Հոդված 1 . «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 16. Գիտական կադրերի պատրաստումը: Գիտական աստիճանները եւ գիտական կոչումները
1.Գիտական կադրերի պատրաստման հիմնական ձեւերն են` ասպիրանտուրա, դոկտորանտուրա եւ հայցորդների համակարգ: Ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում, ինչպես նաեւ հայցորդների ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը:
2.Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումներ:
3.Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին կամ բարձրագույն ուսումնական հաստատություններին առընթեր մասնագիտական խորհուրդները: Գիտական աստիճանների շնորհման որոշումները հաստատում եւ համապատասխան վկայագրերով ամրագրում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով » գործակալությունը` հիմք ընդունելով որակավորման գործի ուսումնասիրությունը:
Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը, ինչպես նաեւ վկայագրերի նմուշները հաստատում է կառավարությունը:
4.Գիտական կոչումները շնորհում են գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդները: Գիտական կոչումների շնորհման որոշումները հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը` հիմք ընդունելով որակավորման գործի ուսումնասիրությունը:
Գիտական կոչումների շնորհման կանոնակարգը, ինչպես նաեւ դիպլոմների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.Գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր գիտության տվյալ բնագավառում ունեն որոշակի գիտական ավանդ եւ բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գիտական աստիճանաշնորհման պահանջներին:
Գիտական կոչման կարող են հավակնել այն անձինք, ովքեր զբաղվում են գիտամանկավարժական գործունեությամբ եւ բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գիտական կոչումների շնորհման պահանջներին:
6.Գիտական աստիճանները եւ (կամ) կոչումները, որոնք շնորհվել են նախկին ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի կողմից մինչեւ 1994 թվականը, պահպանում են իրենց իրավաբանական ուժը եւ հավասարեցվում են դրանից հետո շնորհված գիտական աստիճաններին եւ (կամ) կոչումներին:»:
Հոդված 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1.Անհրաժեշտությունը
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է ոլորտում առկա խնդիրներից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի շարադրանքը խրթին է, պարունակում է կրկնություններ, հասկացություններ, որոնք չեն բխում ոլորտը կարգավորող օրենքների էությունից եւ բովանդակությունից, ժամանակակից մոտեցումներից:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի 1-ին մասում, որպես գիտական կադրերի պատրաստման ձեւ, նշված է օրդինատուրան: Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով` բակալավրի եւ մագիստրոսի (կլինիկական օրդինատորի):
Օրենքի 4-րդ եւ 5-րդ մասերում «որպես կանոն» արտահայտությունը տարաբնույթ ընկալումների տեղիք են տալիս, եւ սահմանափակում է անձանց շրջանակը, ում կարող է շնորհվել գիտական կոչում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոչումներ տրվում են տարիների վաստակի, գիտության ոլորտում ներդրած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար` օրենքի գործող 16-րդ հոդվածի փոփոխությունը կընձեռի հնարավորություն կառավարության սահմանած կարգով եւ չափանիշների հիման վրա գիտական կոչումներ շնորհել գիտության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի վաստակաշատ աշխատողներին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողով, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն, ներգրավվել են նաեւ աշխատանքային խմբեր բուհերից եւ գիտական կազմակերպություններից:
6. Ակնկալվող արդյունքը
Գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումներ շնորհելու նոր կարգի եւ նոր չափանիշների հաստատումն է: