Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի Դատական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասում «16» թիվը փոխարինել «26» թվով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 75.1-րդ հոդվածով.
«Հոդված 75.1. Դատավորի կենսաթոշակը
1. Որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, տրվում է կենսաթոշակ՝ վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 55 տոկոսի չափով։
2. Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։
3. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն։
4.Միջին աշխատավարձը հաշվարկելու, կենսաթոշակի չափը հաշվարկելու, նշանակելու, վճարելու, կենսաթոշակի չափը վերահաշվարկելու, ստաժը հաշվարկելու կարգը, ինչպես նաեւ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Միջին աշխատավարձը հաշվարկելիս` դատավորի աշխատավարձից հաշվարկված հարկերը հաշվի չեն առնվում:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ին:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորին նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի փոխարեն նշանակվում է Օրենսգրքի 75.1-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակ:
Եթե Օրենսգրքի 75.1-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (նշանակված) կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափից, ապա Օրենսգրքի 75.1-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (նշանակված) կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափով:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հանրային իրավահարաբերություններում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում մեծ դերակատարում ունի դեռեւս 2007թ. դատաիրավական բարեփոխումների արդյունքում ստեղծված Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը։ Վարչական դատարանի նշանակալի դերակատարությանը զուգահեռ դատարանի գործունեության անցած տարիների փորձը վկայում է այս ոլորտում առկա են բավական կարեւոր չլուծված խնդիրներ: Այս առումով, հրատապ խնդիր է մնում վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը, որը ստեղծման օրվանից մինչ օրս չի ստացել իր վերջնական լուծումը։ Մինչդեռ, այս խնդիրն ուղղակիորեն կապված է ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում եւ արդյունավետ դատական պաշտպանության անձի հիմնարար իրավունքի ապահովման հետ։ ՀՀ վարչական դատարանի գերծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջնահերթ միջոցառում է վարչական դատարանի դատավորների թվի ավելացումը եւ համապատասխան փոփոխությունները ՀՀ դատական օրենսգրքում:
Ստորեւ ներկայացվող վիճակագրական տվյալները պարզորոշ արտացոլում են ՀՀ վարչական դատարանում առկա գերծանրաբեռնվածության պատկերը: Մասնավորապես` 2011թ. ընթացքում փոխանցված եւ ստացված գործերի ընդհանուր թիվը ՀՀ վարչական դատարանում կազմել է 14.778, իսկ վճարման կարգադրություններինը` 73.426։ ՀՀ վարչական դատարանն ունի 17 դատավոր։ Այսինքն` յուրաքանչյուր դատավորի հաշվարկով տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է մոտ 850-1000 գործ եւ 4000-4500 վճարման կարգադրություն։
ՀՀ Նախագահի 2012թ. «Իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջացառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության 5.1 կետով եւս ընգծվում է վարչական դատարանի դատավորների թվաքանակն ավելացնելու խնդիրը:
Ինչ վերաբերում է դատավորների կենսաթոշակի հետ կապված հարցերին, ապա հարկ է նշել, որ այդ հարցերն իրենց կարգավորում են գտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածում։ Իր բնույթով, դատավորի կոնսաթոշակը դատավորի գործունեության նյութական եւ սոցիալական երաշխիքների կարեւոր բաղկացուցիչն է եւ դրա ապահովմանն ուղղված կարգավորումները պետք է նախատեսվեն դատավորի կարգավիճակը սահմանող հիմնարար իրավական ակտում։ Նման ակտ է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, որի 11-րդ գլուխը վերնագրված է «Դատավորի գործունեության նյութական, սոցիալական եւ այլ երաշխիքները» եւ ամբողջությամբ նվիրված է նշված հարցերի կարգավորմանը։ Դատավորի կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները չեն կարող լինել ժամանակավոր գործողության ակտի, այն է` օրենքը գործողության մեջ դնելու մասին օրենքի կարգավորման առարկա։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջրակվող նախագծով նախատեսվում է ավելացնել վարչական դատարանի դատավորների թիվը 10-ով:
Դատավորների թվաքանակի ավելացմանն ուղղված միջոցառումները, իհարկե, առաջնային են ՀՀ վարչական դատարանի գերծանրաբեռնվածության նվազեցման հարցում, սակայն բավարար չեն։ Դրան զուգահեռ, ուսումնասիրվում են վարչական դատարանի ծանրաբեռնվածությանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ՝ մասնավորպես ուղղված վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը վճարման կարգադրությունների վարույթներով, ինչպես նաեւ վարչական ակտի հիման վրա բռնագանձման հայցային վարույթներով նվազեցնելուն։
Իրավական տեխնիկայի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը չհամապատասխանող գործող օրենսդրական կարգավորման թերությունները վերացնելու նպատակով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դատավորների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունների կարգավորումը տեղափոխել ՀՀ դատական օրենսգիրք։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածում տեղ գտած կարգավորման համեմատ առաջարկվող տեղափոխման հետ զուգահեռ կատարվում է միայն մեկ փոփոխություն։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված գործով կարգավորման պայմաններում դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով հիմքերով պաշտոնից ազատված անձի պետական կենսաթոշակի նկատմամբ հավելավճարը սահմանում է բացառապես տարիքային կենսաթոշակի նկատմամբ: Դա գործնականում սահմանափակում է դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ հիշյալ հիմքերով պաշտոնից ազատված անձի սոցիալական ապահովության իրավունքներն այն առումով, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ։», մինչդեռ նշված անձը հիշատակված հիմքերով կարող է պաշտոնից ազատվել մինչեւ 63 տարին լրանալը` չունենալով առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ։
Առաջարկվող նախագծերով նախատեսվում է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով լիազորությունները դադարեցրած նախկին դատավորին վճարել կենսաթոշակ լիազորությունների դադարեցման պահից՝ հաշմանդամության կենսաթոշակից օգտվելու պահից սկսած, եւ ոչ թե տարիքային կենսաթոշակի հասնելու պահից:
Անհրաժեշտ է նկատել, որ նախագծերով առաջարկվող մոտեցումը եւ առողջության հետ կապված հիմքերով իր լիազորությունները դադարեցրած դատավորի պատշաճ նյութական ապահովման անհրաժեշտությունը ընդգծվում է նաեւ Դատավորի կարգավիճակի մասին Եվրոպական խարտիայում, որի 6-րդ հոդվածում, մասնավորապես նշված է, որ կապված իր մասնագիտական գործունեության հետ` դատավորի կարգավիճակն իրենից ենթադրում է նաեւ սոցիալական երաշխիքներ` կապված հիվանդության, հաշմանդամության, ծերության եւ այլնի հետ...
Բացի այդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հիվանդության կամ ժամանակավոր անաշխատունակության հիմքով իր լիազորությունները դադարեցնող դատավորների կենսաթոշակի վճարման հարցում՝ տարիքային կենսաթոշակի հասնելու տարիքից անկախ կենսաթոշակի վճարման նույնական մոտեցում է դրսեւորված նաեւ սահմանադրական դատարանի դատավորների պարագայում։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ...սահմանադրական դատարանի անդամի 65 տարին լրանալու դեպքում, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով վեց ամիu շարունակ uահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կատարել ի վիճակի չլինելու դեպքում, նշանակումից հետո այնպիuի ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում, որի հետեւանքով այլեւu ի վիճակի չէ կատարելու uահմանադրական դատարանի անդամի լիազորությունները, ինչպես նաեւ դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով uահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարման դեպքում նրան տրվում է կենuաթոշակ՝ իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի 75 տոկոսի չափով։
ՀՀ Սահմանադրության 6-րդ գլուխը, որը նվիրված է դատական իշխանությանը, դատավորների եւ սահմանադրական դատարանի դատավորների գործունեության երաշխիքների հետ կապված որեւէ տարանջատում չի նախատեսում։ Հետեւաբար, կենսաթոշակի եւ հավելավճարի կարգավորման բնագավառում անհրաժեշտ է, որպեսզի բոլոր դատավորների պարագայում նախատեսվի նույնական մոտեցում։
Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կնվազեցնի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը եւ համեմատաբար կկրճատվեն գործերի քննության միջին ժամկետները:
Միաժամանկ նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել դատավորների գործունեության նյութական եւ սոցիալական երաշխիքների միջազգային մոտեցումներին համահունչ համակարգ եւ տարբեր դատարանների դատավորների սոցիալական ապահովության հարցում հավասարեցված մոտեցում։