Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1411-09.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաեւ սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհների կամ այլ ձեւով այնպիսի գումարների ստացումը, որոնց դիմաց գումարներ ստացողների մոտ, ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետական բյուջեից ստացվող սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհների եւ այլ գումարների` ավելացված արժեքի հարկով հարկման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում) սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները, սուբվենցիաները, դրամաշնորհները
Խնդիրը կայանում է նրանում, որ`

ա) շատ հաճախ պետական բյուջեից սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները, ըստ էության, տրամադրվում են պետության կամ երրորդ անձանց համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման համար, հետեւաբար այս դեպքում նշյալ գումարները ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկելը հիմնավոր չէ,

բ) պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկելը այդպիսի գումարներ ստացողների մոտ անհարկի բարդացնում է ավելացված արժեքի հարկի գծով հարկային հաշվառումը, քանի որ գործող օրենսդրության համաձայն, միաժամանակ ավելացված արժեքի հարկով հարկվող եւ չհարկվող գործարքներ իրականացնողները պարտավոր են վարել առանձնացված հաշվառում կամ կիրառել հաշվառման տեսակարար կշիռների մեթոդը, ինչը բավական բարդ ու աշխատատար գործընթաց է:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկել միայն այն դեպքերում, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ, ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհներն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհների` ավելացված արժեքի հարկով հարկման հետ կապված հարաբերությունները: