Armenian ARMSCII Armenian
Կ-651-12.06.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրերսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 228-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:».

2) 4-րդ մասում «Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին կամ 2-րդ հավելվածներով սահմանված կադաստրային գնահատման կարգերով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված համապատասխան կադաստրային գնահատման կարգերով» բառերով.

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 229-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը

1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով.

1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս.

2) առանց բարելավումների (այդ թվում` միայն պարիսպով բարելավված) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար`

ա. բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի համար` 0.6 տոկոս,

բ. բնակավայրերի հողերից հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի համար` մեկ տոկոս,

գ. բնակավայրերի հողերից սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում չնշված հողերի համար` մեկ տոկոս,

դ. արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի համար` 0.25 տոկոս,

ե. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաեւ ջրային հողերի համար` 0.5 տոկոս,

զ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս.

3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք համարվող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 5-7-րդ կետերով սահմանված դեպքերի)`

Հարկման բազան
Հարկի դրույքաչափը
մինչեւ 10 միլիոն դրամը ներառյալ
0,05 տոկոս
10 միլիոն դրամից ավելի` մինչեւ 25 միլիոն դրամը ներառյալ
5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
25 միլիոն դրամից ավելի` մինչեւ 47 միլիոն դրամը ներառյալ
20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
47 միլիոն դրամից ավելի` մինչեւ 75 միլիոն դրամը ներառյալ
64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
75 միլիոն դրամից ավելի` մինչեւ 100 միլիոն դրամը ներառյալ
176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
100 միլիոն դրամից ավելի
326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

4) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «գ» ենթակետերով, ինչպես նաեւ 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող անհատական բնակելի տուն եւ այգետնակ համարվող անշարժ գույքի համար`


Հարկման բազան
Հարկի դրույքաչափը
մինչեւ 7 միլիոն դրամը ներառյալ
0.05 տոկոս
7 միլիոն դրամից ավելի` մինչեւ 23 միլիոն դրամը ներառյալ
3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
23 միլիոն դրամից ավելի` մինչեւ 50 միլիոն դրամը ներառյալ
19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
50 միլիոն դրամից ավելի` մինչեւ 85 միլիոն դրամը ներառյալ
73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
85 միլիոն դրամից ավելի` մինչեւ 120 միլիոն դրամը ներառյալ
213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
120 միլիոն դրամից ավելի
423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

5) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս.

6) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 6-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.25 տոկոս.

7) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս:»:

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետում «հողերը, բացառությամբ վարձակալության» բառերը փոխարինել «անշարժ գույքը, բացառությամբ վերջինիս վարձակալության» բառերով, իսկ «հողերի» բառը փոխարինել «լինելու դեպքերի» բառերով,

բ. 2-րդ եւ 6-րդ կետերում «հողերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

գ. 3-րդ կետում «հողամասերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

դ. 7-րդ կետում «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

ե. 8-րդ կետի «ա.» ենթակետում «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

զ. 8-րդ կետի «բ.» ենթակետում «շինությունների» բառը փոխարինել «անշարժ գույքի» բառերով, «եկեղեցիները» բառը փոխարինել «եկեղեցիների» բառով, «կառույցների» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով, «արհեստանոցների զբաղեցրած» բառերը փոխարինել «արհեստանոցների» բառով, «շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի» բառերը փոխարինել «անշարժ գույքերի» բառերով,

է. 9-րդ կետում «հողամասի» բառը` համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «անշարժ գույքը» բառերով` համապատասխան հոլովաձեւերով,

ը. 10-րդ եւ 14-րդ կետերում «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

թ. 15-րդ կետի առաջին պարբերությունում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները» բառերով, իսկ 15-րդ կետի «ա.» ենթակետում «շինություններ չհանդիսացող շինությունների» բառերը փոխարինել «անշարժ գույք չհանդիսացող գույքերի» բառերով,

ժ. 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաեւ նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի թվաքանակի եւ գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաեւ անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 2-րդ մասում «հողերի» բառը փոխարինել «անշարժ գույքի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 233-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները եւ Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները: Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները եւ Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար` 50 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար` 75 տոկոսի չափով, իսկ 2024 թվականի եւ հետագա հաշվետու տարիների համար` 100 տոկոսի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 238-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կադաստր վարող մարմինը,» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին եւ» բառերը, իսկ «1-ին եւ 2-րդ հավելվածներին» բառերը փոխարինել «2-րդ հավելվածին» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետում «2019» թիվը փոխարինել «2020» թվով.

3) 2-րդ մասում «Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին եւ 2-րդ հավելվածներով սահմանված` կադաստրային գնահատման կարգերով» բառերը փոխարինել «անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին եւ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. 2021 թվականի անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի եւ (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 4-րդ կետում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ սույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի քանակի վերաբերյալ, ինչպես նաեւ փոխադրամիջոցի գրանցման վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) կողմից տրամադրված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 447-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1 Մինչեւ Օրենսգրքի 11-րդ բաժնի ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում եւ ենթակա են կատարման մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը կադաստրային արժեքների հիման անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը եւ դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է:

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է նաեւ ՀՀ կառավարության ծրագրով, Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` Հարկային բարեփոխումների հայեցակարգով ամրագրված` անշարժ գույքի հարկը գույքի իրական շուկայական արժեքից հաշվարկելու ընթացակարգեր ներդնելու ծրագրային դրույթից:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող կադաստրային արժեքները:

Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս գործող կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցման շրջանակներում հնարավոր չի լինում ապահովել անշարժ գույքի լիարժեք հարկումը, ինչի հիմնական պատճառը կադաստրային արժեքների խիստ թերագնահատված լինելն է:

Այս առումով, հատկանշական է անշարժ գույքի հարկի մասով ՀՀ վիճակագրությունը եւ դրա համեմատությունը տարածաշրջանի եւ այլ զարգացած երկրների հետ: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարվող պետական ֆինանսների վիճակագրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0.2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, ՀՀ հարեւան երկրների, ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների շարքում 0.2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան եւ Ինդոնեզիան (0.1 տոկոս): Այստեղ հարկ է նշել նաեւ, որ, օրինակ, հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.1 տոկոս, Ռուսաստանում` 1.2 տոկոս, ԱՄՆ-ում` 2.7 տոկոս, Միացյալ Թագավորությունում` 1.4 տոկոս, Ճապոնիայում` 1.9 տոկոս, Իսրայելում` 2 տոկոս: Բավականին խոսուն է նաեւ անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը: Հայաստանի Հանրապետությունում այդ ցուցանիշը կազմում է 0.74 տոկոս: Այստեղ դիտարկվող երկրներից ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Մոլդովան` 0.49 տոկոս: Որպես այդ ցուցանիշով առաջատարներ, կարելի է ընդգծել Իսրայելը (7.75 տոկոս), Սինգապուրը (7.03 տոկոս), ԱՄՆ-ը (14.86 տոկոս), Ռուսաստանը (5.96 տոկոս): Հարկ է նշել, որ բավական բարձր ցուցանիշներ ունեն նաեւ Ղազախստանը (3.19 տոկոս) եւ Վրաստանը (4.2 տոկոս):

Հետեւաբար, վերոնշյալ համեմատություններից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը` որպես համայնքային բյուջեների եկամտի կարեւոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվում:
Մյուս կողմից, 2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի հաստատուն դրույքաչափի ներդրման համատեքստում տեսանելի հարստության եւ շքեղ գույքային միավորների համարժեք ու պրոգրեսիվ հարկման անհրաժեշտությունն առավել քան կարեւորվում է, քանի որ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի ապահովել պետության` վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը` դրանով իսկ ապահովելով տարբեր եկամտային խմբերում գտնվող անձանց հարկման արդար ու տրամաբանական համակարգ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Գույքահարկի համակարգային փոփոխությունների շրջակներում ուսումնասիրվել եւ վերլուծվել են Հայաստանի Հանրապետությունում գործող գույքային միավորների բոլոր խմբերի գծով հարկային պարտավորությունները (վերլուծվել են ավելի քան 1 միլիոն գույքային միավորներ): Բոլոր այդ խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի եւ սանդղակների մինչեւ հինգ տարբերակներ: Կատարված վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում կայացված որոշումների հիման վրա մշակված նախագծով առաջարկվում է`

1) կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Ընդ որում, նշյալ համակարգային փոփոխության շրջանակներում նախատեսվում է սահմանել նաեւ, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում ոչ թե հողի եւ դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի` որպես հողի եւ դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը,

2) սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաեւ նոր դրույքաչափեր,

3) վերացնել բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը` բնակարանների մասով մինչեւ 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչեւ 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ, որը կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը,

4) հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը, եւ նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

4. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի նոր համակարգն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման եւ կիրառության արդյունքում նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ` ապահովելով պետության` վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը: Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 մայիսի 2020 թվականի N 915 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 9
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 915-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ