Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-162-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «5 տոկոսի» եւ «10 տոկոսի» բառերից առաջ լրացնել «հանրագումարի» բառը,

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մաս.

«2. Կանխիկ դրամով վճարումների կատարման եւ (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքները կիրառվում են`

1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ,

2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների եւ այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ,

3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների եւ այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ,

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների եւ այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված խախտումները արձանագրվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է կանխիկ դրամով վճարումների կատարման ու ընդունման թույլատրելի սահմանաչափերը խախտելու դեպքերում օրենքով սահմանված տուգանքների հաշվարկման ու կիրառության հետ կապված մոտեցումների հստակեցման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ սահմանված են կանխիկ դրամով վճարումների կատարման ու ընդունման սահմանաչափերը, որոնք չպահպանելու դեպքերում կիրառվում են օրենքով նախատեսված տուգանքներ: Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ տուգանքների մեծության հաշվարկման ալգորիթմը եւ կիրառության մոտեցումները գործող օրենքով հստակեցված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հստակեցնել «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուգանքների կիրառության մոտեցումները:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է օրենսդրական դրույթների հստակեցմանը:

5. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան կանխիկ դրամով վճարումների կատարման ու ընդունման սահմանաչափերը չպահպանելու դեպքերում կիրառվող տուգանքների հաշվարկման մոտեցումներն են:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հստակեցնել կանխիկ դրամով վճարումների կատարման ու ընդունման սահմանաչափերը չպահպանելու դեպքերում կիրառվող տուգանքների հաշվարկման մոտեցումները: