ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության (22 փետրվարի 2007 թվականի ՀՕ-126-Ն) օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 59. Դատախազի համազգեստը
1. Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Անհրաժեշտությունը. Նշված նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում առկա օրենսդրական բացը լրացնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Բանն այն է, «Դատախազության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զինվորական կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեuտ:
Վկայակոչված նորմում առկա է հետեւյալ բացթողումը. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը վերնագրված է «Դատախազի համազգեստը», մինչդեռ` հոդվածի բովանդակությունից պարզ է դառնում, որ համազգեստը վերաբերում է միայն զինվորական կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն. Նշված նախագծի ընդունմամբ, գործող քաղաքականության մեջ, ըստ էության փոփոխություններ չեն կատարվի:
Կարգավորման նպատակը եւ բնույթը. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է շտկել վերոհիշյալ բացթողումը եւ համազգեստի կրումը տարածել ոչ թե միայն կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների, այլ բոլոր դատախազների վրա, մասնավորապես, ստորեւ ներկայացված մի շարք տեսանկյուններից, այսպես`
1) Դատախազների համազգեստ ունենալու անհրաժեշտությունը բխում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ դատախազության վրա դրված իրավունքների եւ պարտականությունների բնույթից:
Մասնավորապես, դատախազների կողմից մեղադրանքի պաշտպանության, հետաքննության եւ նախաքննության, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման oրինականության նկատմամբ հuկողություն եւ այլ գործառույթներ իրականացնելու պայմաններում անհրաժետություն է առաջանում դատախազներին համազգեստով ապահովելը, որը մի կողմից կնպաստի դատախազության նկատմամբ առավել հարգալից վերաբերմունքի, պատկառանքի, նրա` որպես պետության շահերը պաշտպանող ներկայացուցչի պետական հեղինակության բարձրացմանը, իսկ մյուս կողմից? դատախազների զգոնության բարձրացմանը եւ պատշաճ վարքագծի դրսեւորմանը:
Անշուշտ, դատախազին համազգեստով ապահովելն անհրաժեշտ է դատավարության մյուս մասնակիցներից տարբերվելու եւ իր մասնագիտական պարտքն առավել պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն իրականացնելու համար: Օրինակ հետաքրքրական է, որ Մակեդոնիայի «Դատախազության մասին» օրենքի 55-րդ հոդվածում դատախազների կողմից նույնիսկ դատարանում համազգեստ կրելու պարտականությունը սահմանում է հենց դատավարության մյուս մասնակիցներից տարբերվելու նպատակով:
2) Միեւնույն ժամանակ, համազգեստ, ինչպես նաեւ դասային աստիճանների տարբերանշաններ ունենալը, անշուշտ, կնպաստի նաեւ պետական աշխատանքային կատարողական կարգապահության եւ աշխատանքային գործունեության, նրանց վրա դրված լիազորությունների իրականացման արդյունավետության եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, կունենա նաեւ խորհրդանշական բնույթ:
Այս համատեսքտում տեղին է նշել, որ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` դատախազներին շնորհվում են դասային աստիճաններ, որոնք առարկայացնելու համար անհրաժեշտություն է համազգեստ ունենալը, եւ ըստ այդմ` դասային աստիճանների տարբերանշաններ ունենալը, քանզի դա կնպաստի նաեւ դատախազության համակարգի ներքին կարգապահության, զգոնության եւ պատշաճ վարքագծի դրսեւորմանն ու պահպանմանը:
ՀՀ դատախազության դատախազները, բացի իրենց վրա դրված պարտականությունների բնույթից, ունեն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Համեմատական կարգով նշենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր այն պետական ծառայողները, մասնավորապես` մաքսային ծառայողները, ոստիկանության ծառայողները, քրեակատարողական ծառայողները, դատական ակտերի հարկադիր կատարողները, դատական կարգադրիչները եւ այլն, այդ թվում նաեւ` զինվորական կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազները, ովքեր ունեն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններում զենք եւ հատուկ միջոցներ կրելու եւ գործադրելու իրավունք, կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ձեւի համազգեստներ եւ դասային աստիճանների կամ դասային կոչումների տարբերանշաններ, ինչը նպաստում է նաեւ վերջիններիս կողմից, օրենքով իրենց տրված զենքն ու հատուկ միջոցներն առավել զգոն եւ պատասխանատվությամբ օգտագործելուն կամ կիրառելուն:
3) Այս համատեքստում միջազգային փորձի ուսումնասիրությունը հուշում է, որ նույնիսկ մի շարք երկրներում դատախազներն ունեն երկու տեսակի համազգեստ, որոնք կրում են դատարանում մեղադրանք պաշտպանելիս եւ աշխատանքային օրերին: Այսպես, օրինակ` Ֆրանսիայում, ըստ «Դատախազության մասին» օրենքի, դատախազները հատուկ կարմիր համազգեստ են հագնում դատարանում մեղադրանք պաշտպանելիս, իսկ աշխատանքային օրերին սեւ համազգեստ, իսկ Լիտվայում, ըստ «Դատախազության մասին» օրենքի, դատարանում այլ համազգսետ, իսկ աշխատանքային օրերին հատուկ այլ համազգեստ:
Դատախազների համազգեստ կրելու պարտականությունը սահմանված է նաեւ մի շարք այլ երկրների օրենքներում, ընդ որում, երկրների մի մասում, այդ պարտականությունը ամրագրված է մի դեպքում միայն դատարանում մեղադրանք պաշտպանելիս (Մեծ Բրիտանիա, Մակեդոնիա, Ռուսաստան եւ այլն), մյուս դեպքում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս (Լիտվա, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, եւ այլն): Որոշ երկրներում էլ ուղղակիորեն նախատեսված է, որ պետությունը դատախազներին անվճար տրամադրում է համազգեստ (Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան եւ այլն):
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի եւ ՀՀ գլխավոր դատախազի իրավական հարցերով օգնականի կողմից:
Ակնկալվող արդյունքները. Նախագծով կվերացվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում առկա օրենսդրական բացը: