Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-673-23.06.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների (այսուհետ՝ Հիմնադրամ) իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում էանձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հիմնադրամի մասին օրենսդրությունը

1.Հիմնադրամի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Հիմնադրամների մասին» օրենքից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:

2.Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

3.«Հիմնադրամների մասին» օրենքի դրույթները տարածվում են Հիմնադրամի վրա, եթե սույն օրենքով առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ սահմանված չեն:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անձեռնմխելի կապիտալ՝ Հիմնադրամի ակտիվների համախումբ, որը ձեւավորվում եւ համալրվում է սույն Օրենքով սահմանված կարգով եւ նպատակներով նվիրատուների տրամադրած՝ սույն օրենքով թույլատրելի գույքից եւ չի կարող ծախսվել կամ օտարվել այլ կերպ, քան սույն օրենքով նախատեսված ներդրումներ իրականացնելով, հանգեցնելով դրա նվազմանը.

2) թույլատրելի գույք՝ դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ, սույն օրենքում նշված չափանիշներին համապատասխանող արժեթղթեր եւ ածանցյալ ֆինանսական գործիքներ, անշարժ գույք կամ այլ գույք, որը ենթադրում է մշտական եւ պարբերական եկամուտ իր էությունից ելնելով.

3) նվիրատու՝ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով՝ նվիրատվությամբ կամ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակով Հիմնադրամին անհատույց թույլատրելի գույք տրամադրած անձ.

4) շահառու՝ անձ կամ անձանց խումբ, որի օգտին, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, կատարվում է որոշակի վճարում, մատուցվում է ծառայություն կամ փոխանցվում է որոշակի գույք.

5) անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտ՝ անձեռնմխելի կապիտալի կառավարման արդյունքում գոյացած եկամուտ.

6) ներդրումային ծառայություն մատուցող անձ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով նախատեսված ներդրումային ծառայություն մատուցող անձ.

7) հավատարմագրային կառավարիչ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գույքի հավատարմագրային կառավարիչ.

8) գույքի կառավարման այլ մասնագիտացված անձ՝ անձեռնմխելի կապիտալում ներառված ակտիվների կառավարման ոլորտում մասնագիտացված անձ:

Հոդված 4. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

1.Հիմնադրամը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է մշակույթի, կրթության, սպորտի, գիտության, առողջապահության, սոցիալական եւ այլ ոչ առեւտրային բնագավառներում գործունեություն իրականացնելու համար:

2.Հիմնադրամի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

3.Հիմնադրամը չի կարող ստեղծվել որոշակի ժամկետով:

Հոդված 5. Հիմնադրամի գործունեության սահմանափակումները

1.Հիմնադրամը չի կարող՝

1) անձեռնմխելի կապիտալը ծախսել կամ օտարել այլ կերպ, քան սույն օրենքով սահմանված ներդրումներ իրականացնելով՝ հանգեցնելով դրա նվազմանը.

2) սույն օրենքով չնախատեսված՝ եկամուտ ապահովող գործունեությամբ.

3) վերակազմակերպվել:

Հոդված 6. Հիմնադրամի կանոնադրությունը
1.Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվում է նրա՝

1) անվանումը, որը պետք է ներառի «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» արտահայտությունը.

2) գտնվելու վայրը.

3) նպատակները.

4) անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաեւ Հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա կողմից ամրացրած սկզբնական այլ գույքի չափը՝ գնահատված անկախ գնահատողի կողմից եւ տեսակները.

5) գույքի տեսակները, որոնք Հիմնադրամը պատրաստ է ընդունել որպես անձեռնմխելի կապիտալ.

6) գույքի կառավարման քաղաքականությունը, այդ թվում՝ դրամական միջոցների ներդրումային քաղաքականությունը, նշելով թույլատրելի ակտիվների ցանկը եւ ռիսկայնության չափանիշները, որոնցում Հիմնադրամը կարող է ներդնել անձեռնմխելի կապիտալը.

7) շահառուները.

8) կառավարման մարմինների կազմավորման կարգը եւ իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

9) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների՝ իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման չափն ու վճարման կարգը.

10) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ դառնալու հնարավորություն նախատեսելու դեպքում՝ պատվավոր անդամ դառնալու համար նվիրատուի կողմից տրամադրվելիք դրամական միջոցների նվազագույն չափը.

11) վերստուգիչի լիազորությունները.

12) լուծարման կարգը.

13) գործունեությանն առնչվող այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

2.Կանոնադրությունում փոփոխությունները չեն կարող վերաբերել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերին:

3.Կանոնադրությունում կատարված փոփոխությունները 5-օրյա ժամկետում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/),:

Հոդված 7. Հիմնադրամի կառավարման մարմինները

1.Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) Հիմնադրամի տնօրենը:

2.Հիմնադրամն ունի վերստուգիչ:

3.Սույն օրենքին եւ Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը`

1) Հաստատում է Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունը անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալից ստացած եկամտի օգտագործման եւ բաշխման վերաբերյալ.

2) հաստատում է Հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձեւերը, ուղղությունները եւ սահմանաչափերը.

3) Կանոնադրությամբ սահմանված կառավարման եւ ներդրումային քաղաքականության համաձայն՝ որոշում է կայացնում անձեռնմխելի կապիտալում ներառված ակտիվների կառավարման վերաբերյալ, այդ թվում՝ որոշում է օգտվել ներդրումային ծառայություն մատուցող անձանց, գույքի հավատարմագրային կառավարչի կամ գույքի կառավարման այլ մասնագիտացված անձանց ծառայություններից, կատարում է անկախ աուդիտորի ընտրությունը.

4) հաստատում է անձեռնմխելի կապիտալից ստացած եկամտի օգտագործման եւ բաշխման տարեկան ծրագիրը եւ դրա լրացումները եւ (կամ) փոփոխությունները.

5) սահմանում է Հիմնադրամի տնօրենի վարձատրության չափը.

6) իրականացնում է օրենքով եւ Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4.Հիմնադրամի տնօրենը՝

1) համաձայն հոգաբարձուների խորհրդի որոշման՝ իրականացնում է անձեռնմխելի կապիտալի կառավարումը, որոշմամբ նախատեսված դեպքում պայմանագրեր կնքում ներդրումային ծառայություն մատուցող անձանց, հավատարմագրային կառավարչի կամ գույքի կառավարման այլ մասնագիտացված անձանց հետ եւ վերահսկում դրանց կատարումը.

2) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումները եւ (կամ) փոփոխությունները.

3) իրականացնում է օրենքով եւ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

5.Կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի հնարավորություն նախատեսված լինելու դեպքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ կարող է դառնալ եւ խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել՝ խորհրդի կանոնադրությամբ սահմանված չափաքանակով դրամական միջոցներ տրամադրած նվիրատուն (իրավաբանական անձի դեպքում՝ նրա ներկայացուցիչը, իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում՝ նրա իրավահաջորդի ներկայացուցիչը, կտակի դեպքում՝ կտակարարի ժառանգը կամ կտակակատարը):

Հոդված 8. Հիմնադրամի գույքը

1.Հիմնադրամի գույք կարող են լինել՝

1) անձեռնմխելի կապիտալը.

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտները.

3) անձեռնմխելի կապիտալից առանձնացված եւ այդ կապիտալի կառավարման ու Հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցները:

2.Անձեռնմխելի կապիտալի ձեւավորումը, համալրումը եւ կառավարումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով, ինչպես նաեւ Հիմնադրամի կանոնադրությամբ եւ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով սահմանված կարգով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3.Անձեռնմխելի կապիտալից առանձնացված եւ այդ կապիտալի կառավարման ու Հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների ձեւավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի կողմից Հիմնադրամին ամրացված գույքը.

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված տարեկան եկամտի մինչեւ 10 տոկոսը:

4.Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դրամական միջոցների եւ գույքի համար վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված եւ իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:

Հոդված 9. Անձեռնմխելի կապիտալի ձեւավորումը եւ համալրումը

1.Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված դրա համար առանձնացված` Հիմնադրամի բանկային հաշվին ՀՀ քաղաքացիական օրենդրության համապատասխան կազմված նվիրատվության պայմանագրի եւ (կամ) կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակի հիման վրա դրամական միջոցների, Հիմնադրամի արժեթղթերի հավշին արժեթղթերիփոխանցման եւ (կամ) Հիմնադրամին անշարժ գույքի կամ իր էությունից ելնելով մշտական եւ պարբերական եկամուտ ենթադրող գույքի փոխանցման պահից:

2.Անձեռնմխելի կապիտալի համալրումն անձեռնմխելի կապիտալը կազմող սկզբնական գույքի ավելացումն է: Անձեռնմխելի կապիտալի համալրված մասն անձեռնմխելի կապիտալի բաղկացուցիչ մասն է:

3.Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման ժամանակ դրամական միջոցներից եւ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերից բացի այլ գույքի արժեքը գնահատվում է անկախ գնահատողի կողմից:

4.Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման աղբյուրներն են՝

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները.

2) կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների:

5.Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուր կարող է լինել նաեւ Հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումը:

6.Անձեռնմխելի կապիտալը կարող է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:

7.Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը սույն օրենքի իմաստով չի հանդիսանում թույլատրելի գույք կամ, եթե գույքը ստացվել է սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով չնախատեսված աղբյուրից, ապա Հիմնադրամը պարտավոր է գույքը ստանալուց հետո՝ 10 բանկային օրվա ընթացքում գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները, վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն փոխանցել պետական բյուջե: Հիմնադրամը տվյալ գույքը համարվում է չստացած:

Հոդված 10. Անձեռնմխելի կապիտալի կառավարումը

1.Անձեռնմխելի կապիտալը կառավարվում է բացառապես սույն հոդվածով նախատեսված կարգով:

2.Հիմնադրամը իրավասու է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար, կառավարումն առանձնացված իրականացնելու նպատակով, ստեղծել մի քանի անձեռնմխելի կապիտալներ: Այդ պարագայում հիմնադրամը պարտավոր է վարել առանձնացված հաշվառում եւ իրականացնել առանձնացված կառավարում:

3.Հիմնադրամը պարտավոր է վարել անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման, կառավարման, կառավարումից ստացված եկամուտը շահառուներին բաշխելու հետ կապված բոլոր գործարքների հաշվապահական հաշվառումը:

4.Անձեռնմխելի կապիտալի կառավարելիս Հիմնադրամի կառավարման մարմինները պարտավոր են գործել ելնելով Հիմնադրամի շահառուների շահերից:

5.Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա նվազմանը:

6.Անձեռնմխելի կապիտալի դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ներդրվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 40-րդ հոդվածով նշված այն ակտիվներում, որոնք Հիմնադրամի կանոնադրությամբ համարվում են անձեռմխելի կապիտալի համալրման ենթակա ակտիվ:

7.Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում հավատարմագրային կառավարիչի վրա տարածվում են գույքի կառավարման նույն սահմանափակումները, ինչ Հիմնադրամի տնօրենի:

Անձեռնմխելի կապիտալի հավատարմագրային կառավարման ընթացքում կնքվող գործարքները պետք է կնքվեն ՀՀ օրենքների եւ իրավական ակտերի, այդ թվում ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

Հոդված 11. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամտի տնօրինումը

1.Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտն անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան տրամադրվում է շահառուներին, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ անձեռնմխելի կապիտալից ստացվող եկամտի այն մասի, որը ծրագրով նախատեսվել է օգտագործվել Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում չծախսված եկամուտը խորհրդի որոշմամբ ուղղվում է անձեռնմխելի կապիտալի համալրմանը:

Հոդված 13. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը

1.Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերն են՝ շենքերի, շինությունների կամ տարածքների վարձակալության, հիմնական միջոցների ձեռքբերման, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման, սույն օրենքով նախատեսված դեպքում աուդիտի անցկացման, Հիմնադրամի աշխատակիցների աշխատանքի վարձատրության եւ Հիմնադրամի կամ նրա առանձին կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման հետ կապված ծախսերը:

Հոդված 14. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը

1.Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը ներառում է՝

1) տվյալ տարվա ընթացքում իրականացվող՝ Հիմնադրամի կանոնադրական նպատակները.

2) տվյալ տարվա ներդրումային քաղաքականությունը, ակտիվների կառավարման քաղաքականությունը.

3) կանխատեսվող եկամուտները եւ ծախսերը.

4) նախատեսվող միջոցառումները.

5) շահառունները.

6) շահառուների միջեւ անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտների բաշխման կարգը եւ համամասնությունները.

7) վարչակառավարչական տարեկան ծախսերի ֆինանսավորման չափը.

8) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:

2.Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը հաստատում, ինչպես նաեւ դրանում լրացումներ կամ փոփոխություններ կատարում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ Հիմնադրամի տնօրենի առաջարկությամբ:

3.Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը, ինչպես նաեւ դրանում կատարված լրացումները եւ փոփոխությունները Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում ներկայացվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնին՝ Հիմնադրամի արխիվային գործում պահպանման համար, ինչպես նաեւ հրապարակվում եւ տրամադրվում է նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

Հոդված 15. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1.Եթե Հիմնադրամի տարեկան շրջանառությունը հաշվետու տարում գերազանցում է 10 միլիոն դրամը, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը, ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից, որին ընտրում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

2.Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը եւ ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հիմնադրին, ինչպես նաեւ ըստ պահանջի՝ նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

Հոդված 16. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

1.Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, Հիմնադրամը Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`

1) տարեկան հաշվետվություն իր գործունեության մաuին, որը պետք է պարունակի տեղեկություններ Հիմնադրամին հատկացված դրամական միջոցների, ֆինանuական տարում oգտագործված միջոցների ընդհանուր չափի մասին, անձեռնմխելի կապիտալի ծրագրի իրականացման մասին տեղեկություններ, այդ թվում՝ ֆինանuական տարում Հիմնադրամից ստացված եւ ծախսված դրամական միջոցների ընդհանուր չափը, շահառուներին կատարված վճարումների չափը, մատուցված ծառայությունները եւ (կամ) նրանց փոխանցված գույքի ծավալը.

2) իր ֆինանuական գործունեության աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը (աուդիտի ենթարկվելու դեպքում):

2.Տարեկան հաշվետվությունն անհարժեշտության դեպքում ուղարկվում է նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

3.Տարեկան հաշվետվության ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

4.Նվիրատուները (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգները եւ կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն Հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ Հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եւ բաշխված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ Հիմնադրամի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:

Հոդված 17. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

1.Սույն օրենքի, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2.Եթե Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի պահանջելու տրամադրված միջոցները 10-օրյա ժամկետում վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե:

3.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից՝ Հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց եւ իր կողմից նշված ողջամիտ ժամկետում Հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:

4.Հիմնադրամը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Հոդված 18. Հիմնադրամի լուծարումը

1.Հիմնադրամը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ՝ շահագրգիռ անձանց դիմումով, եթե`

1) Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, եւ անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) ստեղծման օրվանից երեք տարվա ընթացքում Հիմնադրամը չի կարողանում հասնել անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով նախատեսված որեւէ նպատակի.

3) իր գործունեությամբ Հիմնադրամը շեղվել է իր կանոնադրությամբ կամ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով նախատեսված նպատակներից.

4) Հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) Հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրությանը հակասող գործունեություն.

6) սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը չի կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել.

7) Հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն Հիմնադրամի գրանցումը մերժելու համար:

2.Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ Հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից Հիմնադրամին տրամադրած միջոցների չափին համապատասխան, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:

Հոդված 19.

1.Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող oրը:

2.Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը uտեղծված այն կազմակերպությունները, որոնց անվանման մեջ պարունակվում են «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են uահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը` դրանից հանելով «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով տվյալ կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1.օրենքների նախագծերը,

2.օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3.գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը: Խնդրում ենք օրենքներիի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

4.Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ