Armenian ARMSCII Armenian
Պ-554-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «առնվազն երեսնօրյա պարբերականությամբ» բառերը փոխարինել «որոշակի պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը» բառերով.

2. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ավանդատուին տրամադրվում են գրավոր եղանակով` էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ ավանդատուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվել է հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` հաշվի քաղվածքները փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում` ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա: Ավանդատուն իրավունք ունի նաեւ սույն հոդվածով նախատեսված քաղվածքները ստանալ բանկի տարածքում` առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում` ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի հաշվի քաղվածքները էլեկտրոնային կապի միջոցներով ստանալու իր իրավունքից:».

3. 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ավանդատուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում` ավանդատուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը բանկի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա: Ավանդատուն իրավունք ունի նաեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը ստանալ բանկի տարածքում` առձեռն, որի դեպքում բանկը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել ավանդատուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, բանկն իրավունք չունի ավանդատուին պարտադրելու, այդ թվում` ավանդատուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ ավանդատուն հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:».

3. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4. լրացնել նոր` 5.1-ին մաս.

«5.1. Սույն հոդվածով եւ 6-րդ հոդվածով սահմանված հաղորդակցման կարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության դեպքում:

Արտակարգ կամ ռազմական դրության դեպքում բանկն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում (առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր ավանդատուների կամ ավանդատուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին ավանդատուի հետ հաղորդակցումն իրականացվում է բանկի սահմանված միջոցներով եւ ժամկետներում:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, եւ

2) ավանդատուի իրավունքի խախտման հետեւանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:»:
 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված ավանդատուների կողմից այդ հոդվածներով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն ավանդատուի կողմից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առեւտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել: