Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների՝ (համայնքների ) անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.
«Առանց թույլտվության հասարակական սննդի կազմակերպումը եւ իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով.
Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասը «169.16-րդ» բառից առաջ լրացնել «169.14-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասում «169.14-րդ» բառից հետո լրացնել «հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով» բառերով։
Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը