Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-515-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1.
Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` համաձայն հետեւյալ ժամանակացույցի.
Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը չի վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին եւ ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «հաշվառում վարելը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սույն օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Հաշվապահական Հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը առավել կանոնակարգված ձեւով վարելու պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս «Հաշվապահական Հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաշվապահական հաշվառումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն սահմանված չէ, ինչի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հաշվառապահակն հաշվառումը վարում են հաշվապահական հաշվառման կամայական ծրագրերով: Վերջինս դժվարացնումէ հարկային մարմինների կողմից արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է, սահմանել որ կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` համաձայն հետեւյալ ժամանակացույցի.
ա) նախորդ տարվա համախառն եկամտի ցուցանիշով 1,0 մլրդ. դրամի շեմը հաղթահարած կազմակերպությունները` 2013 թվականի հուլիսի 1-ից,
բ) նախորդ տարվա համախառն եկամտի ցուցանիշով 500,0 մլն. դրամի շեմը հաղթահարած կազմակերպությունները` 2014 թվականի հուլիսի 1-ից,
գ) նախորդ տարվա համախառն եկամտի ցուցանիշով 100,0 մլն. դրամի շեմը հաղթահարած կազմակերպությունները` 2015 թվականի հուլիսի 1-ից,
4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հաշվապահական հաշվառման համակարգի կանոնակարգմանը:
5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հաշվապահական հաշվառման վարման համակարգչային ծրագրերի կիրառության պահանջներն են:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմինների կողմից իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը: