է «Ներկայումս գործում են երկու առանձին կառույցներ, որոնցից մեկը զբաղվում է դատավորների եւ դատավորների թեկնածուների ուսուցմամբ, իսկ մյուսը` դատախազների վերապատրաստմամբ եւ դատախազների թեկնածուների ուսուցմամբ: Պետության ծախսերը կրճատելու, ինչպես նաեւ օրենսդրության միատեսակ մեկնաբանության եւ կիրառման համար նպատակահարմար է ստեղծել դատավորների եւ դատախազների ուսուցման եւ վերապատրաստման միասնական մեկ համակարգ.»