Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-163-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.
 
«9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան
բազային տուրքի 50-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի գանձման լիազորությունը կազմակերպություններին պատվիրակված լինելու դեպքում, եթե սույն օրենքով սահմանված ժամկետներում դրանց կողմից չվճարված պետական տուրքի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը կիրառում է արգելանք` ապահովելով պետական տուրքի գծով պարտավորությունների կատարումը: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաեւ գույքի տնoրինման, տիրապետման կամ oգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` պետական տուրքի պարտավորությունների չափով: Ընդ որում, նշված արգելանքից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը հրաժարվել չի կարող, քանի դեռ պետական տուրքի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար պետական տուրք սահմանելու, ինչպես նաեւ պետական տուրքի գանձման լիազորությունը կազմակերպություններին պատվիրակված լինելու դեպքերում գանձված պետական տուրքի գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցումն ապահովելու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար պետական տուրք նախատեսված չէ, մինչդեռ նմանատիպ այլ թույլտվությունների տրամադրման համար սահմանված են պետական տուրքեր,

Միաժամանակ, գործող օրենքի համաձայն, պետական տուրքի գանձման լիազորություն ունեցող կազմակերպությունների կողմից պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքերում լիազոր մարմնի ղեկավարի կողմից արգելանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե պետական տուրքի չվճարված գումարը գերազանցում է 5 մլն. դրամը: Ընդ որում, արգելանք կարող է կիրառվել միայն կազմակերպության բանկային հաշիվների նկատմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ արգելանքի կիրառության առկա մեխանիզմները լիազոր մարմնին հնարավորություն չեն ընձեռում` լիարժեք ձեւով ապահովելու գանձված պետական տուրքի գումարների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման գործառույթը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար սահմանել պետական տուրք` բազային տուրքի 50-ապատիկի չափով:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից արգելանքի կիրառության համար հիմք հանդիսացող` պետական տուրքի չվճարված գումարի 5 մլն. դրամի շեմը իջեցնել մինչեւ 500 հազ. դրամ: Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանել, որ արգելանք կարող է կիրառվել ոչ միայն կազմակերպության բանկային հաշիվների վրա, այլ նաեւ այլ գույքի վրա` պետական տուրքի պարտավորությունների չափով:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային մարմինների կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախադրյալների ձեւավորմանը, ինչպես նաեւ հարկումից չարամտորեն խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար սահմանվող պետական տուրքն է եւ պետական տուրքի գծով չկատարված պարտավորությունների մասով հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու համակարգը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար սահմանել պետական տուրք,

2) կատարելագործել պետական տուրքի գծով չկատարված պարտավորությունների մասով հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու համակարգը: