Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ճշտված հաշվարկներ:
Հոդված 2. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից:
Հոդված 3. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից:
Հոդված 4. 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողներն ազատվում են այդ հաշվարկներով առաջացող հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող տույժերից եւ տուգանքներից:
Սույն հոդվածին համապատասխան ճտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանների համար:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն եւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն օրենքները:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: