Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-154-23.11.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 նոյեմբերի 2007 թվականի ՀՕ-255-Ն) 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 30. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ։  Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանք կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվում են հատուկ քննչական ծառայության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ նրանց անվամբ հատուկ քննչական ծառայությունում գրանցված եւ համարակալված անձնական կնիքներ»։

ՀՈԴՎԱԾ 2.  Սույն օրենքն ուժի մեջ է  մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստ ունենալու  հանգամանքով:

Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստ ունենալու անհրաժեշտությունը բխում է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հատուկ քննչական ծառայողների վրա դրված իրավունքների եւ պարտականությունների բնույթից, մասնավորապես` հատուկ քննչական ծառայության քննիչների եւ նրանց վարույթում գտնվող քրեական գործերով դատավարության մասնակցող անձանց միջեւ հաճախ առաջացող բարոյահոգեբանական պատնեշը հաղթահարելու, այլ անձանց կողմից ծառայության աշխատակիցների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, պատկառանքի, ինչպեսեւ՝ ծառայության աշխատակիցների զգոնության բարձրացման, պատշաճ վարքագծի դրսեւորման եւ պահպանման նպատակներով:

Միեւնույն ժամանակ, համազգեստ, ինչպես նաեւ դասային աստիճանների տարբերանշաններ ունենալը, անշուշտ, կնպաստի նաեւ պետական աշխատանքային կատարողական կարգապահության եւ աշխատանքային գործունեության, նրանց վրա դրված լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը, կունենա նաեւ խորհրդանշական բնույթ:

Հատուկ քննչական ծառայության ծառայողները, բացի իրենց վրա դրված պարտականությունների բնույթից, որպես օրինակ նշենք, որ, համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, ունեն հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Համեմատական կարգով նշենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր այն պետական ծառայողները, մասնավորապես` մաքսային ծառայողները, ոստիկանության ծառայողները, քրեակատարողական ծառայողները, դատական ակտերի հարկադիր կատարողները, դատական կարգադրիչները եւ այլն, ովքեր ունեն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններում զենք եւ հատուկ միջոցներ կրելու, գործադրելու իրավունք, կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ձեւի համազգեստներ եւ դասային աստիճանների կամ դասային կոչումների տարբերանշաններ, ինչը նպաստում է նաեւ օրենքով տրված զենքն ու հատուկ միջոցներն առավել զգոն եւ պատասխանատվությամբ օգտագործելուն կամ կիրառելուն: Այնուհանդերձ, համազգեստ ունեն նաեւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ազգային անվտանգության մարմինների, պետական պահպանության ծառայության մարմինների զինծառայողները, փրկարար ծառայության ծառայողները, զինվորական կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազները եւ այլն:

Միեւնույն ժամանակ, նշենք նաեւ, որ « Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի համաձայն հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում է դասային աստիճաններ, որոնք առարկայացնելու համար եւս անհրաժեշտ է ունենալ դրան համապատասխան տարբերանշաններ։

Այսպիսով, հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստ եւ դասային աստիճաններին համապատասխան տարբերանշաններ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է  «Հատուկ քննչական ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով ծառայողների վրա դրված լիազորությունների բնույթից:

Հետեւաբար, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, որը արդեն իսկ սահմանում էր Հատուկ քննչական ծառայության վկայականի եւ կնիքի վերաբերյալ նորմեր, ամբողջությամբ խմբագրվել է, եւ կատարվել են համապատասխան լրացումներ՝ վերը նշված դրույթների ամրագրմամբ։