Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1401-08.11.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  փետրվարի 21-ի Դատական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասում «16» թիվը փոխարինել «26» թվով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 75.1-րդ  հոդվածով.

«Հոդված 75.1. Դատավորի կենսաթոշակը

1. Որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, տրվում է կենսաթոշակ՝     վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 55 տոկոսի չափով։

2. Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։

3. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն։

4.Միջին աշխատավարձը հաշվարկելու, կենսաթոշակի չափը հաշվարկելու, նշանակելու, վճարելու, կենսաթոշակի չափը վերահաշվարկելու, ստաժը հաշվարկելու կարգը,  ինչպես նաեւ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Միջին աշխատավարձը հաշվարկելիս` դատավորի աշխատավարձից հաշվարկված հարկերը հաշվի չեն առնվում:»։

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ին:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորին նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի փոխարեն նշանակվում է Օրենսգրքի 75.1-րդ հոդվածով սահմանված  կենսաթոշակ:

Եթե Օրենսգրքի 75.1-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (նշանակված) կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափից, ապա Օրենսգրքի 75.1-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (նշանակված)  կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափով:»: