Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ճշտված հաշվարկներ:
Հոդված 2. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից:
Հոդված 3. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից:
Հոդված 4. 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողներն ազատվում են այդ հաշվարկներով առաջացող հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող տույժերից եւ տուգանքներից:
Սույն հոդվածին համապատասխան ճտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանների համար:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն եւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն օրենքները:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ 2013 թվականի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկերի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողների համար հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» (2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն) եւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» (2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, ստեղծվել են անհավասար պայմաններ եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի շրջանում: Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ այլ հարկային պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերը չեն կարող օգտվել նշված օրենքներով սահմանված արտոնությունից, քանի դեռ չեն մարել այդ այլ հարկային պարտավորության գծով առաջացած ապառքները:
Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված ճշտված հաշվարկները հարկերի լրացուցիչ գումարներով ներկայացնելու դեպքում այդ գումարների գծով առաջացող տույժերն ու տուգանքները հարկ վճարողներին հաճախ հետ են պահում ճշտված հաշվարկներ ներկայացնելուց: Արդյունքում, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկային պարտավորության գումարները կարող են արձանագրվել կամ չարձանագրվել հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ (չարձանագրվելու դեպքը կապվում է պատասխանատվության միջոցների կիրառության վաղեմության ժամկետը լրանալու հանգամանքի հետ):
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
ա) անհատ ձեռնարկատերերին (որոնք դեռեւս չեն օգտվել նախկինում կիրառված նմանատիպ արտոնություններից) ազատել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից,
բ) անհատ ձեռնարկատերերին (որոնք դեռեւս չեն օգտվել նախկինում կիրառված նմանատիպ արտոնություններից) ազատել 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից,
գ) 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողներին ազատել այդ հաշվարկներով առաջացող հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող տույժերից եւ տուգանքներից:
4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկման հավասարության սկզբունքի ամրապնդմանը:
5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան նախորդ տարիներից կուտակված հարկային ապառքներն են:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար ձեւավորվել հավասար պայամաններ: Բացի այդ, նախագծով առաջարկվող լուծումները կխթանեն, որպեսզի հարկ վճարողները ներկայացնեն ճշտված հաշվարկներ` հայտարարագրելով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտները: