Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13510-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17-ը դեկտեմբերի 2003 թվական, N ՀՕ-3-Ն) (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.

1. 5-րդ կետում «բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների եւ (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների» բառերը հանել,

2. լրացնել նոր 7.1 եւ 7.2 կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«7.1. ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.».

7.2. իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու:».

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հետո լրացնել 4.1-րդ, 4.2-րդ եւ 4.3-րդ հոդվածներ` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4.1. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ, ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

1. Կազմակերպչի բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, եւ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

3) սնանկ է ճանաչվել եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ,

4) նախկինում պատճառ է հանդիսացել իր կողմից խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպված գործունեության սնանկացմանը,

5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն).

6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:

2. Կազմակերպչի բաժնետեր, փայատեր կամ մասնակից չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին եւ պահանջներին,

2) որը գտնվում է սնանկության վարույթում,

3) որի գործունեությունը նախկինում հանգեցրել է վիճակախաղի կազմակերպման կամ այլ անձի սնանկացմանը,

4) որի վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործունեությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց,

5) ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն) չեն ներկայացվել:

3. Կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավարի (այսուհետ` Տնօրեն) կամ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու աշխատակցի (այսուհետ` Պատասխանատու աշխատակից) պաշտոն չի կարող զբաղեցնել սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան որակավորում չունեցող անձը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից Կազմակերպչի բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի, մասնակցի իրական շահառուի, Տնօրենի եւ Պատասխանատու աշխատակցի համար այլ պայմաններ եւ պահանջներ:

ՀՈԴՎԱԾ 4.2. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

1. Անձը կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող է մասնակցություն ձեռք բերել կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնել միայն լիազոր մարմնի նախնական համաձայնությամբ:

2. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նախնական համաձայնությունը ստանալու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ձեւով տեղեկություններ եւ փաստաթղթեր:

3. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ դիմումի քննարկման ժամկետը չերկարաձգելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել լիազոր մարմնի որոշմամբ` եւս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է կազմակերպչին:

4. Անձի` կազմակերպչի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելը կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնելը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ, եթե այն չի համապատասխանում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պայմաններին եւ պահանջներին, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 4.3. ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

1. Տնօրենի եւ Պատասխանատու աշխատակցի որակավորումներն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ` Որակավորման հանձնաժողով): Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն հինգ անդամ, որոնցից առնվազն կեսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են: Որակավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ:

Որակավորման հանձնաժողովի կազմավորման եւ քննությունների անցկացման նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոնները:

2. Տնօրենի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորումները սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող որակավորում ստանալու համար որակավորման հանձաժողովներին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքներն սույն օրենքով սահմանված կարգով ստուգելու եւ ստուգման արդյունքների հիման վրա Տնօրենի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորման վկայականներ (այսուհետ` Վկայական) տալու գործընթաց է:

Տնօրենի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորումների ստուգման գործընթացն իրականացվում է համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող եւ անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, միջազգային պրակտիկայում ընդունված վիճակախաղերի կանոնների շրջանակներում:

Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձնաժողովը` հինգ տարի ժամկետով:

3. Որակավորման հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, իսկ Տնօրենի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորման կարգերը եւ որակավորման քննությունների ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

Որակավորումների կարգով սահմանվում են որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձեւը եւ նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ` որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիազոր մարմինը:

4. Որակավորման քննություններին մասնակցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

5. Օրենքով սահմանված կարգով Տնօրենի կամ Պատասխանատու աշխատակցի որակավորում ստացած ֆիզիկական անձը չի կարող համատեղության կարգով համապատասխան պաշտոն զբաղեցնել կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցել այլ վիճակախաղի կազմակերպչի:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1. 1-ին մասից հետո լրացնել 1.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Վիճակախաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 30-օրյա ժամկետով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է հայտատուին:»

2. 2-րդ մասի «գ» կետից հետո լրացնել նոր` «գ.1» եւ «գ.2» կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«գ.1) հայտին կից ներկայացված չեն ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց որակավորման վկայականների պատճենները կամ խախտվել է սույն օրենքի 4.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը.

գ.2) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1 հոդվածով սահմանված անձ կամ 4.2 հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների օրինականության վերաբերյալ.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «11-րդ հոդվածում նշված» բառերը հանել:

2. 1-ին մասում 1-ին պարբերությունից հետո լրացնել պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Լիազոր մարմինն իրականացնում է կազմակերպչի կողմից վիճակախաղերի կազմակերպման գործունեության ընթացքում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն` տեղում ստուգումների եւ փաստաթղթային վերահսկողության միջոցով եւ դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառվում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:»:

3. 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը, ժամկետները եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետում «դադարեցման հայցով դիմում է դատարան» բառերը փոխարինել «դադարեցում» բառով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» կամ «ժ» կետերով» բառերը փոխարինել «4.2-րդ հոդվածով, 4.3-րդ հոդվածի 5-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», կամ «ժ» կետերով» բառերով:

Հոդված 7. Օրենքում ավելացնել նոր 16.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 16.1. Որակավորված անձանց հանդեպ պատասխանատվության միջոցներ

1. Լիազոր մարմինը որակավորված անձի հանդեպ` որպես պատասխանատվության միջոց, կիրառում է նախազգուշացում, եթե նա իր գործողություններով խոչընդոտել է լիազոր մարմնի կողմից կազմակերպչի մոտ անցկացվող ստուգումներին:

2. Լիազոր մարմինը անձին զրկում է որակավորումից, եթե.

1) նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում թույլ է տվել այնպիսի խախտում, որը հիմք է նախազգուշացում կիրառելու համար.

2) նա հանդիսանում է Օրենքի 4.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված անձ.

3) նա չի կատարել Օրենքի 4.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները.

4) նրա դիտավորյալ գործողությունների հետեւանքով այլ անձինք կրել են կամ կարող էին կրել ֆինանսական կամ այլ վնասներ:»:

Հոդված 6. Անցումային դրույթներ

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, լիազոր մարմնի կողմից տրամադրված վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքից բխող իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչեւ խախտումը վերացնելը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 4.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված որեւէ հիմք, կամ լիազոր մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ ներդրված դրամական միջոցները ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով, ապա լիազոր մարմինը տրամադրված վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնում է մինչեւ կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված անհրաժեշտ եւ բավարար հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը: