Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-146-13.11.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «համարանիշը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հատկացվող» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`

1) քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու եւ վճարելու ժամանակ.

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:

Հոդված 3 . Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետում «անձի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով.

2) 4-րդ կետում «անձանց» բառը փոխարինել «քաղաքացիների» բառով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր եւ ամրագրվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերում` դրանք օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս (փոխանակելիս):».

2) 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

3) 4-րդ մասից հետո լրացնել 4.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:».

4) 5-րդ մասը «նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից» բառերով, իսկ  «կամ պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «պաշտոնատար կամ իրավասու այլ անձինք» բառերով:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվել են սոցիալական ապահովության քարտեր: «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի դրույթները տարածվում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով կատարվող փոփոխությամբ նախատեսվում է նշված դրույթը տարածել բոլոր այն անձնաց վրա ովքեր ստացել են սոցիալական ապահովության քարտեր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Մինչ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության մեջ դնելը ընդունվել եւ մինչ այժմ գործում են բազմաթիվ իրավական ակտեր, որոնցում կիրառվում է «սոցիալական ապահովության քարտ» հասկացությունը: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է հետեւյալը` Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է սոցիալական ապահովության քարտի (համարի) կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:

Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով կատարվող փոփոխությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրել նաեւ այն անձանց, ովքեր ժամանակին ստացել են սոցիալական ապահովության քարտ, սակայն հրաժարվում են դրանից կամ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ 419-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացել են հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանք եւ հրաժարվում են դրանից:

Բացի այդ իրավակիրառ պրակտիկայում մեկ միասնական քաղաքականություն իրականացնելու, օրենքի տարընթերցումներից եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվել է դրույթ հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառման վերաբերյալ:

Օրենքի նախագծի մյուս փոփոխությունները խմբագրական բնույթի են եւ նախատեսվում են «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները միմյանց համապատասխանեցնելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ կհստակեցվեն հանրային ծառայությունների համարանիշի հատկացման եւ կիրառման հետ կապված իրավահարաբերությունները:

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ 419-Ն որոշման մեջ: