Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-161-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընդերքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀO-280-Ն օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «իրավաբանական անձ (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպություն)» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` կազմակերպություն)» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույտվության իրականացրած գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հիմնավորում

«Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործողների շրջանակի վերանայման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) օրենդրությամբ սահմանված ժամկետում չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառության հստակեցման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, ընդերքօգտագործողներ կարող են համարվել միայն իրավաբանական անձինք: Խնդիրը կայանում է նրանում, որ օրենսդրությամբ նման սահմանափակման կիրառությունը ստեղծում է ձեռնարկատիրական գործունեության անհավասար պայմաններ:

Միաժամանակ, «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է ապօրինի գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: Խնդիրը կայանում է նրանում, որ հարկային օրենսդրության համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելը չի համարվում ապօրինի գործունեություն, ինչը նշանակում է, որ օրենսդրական դրույթների միջեւ առկա է անհամապատասխանություն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

1) անհատ ձեռնարկատերերին նույնպես համարել ընդերքօգտագործողներ,

2) հստակեցնել, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույտվության իրականացրած գործունեություն, եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գործունեության հավասար պայմանների ձեւավորմանը եւ օրենսդրության հստակեցմանը:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ընդերքօգտագործողների շրջանակն է ու ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) օրենսդրությամբ սահմանված ժամկետում վերաձեւակերպելու օրենսդրական պահանջը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ձեւավորեն ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմաններ եւ հստակեցնել առկա օրենսդրական դրույթները: