Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-166-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածում`

1) 3-րդ մասում «սահմանափակման» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ մասում նշված դեպքերի)» բառերը,

2) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ մաս.

«3.1. Սույն հոդվածի աղյուսակի «18.Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ստացած անձինք իրավունք ունեն զբաղվելու միայն այդ գործունեության տեսակներով` դրանց իրականացման համար ստացած համապատասխան լիցենզիաների հիման վրա: Սույն հոդվածի աղյուսակի «18.Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ունեցող անձանց կողմից սույն մասում նշված գործունեության տեսակներից եւ դրանց իրականացման արդյունքում ստացված կամ ներմուծված արտադրանքի իրացումից, օտարումից բացի այլ ապրանքների արտադրությունն ու իրացումը (օտարումը) կամ ներմուծումն ու իրացումը (օտարումը) կամ ձեռքբերումն ու իրացումը (օտարումը), բացառությամբ աղյուսակի «18.Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ստացած անձանց պատկանող հիմնական միջոցների իրացման (օտարման), համարվում է արգելված գործունեություն եւ առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Հիմնավորում

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոգելից խմիչքների (օղի, գինի, գարեջուր) արտադրության լիցենզիա ստացած անձանց ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներով զբաղվելու հնարավորության սահմանափակումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ ոգելից խմիչքների արտադրության լիցենզիա ստացած անձինք իրավունք ունեն ստացած լիցենզիային համապատասխան գործունեությանը զուգահեռ զբաղվել նաեւ ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներով: Խնդիրը կայանում է նրանում, որ նման հնարավորության առկայութանը ոգելից խմիչքների արտադրության լիցենզիա ստացած անձանց համար հարկումից խուսափելու հնարավորություններ է ստեղծում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ոգելից խմիչքների ատադրության լիցենզիա ստացած անձանց թույլատրել զբաղվել միայն ստացած լիցենիային համապատասխան գործունեության տեսակով եւ դրա իրականացման արդյունքում ստացված արտադրանքի իրացումով կամ օտարումով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոգելից խմիչքների արտադրության լիցենզիա ստացած անձանց ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներով զբաղվելու հնարավորությունն է:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է, սահմանել, որ ոգելից խմիչքների արտադրության լիցենզիա ստացած անձինք իրավունք ունեն զբաղվելու միայն ստացած լիցենիային համապատասխան գործունեության տեսակով եւ դրա իրականացման արդյունքում ստացված արտադրանքի իրացումով կամ օտարումով: