Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կանոնադրական կապիտալի մեծությունը:
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի Հոդված 30-ում «հինգ հարյուր» եւ «երկու հարյուր» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուր» եւ «հիսուն» բառերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը ունի շատ վիճելի հոդվածներ: Դրանցից մեկն էլ հոդվածն 30-ն է՝ Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափի վերաբերյալ: Վերջինիս համաձայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ է ճանաչվել հինգ հարյուր մլն դրամը, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար՝ երկու հարյուր մլն դրամ սահմանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ ձեռնարկություններ, կազմակերպություններ, հաստատություններ, որոնք ունեն մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար աշխատակից կուզենային բացել այնպիսի հիմնադրամ, որը առավելագույնս կիրացներ նրանց կորպորատիվ շահը. մի քանի հազար աշխատող ունեցող համակարգը, ինչպես ցույց է տալիս արտասահմանի փորձը, ուզում է ձեւավորել մեկ միասնական ֆոնդ: Սա շահավետ է նաեւ հասարակության համար, քանի որ ստեղծվում են լրացուցիչ աշխատատեղեր: Սակայն հինգ հարյուր մլն դրամի շեմի առկայությունը գործնականում անհնարին է դարձնում փոքր բիզնեսի գործունեությունը ոլորտում: Նման մեծության կանոնադրական կապիտալ կարող են ձեւավորել նվազագույն թվով սուբյեկտներ, ինչի արդյունքում մեծ մասը ստիպված է լինելու դիմել իրենց կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի ծառայություններին: Ստացվելու է, որ ստեղծում են պետությանը հաճո մի քանի ֆոնդերից բաղկացած համակարգ, որտեղ մարդկանց նշանակումները լինելու են իշխանությունների՝ Կենտրոնական բանկի կողմից: Բացի այդ, օրենքում նման թվերով պահանջների առկայության դեպքում անհնարին է լինելու փոքր բիզնեսի մուտքը կենսաթոշակային ապահովագրական ոլորտ: