Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1591-28.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկային գործակալի վրա» բառերը փոխարինել «հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության գործերը վարող անձի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաեւ կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով» բառերով:

Հոդված 2 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեության մասով հարկերի (բացառությամբ` հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի եւ տեղական հարկերի) հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կատարում է համատեղ գործունեության գործերը վարող անձը:

Այն դեպքերում, երբ համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, համատեղ գործունեությունը կարող է վարվել մեկից ավելի մասնակիցների կողմից, համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կատարում է մասնակիցների կողմից գրավոր լիազորված անձը:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձը մինչեւ համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

Համատեղ գործունեության (այդ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների) մասով հարկային պարտավորությունների կատարման համար գործունեության մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման առումով մասնակիցների կողմից վարվում է առանձնացված հաշվառում:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվարկային եւ վճարային փաստաթղթերը դուրս են գրվում հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, իսկ պայմանագրով նախատեսված դեպքում` նաեւ գործեր վարող այլ մասնակիցների կողմից` հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի անունից:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորությունները հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացվում են հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, որոնցում արտացոլվում են անմիջականորեն հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի, ինչպես նաեւ համատեղ գործունեության ընդհանուր ցուցանիշները (արդյունքները):

Մասնակիցների կողմից կատարված ներդրումներին վերաբերող՝ ակտիվների ձեռքբերման հաշվարկա-վճարային փաստաթղթերը (կցելով ակտիվների քանակներն արտացոլող հանձնման-ընդունման ակտը) փոխանցվում են համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձին:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 11.1-րդ հոդվածը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում «հաստատագրված վճարներ» բառերից հետո լրացնել «, շրջանառության հարկեր» բառերը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) «ե» կետում «ստուգումների (ուսումնասիրությունների) համար» բառերից հետո լրացնել «, այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագիր դիտորդի կարգավիճակով մուտք գործելու հնարավորություն» բառերը,

2)  «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ռուսերեն եւ անգլերեն լեզուներից տարբերվող օտար լեզվով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները.»:

Հոդված 6. Օրենքի 15.1-րդ հոդվածը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկ վճարողները 2014 թվականի հունվարի 1-ից կարող են էլեկտրոնային եղանակով դուրս գրել սույն օրենքի N4 հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքները ուղեկցող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաշվարկային փաստաթղթեր:»:

Հոդված 7 . Օրենքի 16-րդ հոդվածի`

1) երրորդ պարբերության «բ» կետում «500.000» թիվը փոխարինել «մեկ միլիոն» բառերով, իսկ «գ» կետը «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանման» բառերը,

2) վեցերորդ պարբերությունում «անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման» բառերից հետո լրացնել «կամ հաշվառումից հանման» բառերը, իսկ «(գործունեության դադարեցման» բառերից հետո լրացնել «, պետական հաշվառումից հանման» բառերը,

3)  յոթերորդ եւ ութերորդ պարբերություններում «սեփականատերերի» բառը փոխարինել «հիմնադիրների (մասնակիցների)» բառերով,

4) ութերորդ պարբերությունում «անհատ ձեռներեցի գործունեության դադարումից» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանելուց» բառերը, «կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը» բառերը փոխարինել «կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձի  վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը» բառերով:

Հոդված 8. Oրենքի 16.1-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «գործառնություն չի կատարել» բառերից հետո լրացնել «, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը» բառերը:

Հոդված 9 . Oրենքը 16.1-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 16.2-րդ հոդվածով.

«Հոդված 16.2 Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային մարմնում բացված անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տուգանքների կրկնապատկման կամ ժամկետների հաշվառման մասով): Սույն պարբերության կիրառման իմաստով անձնական հաշվի քարտերի միջեւ մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման ամսաթվից), իսկ մինչեւ վերակազմակերպման գրանցման օրը հարկային մարմիններին ներկայացված հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում (այսուհետ` սույն հոդվածում հաշվարկ) ճշգրտումները կատարվում են (ճշտված հաշվարկները ներկայացվում են) անկախ փոխանցման ակտերում կամ բաժանիչ հաշվեկշիռներում փոփոխություններ կատարելու հանգամանքից:

Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավանախորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) ավարտվել է` անկախ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետներից:

Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) դեռ չի ավարտվել:

Իրավահաջորդ իրավաբանական անձի կողմից իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար ներկայացվող հաշվարկներում (այդ թվում` ճշտված) պարտադիր նշվում է իրավանախորդ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

Իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող անձնական հաշվի քարտերում հետագայում վերահաշվարկներ կատարվելու դեպքում (ճշտված հաշվարկների, ստուգումների կամ վերստուգումների, գանգատարկման հանձնաժողովի որոշումների, դատարանի որոշումների հիման վրա կամ օրենքի ուժով) կատարվում է նաեւ անձնական հաշվի քարտերի միջեւ տեղափոխված մնացորդների փոփոխություն, այնուհետեւ` իրավահաջորդ իրավաբանական անձի անձնական հաշվի քարտերում կատարվում են համապատասխան վերահաշվարկներ:»:

Հոդված 10. Օրենքի 17.1-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկ վճարողի մոտ նշանակում է» բառերը փոխարինել «հարկ վճարողի մոտ կարող է նշանակել» բառերով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում «տալ համապատասխան բացատրություններ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձեւով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները» բառերը:

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում`

1) «հարկ վճարողի հարկային պարտավորությունը» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված» բառերը,

2) «հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի» բառերը փոխարինել «համախառն եկամտի մեջ 25 տոկոս հաշվարկային հարկվող շահույթի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «2 ամսից ավելի» բառերը, «15 օրվա համար» բառերը փոխարինել «15 լրացած օրվա համար» բառերով, «վճարման ենթակա» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով, իսկ «` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված» բառերը փոխարինել «հաշվարկված ընդհանուր» բառերով:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում «բյուջե չմուծված կամ պակաս մուծված» բառերը փոխարինել «պակաս հաշվարկված» բառերով,

2) երկրորդ պարբերությունում՝

ա.առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության կամ դրա կասեցման ընթացքում կամ ուսումնասիրությունից հետո ուսումնասիրվող (ուսումնասիրված) ժամանակաշրջանին վերաբերող ավելացված արժեքի հարկի հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»:

Հոդված 15. Օրենքը 25-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-րդ եւ 25.2-րդ հոդվածներով.

«Հոդված 25.1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համակարգչային ծրագրերով հաշվապահական հաշվառում վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով չվարելու կամ հարկային մարմնի կողմից պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով դրան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագիր դիտորդի կարգավիճակով մուտք գործելու հնարավորություն չտալու դեպքում գանձվում է տուգանք հինգ միլիոն դրամի չափով:

Հոդված 25.2. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները արտադրանքի, ապրանքների պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքը չի կիրառվում օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողների նկատմամբ` գործունեության այդ տեսակների մասով:»:

Հոդված 16 . Օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

ա) անձնական գույքի (ներառյալ նաեւ անշարժ) եւ իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

բ) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:

Հոդված 17 . Օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչեւ հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):»:

Հոդված 18 . Օրենքի 28-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերությունում «կրկնական» բառը փոխարինել «երկրորդ» բառով, իսկ «երրորդ» բառից հետո լրացնել «եւ ավելի» բառերը,

2) երրորդ պարբերությունում «Սույն հոդվածի կիրառման իմաստով» բառերից հետո լրացնել «օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարված» բառերը,

3) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածք:

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչեւ տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դրվում է արգելանք: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչեւ խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը եւ պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:»,

4) հինգերորդ պարբերությունում «վաճառքի (իրացման) միջին» բառերից հետո լրացնել «կշռված» բառը:

Հոդված 19. Օրենքի 28.5-րդ հոդվածում «500» թիվը փոխարինել «100» թվով:

Հոդված 20 . Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 23-27, 28.5-րդ եւ 31-րդ հոդվածների համաձայն հաշվարկված հարկային պարտավորությունները եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վնասի հատուցման գումարները հաշվարկվում եւ գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում եւ գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միեւնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում են եւ քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք:

Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերություններին համապատասխան ակտով առաջադրված գումարը վճարվում է այն ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերությունում «ցանկերի տեսքով» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը,

2) ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերության 1-ին կետի «գ» եւ «է» ենթակետերը,

3) երրորդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:»:

Հոդված 22 . Օրենքի 30.1-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածի առաջին պարբերության իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:»,

2) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթներից` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր եւ հաշվետվություներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»:

Հոդված 23 . Օրենքի 31-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «կրկնապատիկի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս երկու միլիոն դրամից» բառերը:

Հոդված 24 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-րդ հոդվածով.

«Հոդված 34.1. Այն դեպքերում, երբ հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման:»:

Հոդված 25 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 47-րդ հոդվածով.

«Հոդված 47. Սնանկ ճանաչված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաեւ հարկային օրենսդրությունը եւ հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:»:

Հոդված 26 . Օրենքի հավելված 4-ով սահմանված կարգի`

1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կարգով սահմանված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր վարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկ վճարող հանդիսացող անձանց վրա:»,

2) 2-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունում «նույն հասցեում» բառից հետո լրացնել «գտնվող կամ» բառերը,

բ. երրորդ պարբերությունում «իր առաքման վայրերից կամ կետերից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մաքսատնից (մաքսակետից)» բառերը,

գ. չորրորդ պարբերությունում «գործակալության պայմանագրերով» բառերից հետո լրացնել «կամ վերամշակման» բառերը, իսկ «հետ վերադարձվող» բառերից հետո լրացնել «կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող» բառերը,

3) 7-րդ կետում «վայրի» բառից հետո լրացնել «(կետի)» բառը, իսկ «վայրում» բառից հետո՝ «(կետում)» բառը,

4) 11-րդ կետի 4-րդ ենթակետում «ապրանքների» բառից հետո լրացնել «քանակը եւ» բառերը,

5) 13-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն հավելվածի իմաստով վերանորոգման եւ համանման աշխատանքները ներառում են նաեւ հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման եւ նմանատիպ այլ համակարգերի շահագործումն ու պահպանումը:»,

6) 13-րդ կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-10-րդ ենթակետեր.

«8) մաքսատնից (մաքսակետից) ապրանքի առաքումը,

9) արտադրության եւ սպառման թափոնների տեղափոխումը,

10) 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով առաքումը եւ տեղափոխումը:»:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող համատեղ գործունեության մասով Օրենքի 6.1-րդ հոդվածի դրույթների կիրառման նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա պարտապանի հարկային պարտավորությունների հաշվարկման դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացրած տեղեկատվության վրա:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված չկատարված հարկային պարտավորությունները անհուսալի համարվելու համար հարկային պարտավորությունների սահմանաչափը տարածվում է նաեւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարտավորությունների բռնագանձման ավարտված կատարողական վարույթների վրա: Իրավաբանական անձի լուծարմանը, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցմանը կամ հաշվառումից հանմանը նախորդող ժամանակաշրջանների թաքցրած հարկվող օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունները Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված համապատասխան անձանց վրա դնելու հինգ տարվա դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված հարկային պարտավորությունների մասով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով, իսկ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները:

Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:

Հիմնավորում

«Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի ներկայացումը հիմնականում պայմանավորված է տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի համակարգի ներդրման, գործարար միջավայրի բարելավման, ստուգումների կազմակերպման եւ անցկացման առավել արդյունավետ ընթացակարգերի ու մեխանիզմների սահմանման, հարկային օրենսդրության եւ հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքների կիրառության ընթացքում առաջացած որոշակի խնդիրների վերացման, ինչպես նաեւ նշյալ օրենքով չկարգավորված որոշակի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Գործող օրենսդրության համաձայն`

1) տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները ԱԱՀ վճարողներ չեն համարվում եւ վճարում են շահութահարկ կամ եկամտահարկ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կամ եկամտահարկի վճարումը ենթադրում է, որ նշյալ տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են վարել եկամուտների ու ծախսերի բարդ ու աշխատատար հարկային հաշվառում, ինչը փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտների համար բավական դժվար լուծելի խնդիր է,

2) կարգավորված չեն առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացնելու դեպքում հարկային պարտավորությունների հաշվարկման, հաշվետվությունների ներկայացման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ հարկային հաշիվների դուրսգրման հետ կապված հարաբերությունները,

3) հարկ վճարողի կողմից առաքվող կամ տեղափոխվող ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման հնարավորություն նախատեսված չէ,

4) հարկ վճարողների կողմից իրացվող ապրանքների շրջանառության ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար սահմանված գործիքները հարկային մարմնին հնարավորություն չեն տալիս իրականացնել լիարժեք հսկողություն հարկ վճարողների  կողմից իրացվող ապրանքների շրջանառության ծավալների նկատմամբ,

5) անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթերով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու ընթացակարգեր նախատեսված չեն,

6) ընդերքօգտագործողների մոտ հարկային մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու սահմանափակումները արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորություն չեն ընձեռում,

7) գործարար ծրագրեր իրականացնող եւ նոր աշխատատեղեր ստեղծող ռեզիդենտների համար հարկային խթաններ նախատեսված չեն,

8) հարկ վճարողները, օրենքով սահմանված կարգով, վճարում են շահութահարկի նվազագույն գումարներ, անգամ այն դեպքում, երբ գործում են ցածր շահութաբերությամբ կամ վնասով,

9) սահմանված է հիմնական միջոցների ամորտիզացիայի գծային մեթոդը, որը ենթադրում է հիմնական միջոցների առանձին միավորների գծով աշխատատար հարկային հաշվառման իրականացում եւ միաժամանակ, չի խրախուսում հիմնական միջոցների մեջ ներդրումների կատարումը,

10) շահութահարկի գծով ճշտված հաշվարկների ներկայացման հնարավորությունները խիստ սահմանափակ են,

11) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտների հարկման դրույքաչափերը որոշ դեպքերում հարկային պլանավորման ու դրանով իսկ` հարկումից խուսափելու հնարավորություններ են ընձեռում,

12) ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց շրջանակը, որոշ դեպքերում, տարընկալումների տեղիք է տալիս,

13) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կազմակերպությունների կանոնադրական կապիտալում գույքային ներդրումների կատարումը, առանց որեւէ սահմանափակման եւ նախապայմանի, ավելացված արժեքի հարկից ազատելը ստեղծում է հարկումից խուսափելու հնարավորություններ,

14) արտահանման գործարքների ժամանակ պահանջվում է այնպիսի փաստաթղթերի ներկայացում, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն առկա է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում (արտահանման հայտարարագրեր, «բեռը ստացված է» նշումով մաքսային հայտարարագրի առկայության վերաբերյալ տեղեկանք),

15) առանց հարկային հաշիվների իրացումներ կատարելու դեպքում հարկվող շրջանառությունը 20 տոկոսով ավելացնելու համակարգը խնդիրներ է ստեղծում ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային մարմնի համար,

16) ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար նախատեսված` պատասխանատվության կիրառման համակարգն արդարացի չէ, քանի որ տուգանքի չափը որեւէ կերպ չի կապվում պակաս վճարված կամ չվճարված հարկի գումարի հետ,

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով նախատեսվում է`

1) տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար ներդնել շրջանառության հարկի համակարգ, որի կիրառությունը ենթադրում է, որ հարկային պարտավորությունը հաշվարկվելու է պարզ հարկային հաշվառմամբ` շրջանառության նկատմամբ որոշակի տոկոսներով:

2) շրջանառության հարկ վճարողների հարկային բեռը թեթեւացնելու ու հարկային հաշվառումը պարզեցնելու նպատակով սահմանել, որ շրջանառության հարկ վճարողները՝
 


3)  առանց նոր իրավաբանական անձ կազմավորելու, համատեղ գործունեության մասով հարկ վճարողներին հարկերի հաշվարկման եւ վճարման հնարավորության ընձեռում,

4) 2014 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ չհամարվող այլ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման հնարավորությունների ստեղծում եւ այդ հաշվարկային փաստաթղթերով իրականացվող առաքումների եւ տեղափոխումների մասով գրանցման գրքերում գրանցումներ կատարելու պահանջի վերացում,

5) խոշոր հարկ վճարողների մոտ (հաշվետու տարվա որեւէ ամսում իրացումից հասույթի կամ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 մլն. դրամի շեմը գերազանցած հարկ վճարողներ) ստուգումների եւ չափագրումների ընթացքում, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ ստուգումների ընթացքում հայտնաբերվող արտադրանքի, ապրանքների պակասորդի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հայտնաբերման եւ տուգանքի կիրառության համակարգի ներդրում: Մասնավորապես, նախատեսվում է, որ խոշոր հարկ վճարողների մոտ նշյալ տուգանքները կիրառվելու են չափագրումների արդյունքների հիման վրա անցկացվող ստուգման շրջանակներում, որոնցից առաջինը կարող է կատարվել հարկային մարմնի ղեկավարի հանձնարարականով, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ երրորդ ստուգումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր թույլտվությամբ: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտադրանքի, ապրանքների պակասորդի նկատմամբ տուգանքի կիրառության նպատակով կատարվող ստուգումների թիվը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել երեքը,

6) հարկ վճարողի նկատմամբ իրականացվող հարկային հսկողության համար անհրաժեշտ՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով կազմված փաստաթղթերի` հայերեն թարգմանված տարբերակները ներկայացնելու պահանջի սահմանում,

7) անփաստաթուղթ ապրանքներ հայտնաբերելու դեպքերում չփաստաթղթավորված ապրանքների արգելադրման հնարավորությունների ստեղծում, քանի դեռ պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն,

8) ընդերքօգտագործողների մոտ հարկային մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու հնարավորությունների ընդլայնում,

9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտներին (բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտների) հնարավորության ընձեռում` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցնելու գործարար ծրագրի շրջանակներում համապատասխան տարվա ընթացքում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը,

10) 2014 թվականի հունվարի 1-ից նվազագույն շահութահարկի համակարգի վերացում` զուգահեռաբար կատարելագործելով շահութահարկի գծով կանխավճարների համակարգը այնպես, որ կանխավճարներ չկատարվեն միայն այն դեպքում, երբ հարկային մարմնին ներկայացվում է գործունեությունը դադարեցնելու մասին դիմում (գործող օրենսդրությամբ սահմանված է, որ նոր հիմնադրված հարկատուն, կամ այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում ԱԱՀ վճարող չի համարվել, կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել: Բացի այդ, գործող օրենսդրությամբ սահմանված են կանխավճարների չափերը ինքնուրույն որոշելու հնարավորություններ, այն դեպքերի համար, երբ նախատեսվում է, որ ընթացիկ տարվա հարկվող շահույթը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է լինելու),

11) 2014 թվականի հունվարի 1-ից ամորտիզացիոն մասհանումների կատարման խմբավորված (փուլինգային) համակարգի ներդրում,

12) բոլոր ծառայությունների դիմաց հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտների հարկում հարկային գործակալների կողմից` 20 տոկոս դրույքաչափով,

13) շահութահարկի գծով ճշտված հաշվարկների ներկայացման համակարգի համապատասխանեցում այլ հարկատեսակների մասով կիրառվող համակարգերին,

14) ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց շրջանակի հստակեցում,

15) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարվող ներդրումների` ավելացված արժեքի հարկից ազատում միայն այն դեպքում, եթե՝

16) արտահանման գործարքների ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում,

17) առանց հարկային հաշիվների իրացումներ կատարելու դեպքում հարկվող շրջանառությունը 20 տոկոսով ավելացնելու համակարգի վերացում,

18)  ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար նախատեսված` պատասխանատվության կիրառման համակարգի վերանայում` տուգանքների չափերը կապելով պակաս վճարված կամ չվճարված հարկի գումարի հետ:

4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը . Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորմանը, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրության հստակեցմանը, պարզեցմանը, տարընկալումների վերացմանը, արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորությունների ձեւավորմանը, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:

5.Կարգավորման առարկան . Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան հարկային օրենսդրությունը եւ հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքներն են:

6 . Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ձեւավորել գործունեության նպաստավոր պայմաններ, բարելավել գործարար միջավայրը, հստակեցնել, պարզեցնել հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրությունը վերացնել տարընկալումները, ձեւավորել արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորություններ, սահմանափակել հարկումից խուսափելու հնարավորությունները: