Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-153-22.11.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16. Գիտական կադրերի պատրաստումը: Գիտական աստիճանները եւ գիտական կոչումները

1. Գիտական կադրերի պատրաստման հիմնական ձեւերն են` ասպիրանտուրա, դոկտորանտուրա եւ հայցորդների համակարգ: Ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում, ինչպես նաեւ հայցորդների ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի եւ դոցենտի գիտական կոչումներ:

3. Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին կամ բարձրագույն ուսումնական հաստատություններին առընթեր մասնագիտական խորհուրդները: Գիտական աստիճանների շնորհման որոշումները հաստատում եւ համապատասխան վկայագրերով ամրագրում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով » գործակալությունը` հիմք ընդունելով որակավորման գործի ուսումնասիրությունը:

Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը, ինչպես նաեւ վկայագրերի նմուշները հաստատում է կառավարությունը:

4. Գիտական կոչումները շնորհում են գիտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդները: Գիտական կոչումների շնորհման որոշումները հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը` հիմք ընդունելով որակավորման գործի ուսումնասիրությունը:

Գիտական կոչումների շնորհման կանոնակարգը, ինչպես նաեւ դիպլոմների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր գիտության տվյալ բնագավառում ունեն որոշակի գիտական ավանդ եւ բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գիտական աստիճանաշնորհման պահանջներին:

Գիտական կոչման կարող են հավակնել այն անձինք, ովքեր զբաղվում են գիտամանկավարժական գործունեությամբ եւ բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գիտական կոչումների շնորհման պահանջներին:

6. Գիտական աստիճանները եւ (կամ) կոչումները, որոնք շնորհվել են նախկին ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի կողմից մինչեւ 1994 թվականը, պահպանում են իրենց իրավաբանական ուժը եւ հավասարեցվում են դրանից հետո շնորհված գիտական աստիճաններին եւ (կամ) կոչումներին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: