Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1482-15.11.2012-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք)    32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  16.1-րդ կետով.

« 16.1) տալիս է համայնքի  (վարչատարածքային միավորի) անվանումը  ֆիրմային անվանման մեջ  օգտագործելու թույլտվություն։»։

Հոդված 2.    Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3.1-րդ կետով.

« 3.1) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն։»։

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող  օրվանից: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ եւ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «ոգելից» բառին զուգահեռ օգտագործել «ալկոհոլային» բառը գործնականում ի հայտ եկած տարաբնույթ մեկնաբանություններից  խուսափելու համար։ Առաջարկվում է հանրային սննդի պատրաստման եւ իրացման օբյեկտների անալոգիայով տեղական տուրք գանձել նաեւ  ոգելից խմիչք եւ ծխախոտի արտադրանք իրացնող զվարճանքի օբյեկտներից, ապահովել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի կատարման օրենսդրական հնարավորություն եւ հանրային սննդի պատրաստման եւ իրացման օբյեկտներին գործունեության թույլտվություն տալու համար սահմանել տեղական տուրք։

Բացօթյա առեւտրի թույլտվության համար նախատեսված տուրքի դրույքաչափը կախված չէ զբաղեցրած տարածքի մակերեսից, եւ տարբեր չափի մակերեսներ զբաղեցրած  տնտեսվարողներ, վճարելով նույն չափի գումար, հայտնվում են տարբեր մրցակցային պայմաններում, ուստի առաջարկվում է սահմանվող դրույքաչափը պայմանավորել զբաղեցրած մակերեսի չափով։

Արդյունքում` տուրքերի գանձման տեսանկյունից, անհավասար դաշտ է ստեղծվում տնտեսվարողների համար:

Տեղական տուրքերի տեսակները եւ դրույքաչափերը սահմանվում են «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքով եւ ոլորտում կարգավորում կարող է մտցվել նշյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով, ինչպես նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքներում լրացումներ  կատարելու միջոցով:

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է գործող օրենսդրության մեջ առկա տարընթերցումները վերացմամբ եւ գործունեության որոշ տեսակների համար թույլտվության ստացման նախատեսմամբ եւ դրանց համար տեղական տուրքի վճարմամբ։

Առանց թույլտվության հասարակական սննդի կազմակերպման եւ իրացման ու առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները ֆիրմային անվանումներում  oգտագործելու համար պատասխանատվություն ՀՀ վարչական  իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված չէ եւ արդյունքում  նմանօրինակ իրավախախտումների կանխման նպատակով  դրանք  կատարող անձանց  նկատմամբ ներգործության իրավական համապատասխան լծակներ չկան։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող նախագծերի նպատակն է գործող օրենսդրության մեջ առկա տարընթերցումները վերացնել, նոր ձեւակերպումների  միջոցով հստակեցնել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների լիազորություններն ու պարտականությունները, գործունեության որոշ տեսակների համար նախատեսել  թույլտվության ստացում, տեղական տուրքի վճարում։

Կարգավորման խնդիրն է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելը, մասնավորապես տեղական տուրքերի դրույքաչափերի նկատմամբ կիրառվող գործակիցների մեծացմամբ ապահովել ըստ համայնքների տնտեսական զարգացման ներուժի տարբերակման ավելի լայն տիրույթ, դրան զուգահեռ կստեղծվի մրցակցային հավասար դաշտ բոլոր տնտեսվարողների համար: Հետեւանքը` զգալիորեն կաճի համայնքի բյուջեի մուտքերը:

Նախագիծը նպատակ ունի  քաղաքաշինական քաղաքականության իրականացման եւ առեւտրի ոլորտի զարգացման համար լրացուցիչ գործիքի ստեղծում: Դրույքաչափերի նկատմամբ կիրառվող գործակիցների մեծացմամբ հնարավորություն  կտա` ըստ գոտիավորման, ապահովել քաղաքի տարբեր շրջանների հավասարաչափ տնտեսական զարգացումը` (դրույքաչափերի նկատմամբ կիրառվող գործակիցների մեծացմամբ զուգահեռ կիրառել վարչական շրջանների գոտիավորման սկզբունքը) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի   1-ին մասի 3-րդ կետի պահանջի կատարումը։

«Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի       3-րդ կետի համաձայն՝ ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաuտան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները, Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպեu նաեւ ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան եւ ժառանգներ չունենալու դեպքում, կարող են oգտագործվել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

ՀՀ կառավարության 2000թվականի հունիսի 7-ի  Հ.289 որոշմամբ հաստատված  «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի» 3-րդ կետով սահմանվում է, որ եթե Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորի անվանման oգտագործմամբ ֆիրմային անվանումն իրավաբանական անձը բնորոշում է որպեu տվյալ վարչատարածքային նշանակության uուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորի անվանումն oգտագործվում է որպեu ֆիրմային անվանման` տարբերակող նշանակության անուն, ապա անհրաժեշտ է uտանալ մարզի անվանման համար` համապատաuխան մարզպետի, «Երեւան» բառն oգտագործելու համար` Երեւանի քաղաքապետի, Հայաuտանի Հանրապետության այլ քաղաքների ու գյուղերի անվանումների համար` համապատաuխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը:

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի     52-րդ հոդվածը եւ ««Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 32-րդ  եւ 40-րդ հոդվածները լրացվում են համապատասխան կետերով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող նախագծերը կնպաստեն օրենքով սահմանված կարգով տեղական տուրք վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորմանը տեղական տուրքերի սահմանման եւ վճարման հարցում։ Միաժամանակ հավասար մրցակցային պայմաններ կստեղծվի տնտեսվարողների համար։

Առաջարկվող փոփոխությունների  եւ լրացումների արդյունքում համայնքային բյուջեն կունենա հավելյալ մուտքեր, իսկ  առանց  թույլտվության հասարակական սննդի կազմակերպման եւ իրացման, ինչպես նաեւ առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները ֆիրմային անվանումներում  oգտագործելու  դեպքերում պատասխանատվություն սահմանելու նպատակ է հետապնդում։