Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 56-58-րդ կետերով.
«56) ֆիլմարտադրողների կողմից ազգային ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենի եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերի անհատույց տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվին` մշտական պահպանության.
57) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում գովազդի տեղադրումը ` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.
58) կինոթատրոնում ֆիլմ ցուցադրելու գործունեությունը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-24-րդ կետերով.
«22) կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից եւ պետական բյուջեից տրամադրվող գումարները.
23) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.
24) կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-18-րդ կետերով.
«17) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.
18) կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին կատարվող մասհանումները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասը «նվազեցվում է» բառից հետո լրացնել «այլ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությանը կամ» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: