Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները:
Հոդված 2. Սահմանել, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում:
Հոդված 3. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում մթերքների գնման սեզոնի ընթացքում վարել հատուկ գրանցամատյան` օրական գնումների ծավալների նշագրումով: Այդ մատյանները պարտադիր կարգով պետք է կնքվեն կառավարության կողմից նշանակված լիազորված մարմնի կողմից:
Հոդված 4. Թափոնների համար նախատեսված նշված տարածքների մուտքի իրավունք ունեն վերամշակող գործարանի աշխատակիցները` լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուի կողմից թույլտվություն ստանալուց հետո (Թափոնների պահեստավորման համար հատկացված տարածքների համատեղ կապարակնքում):
Հոդված 5. ՀՀ կառավարության լիազոր մարմնին` յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարել վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերումների ծավալի վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատություն եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի եւ բնապահպանական խնդիրների կարգավորման ուժեղացման հետ: Կառավարության կողմից նշանակված լիազորված մարմինը (ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ էլ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը) հնարավորություն է ստանում համադրելու թափոնների ծավալը մթերող ձեռնարկության կողմից հայտարարված մթերման ծավալների հետ: Սույն օրենքի ընդունումը լրջորեն կկրճատի ստվերային տնտեսության տեսակարար կշիռը վերամշակող արդյունաբերության մեջ: