Հոդված 1
. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի`
1. 2-րդ կետի 2.7 եւ 2.7.1 ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2. 8-րդ կետի`
1) 8.5.2-րդ ենթակետից հանել «,բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի» բառերը.
2) 8.5.3-րդ եւ 8.5.5-րդ ենթակետերից հանել «, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Անհրաժեշտությունը
Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտի ներկա բարեփոխումներով, որոնք հիմնականում ուղղված են Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը: Կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային տեղ է տրվելու մասնագիտական կրթության ոլորտին: Նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում արդեն իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելուն: Շարունակելով ընթացիկ ծրագրերը` մշակվում են մասնագիտական կրթության համալիր վերակառուցման ռազմավարություն` բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Իրավական ակտի ընդունումը բխում է կրթական ոլորտում միասնական պետական քաղաքականություն, կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ուենալու, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու անհրաժեշտությունից ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով մասնագիտական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների եւ կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է:
Կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ եւ ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալը:
Կրթության կառավարման լիազորված մարմնի իրավասությունն է՝ մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների եւ որակավորումների բնութագրերի մշակումն ու հաստատումը՝ ըստ մասնագիտությունների եւ կրթական աստիճանների. մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը. մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը:
Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` լիցենզավորման եւ հավատարմագրման, ինչպես նաեւ որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ, ուսումնական հաստատության որակի գնահատում եւ (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:»:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
2012 թվականի հուլիսի 9-ին ուժի մեջ մտնող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 29 դեկտեմբերի 2011 թվականի ՀՕ-348-Ն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» 29 դեկտեմբերի 2011 թվականի ՀՕ-349-Ն, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 29 դեկտեմբերի 2011 թվականի ՀՕ-350-Ն ՀՀ օրենքները սահմանում են կրթական գործունեության լիցենզիայի նոր պայմաններ եւ պահանջներ, դրանց խախտումների համար նախատեսվող պատժամիջոցներ:
Քանի որ լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձեւակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները,ապա որպես կրթական համակարգի մաս, բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները զերծ կմնան բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների խախտման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պատժամիջոցների /այդ թվում նաեւ լիցենզիայի դադարեցում/ կիրառումից:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Բժշկական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները իրենց կրթական գործունեությունը ծավալում են ոլորտը կարգավորող օրենքներով եւ իրավական ակտերով, իրականացնում են կրթական ծրագրեր` ապահովելով սովորողների ուսուցումն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան: Սակայն կրթական գործունեության թույլտվությունը /լիցենզիան /ստանում են այլ գերատեսչությունից /ՀՀ առողջապահության նախարարությունից/:
Ոլորտը կարգավորող իրավական ակտերով բժշկական մասնագիտական կրթական ծրագրեր առանձնացված չեն: Այդպիսի ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները լիցենզիա ստանում են կրթական գործունեություն իրականացնելու համար, այսինքն լիցենզիան տրվում է կրթություն իրականացնելու համար, հետեւաբար նպատակահարմար է, որպեսզի այդ թույլտվությունը նրանց նույնպես տա կրթության կառավարման պետական լիազոր մարմինը, որը վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի եւ պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ, միաժամանակ պահպանելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ` լիցենզավորման միասնական կարգ եւ սկզբունքներ, լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության պահանջների խախտման համար պատասխանատվության միասնական չափանիշներ եւ տեսակներ սահմանելու լիցենզավորման սկզբունքները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամաբ ակնկալվում է մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ, եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացում` մասնագիտական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար հավասարապես` ապահովելով կրթության բնագավառի համար գերխնդրի` կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի արդյունավետ գործունեությունը:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ՀՀ բոլոր պետական բուհերի, այդ թվում նաեւ «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» լիազոր մարմինն է, իսկ 2013 թվականի ընթացքում /ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման հավելված 2/ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը կհանձնվեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: 2011-2012 թվականների ընթացքում այս ուսումնական հաստատություններում կճշգրտվեն եւ ավարտուն վիճակի կբերվեն առողջապահության ոլորտում առավել պահանջարկված մասնագիտությունների ցանկը եւ կիրականացվեն ենթակայության փոփոխման հետ կապված նախապատրաստական աշխատանքները: