Armenian ARMSCII Armenian
Պ-6541-12.06.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «թեկնածուների» բառը փոխարինել «թեկնածուի» բառով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից իննսուն օր առաջ, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրությամբ դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Ազգային ժողովի խմբակցություններ, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատ՝ նրանց կողմից Ազգային ժողովի նախագահի գրությունը ստանալու պահից՝ տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Խորհուրդը համարվում է ձեւավորված սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման օրվանից: Սահմանված ժամկետում որեւէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձեւավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ:»:

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Եթե Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը կամ Փաստաբանների պալատը սահմանված ժամկետում Խորհրդում անդամ չի նշանակում, ապա նույն մարմինը (պաշտոնատար անձը) անդամ կարող է նշանակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:»:

5) 8-րդ մասի «թափուր» բառը հանել, իսկ «թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց» բառերը փոխարինել «սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելուց» բառերով:

6) 9-րդ մասի «յուրաքանչյուր անդամի» բառերը փոխարինել «անդամի յուրաքանչյուր պաշտոնում» բառերով, իսկ «թափուր պաշտոններ համալրելու» բառերը՝ «անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու» բառերով:

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Հանձնաժողովի նորընտիր անդամը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն ստանձնում է այդ պաշտոնում նշանակվելուց հետո՝ անհապաղ, իսկ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտին նախորդող ժամանակահատվածում նշանակվելու դեպքում Հանձնաժողովի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Հանձնաժողովի համապատասխան անդամի լիազորությունների դադարման օրը:»:

Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի նախագահը մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով հայտարարում է մրցութային խորհրդի ձեւավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:».

2) 24-րդ եւ 25-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«24. Եթե մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, ապա Խորհուրդը հարցազրույցի արդյունքների ամփոփման հիման վրա հաստատում է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը՝ դրանում ներառելով այդ պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով:

25. Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում՝ թեկնածուների ցուցակը, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ կոնսենսուսի հիման վրա որոշմամբ նշանակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ: Եթե սահմանված ժամկետում մրցութային խորհրդի անդամ չի նշանակվում, ապա մրցութային խորհրդի անդամին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը:

3. Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձեւավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում:

4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձեւավորվող մրցութային խորհուրդը համարվում է ձեւավորված Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից մրցութային խորհրդի անդամ նշանակելու օրվանից:

5. Ազգային ժողովի նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու  նպատակով մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով հայտարարում է Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից մրցութային խորհրդի անդամ նշանակվելու օրվանից հետո`  30 օրվա ընթացքում: